Յուրաքանչյուր ամիս մենք պատասխանում ենք գեղեցկության վերաբերյալ ձեր բազմաթիվ հարցերին:

Հ. Ո՞րն է կարճ թարթիչները կլորացնելու լավագույն տարբերակը:

Պ. Կլորացրու հենց արմատներից: Մի քանի վայրկյան այդպես պահելու դեպքում կստանաս առավելագույն արդյունք, և թարթիչներդ ավելի երկար կթվան: «Իսկ ահա մեջտեղից կամ թարթիչների ծայրից կլորացնելու դեպքում թարթիչներդ էլ ավելի կարճ կթվան»,- ասում է ոճաբան Քորթնի Ակային:

Հ. Արդյո՞ք անհրաժեշտ է եղանակի հետ փոխել դեմքի լոսյոնը:

Պ. Այո՛: Տարածված տարբերակը յուղային հիմքի վրա լոսյոն ընտրելն է, որը պահում է խոնավությունը մաշկի տակ: «Սա հարմար է նորմալ և չոր, սակայն ոչ յուղոտ, ակնեի հակվածություն ունեցող մաշկի համար»,- նշում է մաշկաբան Հովարդ Սոբելը: Ամենից արդյունավետ տարբերակը ցանկացած մաշկի համար հիալուրոնային թթու պարունակող լոսյոնն է, որը խոնավացնում է մաշկը և չի խցանում ծակոտիները:

Հ. Իմ եղունգները մշտապես պատված են լաքով: Արդյո՞ք դա կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Պ. Լաքն, ըստ էության, պաշտպանում է եղունգներն արտաքին վնասակար ազդեցությունից: «Սակայն լաքը հեռացնող հեղուկը կարող է եղունգների շերտավորում ու կոտրտվածություն առաջացնել իր բաղադրության մեջ մտնող ացետոնի կամ սպիրտի պատճառով»,- ասում է մաշկաբան Ռոբին Շաֆրանը: Լաքը մաքրելուց հետո թեթևակի խարտիր եղունգներդ և վրան մերսող շարժումներով քսիր կոսմետիկ յուղ: Թող մոտ 5 րոպե, այնուհետև օճառով լվա ձեռքերդ և նորից պատիր լաքով:

Հ. Իմ կոսմետոլոգը խորհուրդ է տալիս չսափրել բիկինիի հատվածը էպիլյացիայի սեանսների միջև ընկած շրջանում: Իսկ կարելի՞ է կտրել անցանկալի մազերը:

Պ. Այո՛, կարելի է: Միայն հաշվի առ, որ էպիլյացիայի համար մազերը պետք է որոշակի երկարություն ունենան: «Քանի որ կտրելու դեպքում, ի տարբերություն սափրելուն, մազերն ամբողջությամբ չեն հեռացվում, մինչև հաջորդ այցելությունը դրանք կհասնեն անհրաժեշտ երկարության»,- պարզաբանում է Bliss-ի սպա ուղղության զարգացման տնօրեն Ուենդի Օլրեդը:

Հ. Իմ ոճաբանն ասում է, որ առավել գեղեցիկ գանգուրներ ստանալու համար լավ կլինի չօգտագործել գանգրացնող սարքի սեղմիչը: Սակայն մազերը փաթաթելիս այն խանգարում է, և արդյունքում ես այրում եմ մատներս:

Պ. Մազերը փաթաթելով անմիջապես գանգրացնող սարքի կորպուսի վրա՝ իրոք կարելի է ստանալ երկար պահպանվող ալիքաձև խոպոպներ: Սակայն այդ դեպքում հարկավոր է շատ վարժ լինել՝ մատները չայրելու համար: «Դրա փոխարեն օգտագործիր առանց սեղմիչի գանգրացնող սարքեր, որոնք վաճառվում են հատուկ ձեռնոցների հետ միասին (ինչպես օրինակ` T3 SinglePass Whirl)»,- հուշում է ոճաբան Մայք Վիգգը:

Լուսանկարները ըստ HMI-ի