Անցանկալի մազեր, մաշկի յուղայնություն, մազերն ու հոնքերը ներկելու ճիշտ տարբերակներ... այս և այլ քեզ հուզող հարցերի պատասխանները ստացիր հենց հիմա Cosmo գեղեցկության բաժնի խմբագրից:

Հարց։ Ինչպե՞ս խուսափել ճակատի վրա մազի ներկի հետքերից։

Մազի ներկը մնում է մաշկի վրա և մագնիսի պես կպչում, հետևաբար մազերը ներկելուց առաջ անհրաժեշտ է խոնավացնել մաշկը: Հենց նկատում ես ներկի հետք, մաքրիր այն հատուկ խոնավ անձեռոցիկով: Որքան երկար թողնես ներկը մաշկի վրա, այնքան դժվար կլինի հետո հետքը վերացնելը: Իսկ որպեսզի ներկը մաշկի վրայով չհոսի, ճակատի վերնամասում կարելի է մի փոքր վազելին քսել:

Հարց: Ամռանն ավելի են շատանում դեմքիս սև կորյակները: Ինչպե՞ս ձերբազատվեմ դրանցից։

Ամեն երեկո կոսմետիկան մաքրելուց հետո նուրբ պիլինգ արա: Սա հանում է մաշկի յուղային շերտը, ինչը թույլ չի տալիս, որ ծակոտիները լցվեն և առաջացնեն սև կետեր: Ամեն շաբաթ ավելի խոր մաքրման համար օգտագործիր ծակոտիների մաքրման հատուկ կպչուն շերտեր:


Հարց: Արդյո՞ք կարելի է սափրել մարմնի որոշակի հատվածները ծով կամ լողավազան մտնելուց անմիջապես առաջ:

Մարմինը սափրելիս կարող են առաջանալ միկրոսկոպիկ վերքեր: Աղի ջրում դրանք կարող են բորբոքվել, իսկ բակտերիաները կարող են ներթափանցել մաշկի տակ` առաջացնելով կարմիր բշտիկներ՝ ցանի տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում մարմինը սափրել ծով մտնելուց մեկ օր առաջ: Սակայն, եթե չնախատեսված հանգամանքներ են ի հայտ գալիս, ընտրիր առավելագույն խոնավացնող հատկությամբ սափրվելու գել` նվազագույնի հասցնելու վնասվածքների հավանականությունը:

Հարց: Դիֆուզոր օգտագործելիս խոպոպներս չոր են լինում: Ի՞նչն եմ սխալ անում:

Ամենայն հավանականությամբ չափից շատ ես դիպչում մազերիդ և չորացնում ես գլխամաշկդ։ Արդյունքում` մազերդ անբնական չոր տեսք են ունենում: Խոնավացնող գել օգտագործելուց հետո աշխատիր մազերդ հարդարել՝ դրանց հնարավորինս քիչ դիպչելով: Մազերդ վեր բարձրացրու դիֆուզորով (ոչ թե ձեռքով) և, ֆենը ցածր տաքության տակ պահելով, չորացրու մինչ ցանկալի արդյունք ստանալը:

Հարց: Ինչպե՞ս ներկել հոնքերը, որ դրանք չլինեն շատ մուգ և ունենան բնական տեսք:

Կարող ես ներկել մատիտով, իսկ դրանց ավելի բնական տեսք տալու համար օգտագործիր մաքուր խոզանակ, օրինակ` ատամի չօգտագործված խոզանակ կամ տուշի չոր խոզանակ` տարուբերող շարժումներով մաքրելով ավելորդ մասերը: Եթե չես վստահում ձեռքերիդ արհեստավարժությանը, ավելի լավ է խուսափիր հոնքերը մատիտով ներկելուց: Կարող ես օգտագործել հատուկ գունափոշի, որը, նույնիսկ եթե շատ քսվի, ավելի հեշտ կլինի մաքրել:

Լուսանկարները ըստ HMI-ի