Ըստ` Մարգարիտա Եսոյանի
Մարմնի վրա դաջվածքներ անելու գաղափարը մարդկանց մոտ առաջացել է շատ պատահական: Նկատելով, որ արյունը կտրվածքների կամ այրվածքների մեջ մնալով ժամանակի ընթացքում հետաքրքիր պատկերների է վերածվում, մարդիկ սկսեցին դիտավորյալ վնասել մաշկը, որպեսզի ստանան նմանատիպ նախշեր:
Tattoo-ի (բառը թարգմանաբար նշանակում է վերք, նշան) առաջին նմուշները հայտնաբերվել են եգիպտական բուրգերում պեղումների ժամանակ գտնված մումիաների վրա, որոնք ունեին առնվազն չորս հազար տարվա պատմություն:
Մումիաների դարաշրջանը վաղուց անցյալում է մնացել, մենք 21-րդ դարում ենք, բայց արի ու տես, որ tattoo ասվածը դեռևս մնում է ակտուալ:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ են մարդիկ իրենց մարմնի որևէ հատվածում դաջվածք անում: Հարցի մութ անկյունների վրա լույս գցելու համար ամերիկացի հոգեբանները հարցում անցկացրին, որին մասնակցեցին 48 կին և տղամարդ, ովքեր իրենց մարմնի վրա դաջվածքներ ունեին:
Հարցման ընթացքում պարզ դարձավ, որ մարդիկ դաջվածք են անում չորս պատճառով: Մի մասը նկարազարդել է մարմինը, քանի որ դարձել է որևէ խմբակի կամ շարժման անդամ, մյուս մասն այդ միջոցով փորձել է արտահայտել իր բողոքը:
Հարցման մասնակիցների մի ստվար զանգված ասել է, որ դաջվածք արել է էսթետիկ նկատառումներից ելնելով: Ամերիկացի հոգեբանների համար իրական բացահայտում էր պարզել, որ մեծամասնությունը գնացել և դաջվածք է արել էմոցիոնալ սթրես ապրելուց հետո:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ դաջվածքը ցածր ինքնագնահատականի նշան է, հոգեբանները նշում են , որ մարմնի վրա երեք և ավելի դաջվածքների դեպքում միայն կարող է գործել այդ վարկածը: Հիմա ի՞նչ, Անջելինա Ջոլին ցածր ինքնագնահատական ունի՞:
Եկեք տեսնենք, թե ինչ են մտածում մեր աղջիկները դաջվածքների մասին:
«Ես միշտ երազել եմ դաջվածք ունենալ ու արել եմ: Այն իմ մեջքի հատվածում է` Ին-Յանի տեսքով: Բայց ես նոր եմ հասկանում, որ, իրոք, յուրաքանչյուր դաջվածք ունի իր առանձին էներգետիկ դաշտը: Այնպես որ, նախքան ընտրություն կատարելը պետք է երկար մտածել: Ու ես խորհուրդ կտայի վերջում միշտ ընտրել դրական որևէ բան, որպեսզի այդ դրական ալիքները մշտապես լինեն տվյալ մարդու կողքին»:
Իրինա, 29 տ.
«Ինձ համար դաջվածքը գեղեցկություն է, եթե, իհարկե, պահպանված է չափի զգացողությունը: Մոտակա ժամանակահատվածում պլանավորում եմ դաջվածք անել, բայց դեռևս չեմ կենտրոնանում, թե ինչ պատկեր է լինելու: Հավանաբար դա կլինի իմ անվան չինարեն հիերոգլիֆ կամ ոտքի թաթի երկայնքով ձգվող նուրբ ծաղկաշղթա»:
Լուսինե, 26 տ.
«Չեմ հասկանում մարմինը նկարազարդելու իմաստը: Ասեղով վնասում ես մաշկդ, երկար ժամանակ սպասում, որը վերքը լավանա, պարբերաբար խնամում ես, որ հանկարծ չբորբոքվի, էլ չասած, որ հեռացնելու համար էլ ստիպված ես լինելու մեկ ուրիշ ցավոտ պրոցեդուրա անցնել»:
Կարինե, 21 տ.
