Մեզանից յուրաքանչյուրի հետ էլ պատահել է, որ սիրային հանդիպման ամենապատասխանատու պահին հանկարծ ինչ-որ բան մեր արտաքին տեսքում այն չի եղել (անձրևի, խոնավ եղանակի և այլ «արհավիրքների» պատճառով): Կարիք չկա խուճապի մատնվել. արագ և ձեռքի տակ եղած միջոցներով կարելի է ամեն ինչ շտկել: Կարդա, ու թող ոչինչ չկարողանա շեղել նրա ուշադրությունը քո անդիմադրելի հմայքից:
Խառնված սանրվածք
Կնոջ համար իսկական ողբերգություն է, երբ խնամված մազերն օրվա ընթացքում վերածվում են ինչ-որ անհասկանալի սանրվածքի: Իսկ այդ ողբերգությունը բազմապատկվում է, երբ փչանում է երեկոյան սանրվածքը, այն էլ` խոնավ եղանակի պատճառով: Մազերը խոնավ եղանակին գանգրանալու միտում ունեն: Դրա դեմ կա արագ և արդյունավետ միջոց. մատներիդ քսիր մի փոքր ձեռքի կրեմ, ապա թրջիր մատներդ: Սա վայրկենապես «կփրկի» սանրվածքդ. քսուքի ծանրության ներքո գանգուրներն անմիջապես ուղղվում են: Իսկ եթե քո մազերն ընդհանուր առմամբ գանգուր են, քսուքը տարածիր ողջ գլխի մակերեսով, որպեսզի սանրվածքդ խնամված տեսք ստանա: Եթե այս ամենն էլ չօգնի, պոչիկ կապիր: Դա այս սեզոնում շատ նորաձև է:
Ալկոհոլի հոտ
Հանդիպման ընթացքում չափից շատ ալկոհոլ ընդունելու հետևանքները ծանոթ են` անմիջապես առաջանում է չորություն բերանի խոռոչում, որը նպաստավոր միջավայր է ստեղծում գարշահոտ մանրէների համար: Դրանից խուսափելու համար ալկոհոլին զուգահեռ ջուր խմիր: Կարող ես նաև ձեռքի տակ պահել բերանը թարմացնող միջոցներ, սփրեյներ, հատկապես եթե մտադիր ես գիշերել ոչ տանը:
Յուղոտ մաշկ
Տղամարդուն քո պարելու ունակությունը ցուցադրելով կամ բազմամարդ բարի մոտ երկար նստելով ՝ կարող ես վտանգել մաշկի պրոբլեմատիկ T գոտին: Ճիշտ է, միշտ էլ կարող ես դիմափոշի օգտագործել, սակայն ոչ երբեք քրտնած մաշկին. այլապես մաշկի տեսքն էլ ավելի կվատանա: Շտապիր հարդարման սենյակ և օգտվիր անձեռոցիկներից: Դրանք օժտված են բարձր կլանիչ հատկությամբ և իդեալական են ավելորդ յուղն ու խոնավությունը ներծծելու համար: Կամ, եթե ձեռքի տակ ունես հատուկ կոսմետիկ անձեռոցիկներ, կարող ես դիմել դրանց օգնությանը:
Կոտրված եղունգ
Եթե ձեռքի տակ խարտոց չունես, փորփրիր պայուսակդ կամ որևէ այլ տեղից գտիր լուցկու տուփ: Այրման համար նախատեսված անհարթ մակերևույթը հրաշալի փոխարինում է խարտոցին: Կամ, եթե ջինսով ես, եղունգի անհարթ մասն ուժեղ քսիր ջինսի մակերեսին. դա նույնպես կհարթեցնի կոտրված եղունգը:
Յուղոտ մազեր
Այն դիմափոշին, որն օգնեց քեզ չեզոքացնել մաշկիդ յուղոտությունը, օգնության կհասնի նաև մազերի դեպքում: Մազարմատներին մի քիչ դիմափոշի քսիր և շրջանաձև շարժումներով տարածիր: Դիմափոշին կկլանի ավելորդ յուղոտությունը և նաև լրացուցիչ ծավալ կհաղորդի մազերին: Եթե ձեռքի տակ ունես հատուկ մազարմատները յուղազրկող շամպուն, ապա դա ևս արդյունավետ տարբերակ է:
«Ծորացող» ստվերաներկ
Եթե ստվերաներկը կամ աչքի մատիտը ծորուն են, պետք չէ անձեռոցիկով հեռացնել ավելորդությունները, քանի որ դա կարող է գրգռել կոպերը: Նորից օգնության կհասնի ձեռքի կրեմը: Բավական է միայն մի քիչ քսել աչքի տակ, իսկ հետո մաքրել նուրբ անձեռոցիկով: Կրեմը կկատարի շպարը հեռացնող քսուքի դեր և շատ հեշտությամբ կհեռացնի ավելորդ սև ներկը:
Գինու հետք շուրթերին
