Cosmo-ն առաջարկում է մի քանի խորհուրդներ, որոնք հնարավոր է՝ քեզ ևս օգտակար լինեն: 

Պատրաստեց Գայանե Գալստյանը

Օծանելիքով օծվիր այնտեղ, որտեղ համբույրի ես սպասում»,-ասել է Կոկո Շանելը: Համոզված եմ գիտես՝ ինչ մեծ դեր ունի օծանելիքը մեր կյանքում: Իսկ ինչպե՞ս ընտրել քեզ համապատասխան բույրն ու ճիշտ օգտագործել այն, հատկապես այս շոգ եղանակին: 

Ընտրիր միայն փորձելուց հետո

Օծանելիքի ընտրությունն անհատական է: Մասնագիտացված խանութներում սովորաբար հաճախորդներին առաջարկվում է փորձել բույրը (ցանկալի է մի քանի ժամում), հասկանալ՝ այն քեզ համար է, թե` ոչ: Եթե օծանելիքը մաշկի վրա պահպանվում է 4 ժամից ավելի քիչ, ապա այն «քոնը» չէ: Հաշվի առնենք մեկ հանգամանք ևս. հնարավոր է՝ օծանելիքի բույրը քեզ դուր գա, բայց քո մաշկի վրա այն փոխվի: Ամեն բուրմունք բաղկացած է երեք ակորդից, որոնք իրենց հերթին կազմված են տարբեր նոտաներից, դրանք, մաշկի հետ շփվելով, յուրովի են բացահայտվում՝ այսպիսով դառնալով յուրաքանչյուրի համար անհատական:

Ամռանը՝ ցիտրուսային, թարմեցնող բույրեր

Շոգ եղանակին նախընտրելի են թարմեցնող օծանելիքները, որոնք բաղադրության մեջ ունեն ցիտրուսային մրգեր (գրեյպֆրութ, նարինջ, կիտրոն և այլն), սակայն, այս դեպքում ևս մեծ դեր ունի մաշկի գործոնը. կախված մաշկի տեսակից՝ բույրը կարող է ավելի մեղմ կամ սուր թվալ:

Շոգ եղանակին՝ eua de toilette

Եթե չես ցանկանում փոխել օծանելիքդ և այն ցիտրուսային չէ, ապա աշխատիր օգտագործել նույն բույրի eau de toilette-ի: Ցանկացած բույր լինում է երկու տեսակի՝ eua de parfume և eau de toilette: Parfume-ի բոլոր բաղադրիչներն ավելի խիտ են, և բույրն ավելի հագեցած է հնչում, իսկ Toilette-ը ավելի թեթև ու նուրբ է՝ նախատեսված հենց ամռան համար:

Եթե չես ուզում շատ հագեցած բույր

Եթե ցանկանում ես բուրել ավելի թեթև, քան eau de toilette օգտագործելիս, ապա կարող ես փորձել նույն օծանելիքի լոսյոնը և գելը (банная линия):

Այնտեղ, որտեղ զարկերակն է

Որպեսզի բույրն ամբողջովին «բացվի», պետք է օծել այն մաքուր ու չոր մաշկի վրա, հիմնականում այնտեղ, որտեղ բարակ մաշկ է և զգացվում է զարկերակը՝ ականջի բլթակի հետևում, դաստակի զարկերակին, ծնկնի ետնամասում, կրծքի տակ: Իսկ վերին շրթունքի փոսիկում մի կաթիլ օծելու դեպքում բոլոր նրանք, ովքեր քեզ կմոտենան, անմիջապես կզգան քո բույրը:

Հա, չմոռանամ ասել՝ պետք չէ տարվել հագուստն օծելով, քանի որ բույրը բացահայտվում է միայն տաք մաշկին հպվելիս:
Եթե նույնիսկ ցանկանում ես անընդհատ զգալ ինքդ քո բույրը, ապա մի չարաշահիր օծանելիքի օգտագործումը. նախ դա սխալ է էսթետիկայի տեսանկյունից, և բացի այդ՝ քո մաշկին համապատասխան օծանելիք ընտրելու դեպքում դու միշտ կզգաս այն:

P.S. Բույրերը մի զարմանալի հատկություն ունեն, դրանք կարող են մանկուց մնալ մարդու հիշողության մեջ ու պահպանվել ամբողջ կյանքում: Այժմ գուցե չհիշես, օրինակ` մայրիկի սիրելի օծանելիքի բույրը, սակայն, ենթագիտակցության մեջ քեզ դուր եկած բուրմունքները պահպանվում են, և օծանելիք ընտրելիս դու շատ հաճախ առանց գիտակցելու առաջնորդվում ես նաև այդ հիշողությամբ ու ընտրում նման բաղադրությամբ օծանելիք: Եվ մի անհանգստացիր հարյուրավոր բույրերից ընտրություն կատարելիս. վստահիր ներքին ձայնիդ, դու ինքդ կզգաս, որն է քո բույրը:

Խորհուրդները՝ Նունե Մանուկյանի

«Բուրմունք» խանութ-սրահի վաճառքի խորհրդատու

Լոսւանկարները` ըստ Shutterstock-ի