«Իմ վերաբերմունքը դաջվածք ասածի նկատմամբ չեզոք է, դեմ ոչինչ չունեմ, երբ տղան կամ աղջիկը դաջվածք են ունենում, բայց ես ինքնս երբեք չէի անի: Չեմ պատկերացնում, որ մարմնիս վրա կարող է ինչ-որ պատկեր կամ նախշ լինի»:
Նարինե, 34 տ.
Դաջվածքի պատկերի ընտրությունը սովորաբար կախված է լինում տվյալ մարդու հոգեվիճակից, սոցիալական պատկանելիությունից ու հետաքրքրություններից: Բայց հետաքրքիր է նաև այն, որ tattoo-ի նորաձևության տենդեցների թելադրող են դարձել համաշխարհային նորաձևության տները:
Օրինակ` Chanel-ն այս տարվա համար կանանց ու աղջիկներին առաջարկում է դաջվածքներ նորաձև ու շքեղ շղթաների ու զարդերի տեսքով:
Դարի նորարությունները նույնպես անմասն չեն մնացել tattoo նորաձևությունից: Այսպես եվրոպական մի շարք երկներում արդեն հնարավոր է 3D ֆորմատով դաջվածքներ անել: Դե պատկերացրու, թե ինչ բնական տեսք կունենա ուսիդ վրա արված թիթեռնիկի տեսքով դաջվածքը:
Cosmo.am-ին հետաքրքիր էր իմանալ նաև մասնագետի կարծիքը: Այդ իսկ պատճառով մենք խոսեցինք «Tattoo արտ» սրահի նկարիչ Գագիկ Մկրտչյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա.
«Tattoo» նորաձևություն ասված երևույթը դաջվածքների պարագայում կա, բայց ոչ նրանց համար, ովքեր իրականում հասկանում են դաջվածքի իմաստը, ովքեր սիրում ու գնահատում են այդ արվեստը:
Նորաձևությունն անընդհատ փոփոխվում է, իսկ արված դաջվածքը մնում` իր նախնական տեսքով: Հիմա այն մարդիկ, ովքեր խուսափում են միանմանությունից, նախընտրում են դաջվածքներ անել մանկության տարիների իրենց հերոսների տեսքով, օրինակ` մուլտ- հերոսներին:
Հայ աղջիկները հիմնականում ընտրում են կանացի ու նուրբ այնպիսի պատկերներ, որոնք կսազեն մարմնի կոնկրետ հատվածին: Շատ հաճախ, երբ գալիսեն tattoo-սրահ, պատկերի ընտրությունը թողնում են մասնագետին:
Ինչ վերաբերում է դաջվածքների անվնաս լինելուն, ապա սարքավորումները շատ կատարելագործված են, ներկերն էլ նախատեսված են ամենազգայուն մաշկի ու ալերգիկ մարդկանց համար: Այնպես որ, վնասներ ստանալու հավանականությունը հասցվում է մինիմումի»:
Եթե արդեն որոշել ես դաջվածք անել, ապա Cosmo.am կկսի քեզ հետ նաև մի քանի խորհուրդներ.
Խորհուրդ 1: Դաջվածք մի արա այն ժամանակ, երբ անգամ թեթև մրսածություն ես զգում:
Խորհուրդ 2: Դաջվածք անելուն նախորդող երեկոյան մի օգտագործիր ալկոհոլային խմիչքներ ու դեղամիջոցներ:
Խորհուրդ 3: Համոզվիր, որ դաջվածք անելու սարքն ունի մեկ անգամյա օգտագործման ասեղներ:
Խորհուրդ 4: Համոզվիր, որ բոլոր սարքերը հականեխված են, իսկ tattoo-սրահում պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները:
Խորհուրդ 5: Ծանոթացիր ներկերի բաղադրությանը:
Խորհուրդ 6: Նոր արված դաջվածքը մշակիր հատուկ քսուքներով, որոնք կնշանակի մասնագետը:
Լուսանկարները` ըստ HMI-ի













































