Գինին այդպիսի հատկություն ունի. այն կարող է գունափոխել ատամները, սակայն, բացի ատամներից, կարող է նաև անմիջապես չորանալ շուրթերի վրա: Սրան ևս լուծում կա. շաքարավազ վերցրու և գնալով հարդարման սենյակ` խոնավ շաքարավազով շփիր շուրթերդ: Հետքերը շատ արագ կանցնեն:
Մաշկի կարմրություն
Առաջին հանդիպման (կամ ուշանալու) հուզմունքը կարող է բացասաբար ազդել քո տեսքի վրա. արյան շրջանառությունը, հուզմունքից արագանալով, կարող է լայնացնել պարանոցի անոթները` այն անբնական կարմիր դարձնելով: Այս խնդիրը շատ հեշտ է կարգավորել. գնա հարդարման սենյակ և, թրջելով թաշկինակդ կամ ցանկացած այլ կտոր, դիր կարմրած տեղին: Սառը ջերմաստիճանն անմիջապես կանցկացնի կարմրությունը:
Քրտնքահոտ
Որքան էլ հակապերսպիրանտ օգտագործես, ինչ-որ պահի քո մարմնի հոտը սկսելու է գերակշռել: Եթե ձեռքիդ տակ կան ալկոհոլ պարունակող քսուքներ, ապա դրանք ի զորու են րոպեաբար չեզոքացնելու հոտ առաջացնող բակտերիաները: Մի փոքր այդ քսուքից քսիր յուրաքանչյուր թևիդ տակ: Իսկ եթե թևատակերդ նոր ես սափրել, և մաշկդ կգրգռվի ալկոհոլից, մի փոքր օծանելիք օգտագործիր: Դրանում ալկոհոլի քանակը համեմատաբար քիչ է:
Չորացած շուրթեր
Շուրթերի մակերեսը, զրկվելով շրթներկից, չորանում է և տհաճություն կարող է պատճառել թե՛ քեզ, թե՛ դիմացինիդ: Գնա հարդարման սենյակ և սառը ջրով թրջոցը պինդ հպիր շուրթերիդ: Սառը ջուրը հանգստացնում է գրգռվածությունը և խոնավացնում շուրթերը: Այնուհետև կարող ես վազելին օգտագործել՝ խոնավությունը ներսում պահելու համար:
Արհեստական արևայրուք
Ինչպե՞ս անել, որ արհեստական արևայրուքի քսուքը քրտնելիս չհայտնվի սիրեցյալիդ անկողնու սպիտակեղենի վրա: Անհրաժեշտ է մարմնի ամենաշատ քրտնող հատվածները պատել դիմափոշով, որպեսզի նույնիսկ քրտնելու դեպքում փոշին կլանի գունավոր նյութը` պաշտպանելով սպիտակեղենը կեղտոտվելուց:
Շտապ դիմահարդարում
Նույնիսկ եթե պայուսակում կարմրանյութ չունես, շրթներկ անպայման կգտնվի: Մի փոքր քսիր շուրթերիդ, հետո` այտերիդ և տարածիր: Աչքի շուրջ տարածված ստվերաներկը և մատիտը հեռացրու վերը նշված ձեռքի քսուքի մեթոդով, և ի վերջո կստացվի այնպիսի տպավորություն, թե հենց նոր ես ամբողջական դիմահարդարում արել:
Սննդի մնացորդներ ատամների արանքում
Բացառիր այդ տհաճ երևույթը, քանի որ դա կարող է նույնիսկ ամենահաճելի կնոջը դարձնել տհաճ: Օգտագործիր ձեռքի տակ եղած միջոցներն՝ ատամի հնարավոր խոռոչներից հեռացնելով ուտելիքի մնացորդները: Դրա համար կարող է ծառայել ոչ միայն ատամի փայտիկը, այլև դրա բացակայության դեպքում՝ բիզնես քարտի սուր անկյունը կամ հյութ խառնելու ձողիկը:
Անցանկալի մազերից ազատվելը մի թող վերջին օրվան
Եթե կպչուն մոմով ես մաքրում բիկինիի շրջանը, դա պետք է անել հանդիպումից առնվազն երկու օր առաջ, որովհետև այդ շրջանը շատ զգայուն է, հատկապես՝ մազահեռացումից հետո և կարող է գրգռվել բակտերիաների ազդեցությունից: Եթե չնախատեսված հանդիպում ունես, ավելի գերադասելի է ածելի օգտագործել: Ժամանակակից ածելիներն ունեն հատուկ պաշտպանիչ երիզներ, որոնք խոնավացնում են մաշկը սափրելու ընթացքում:
Լուսանկարները ըստ Արթուր Բելեբեուի













































































