Ձմեռը բավական դժվար շրջան է մաշկի համար, քանի որ դրսի ցածր և ջեռուցվող տարածքների բարձր ջերմաստիճանների տատանումներն ազդում են մաշկի վրա: Ճարպագեղձերն իրենց հերթին ցուրտ եղանակին պասիվանում են, ինչն էլ հանգեցնում է մաշկի ջրազրկման: Այդ իսկ պատճառով ձմռանը պետք է առանձնահատուկ ուշադիր լինել մաշկի նկատմամբ ու ավելի մանրակրկիտ խնամել այն:
Պատրաստեց Գայանե Գալստյանը
Խորհրդատու՝ «Մեդեսթ» էսթետիկ բժշկության կենտրոնի բժիշկ-մաշկաբան Սոնա Հարությունյան
Չլվացվել օճառով
Օճառը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք չորացնում են մաշկը, հատկապես ձմռանը խորհուրդ չի տրվում լվացվել դրանով: Բացի այդ՝ պետք է օգտագործել սնուցող ու խոնավացնող քսուքներ: Այն թեթև քսուքները, որոնք օգտագործվում են ամռանը, ձմռան համար բավարար չեն. պետք է անցել ավելի ինտենսիվ նյութերի, կոմբինացված մաշկ (երբ ճարպոտ է միայն ճակատը, քիթը և կզակը) ունեցողներին խորհուրդ է տրվում ձմռանն անցնել չոր մաշկի համար նախատեսված սնուցող միջոցների:
Չոր մաշկ
Այս մաշկային տիպն ունեցողներին խորհուրդ է տրվում հաճախ խոնավացնել մաշկը, չլվացվել օճառով, չօգտագործել սպիրտ պարունակող տոնիկներ և անպայման սնուցել: Ու ամենակարևորը՝ օգտագործել միայն չոր մաշկի համար նախատեսված միջոցներ: Սխալ ընտրված նյութերը, օրինակ՝ յուղոտ մաշկի միջոցները չորացնող նյութեր են պարունակում, ինչը էլ ավելի վնաս է չոր մաշկին:
Կոմբինացված մաշկ
Կոմբինացված մաշկի դեպքում յուղոտ է դեմքի միայն մի հատվածը՝ T-գոտին (ճակատ, քիթ և կզակ), իսկ այտերի մասում նկատվում է չորություն: Այս տիպի մաշկ ունենալու դեպքում կրկին պետք է ընտրել համապատասխան քսուքներ, սակայն ձմռանը կարելի է ընտրել նաև չոր մաշկի համար նախատեսված խոնավացնող միջոց, սա այն դեպքում, երբ այտերի չորությունն ավելի է անհանգստացնում, քան T-գոտու ճարպոտությունը:
Ճարպոտ մաշկ
Այսպիսի մաշկը սովորաբար ունենում է ավելի հաստ պաշտպանիչ շերտ, այդ պատճառով ավելի դիմացկուն է: Սակայն կրկին պետք է խոնավացնել այս տիպի մաշկը, հատկապես եթե կինը 30 անց է: Բայց պետք է ուշադիր լինել, որպեսզի խոնավացնող միջոցը չպարունակի հանքային յուղեր, որոնք կփակեն ծակոտիները: Արդյունքում հնարավոր է՝ առաջանան կորյակներ ու ցան:
Ճարպոտ մաշկը պետք է հաճախ լվանալ, քանի որ այն բակտերիաների առաջացմանը նպաստող միջավայր է. լվացվելիս պետք է օգտագործել հատուկ գելեր, որոնք չեն պարունակում մաշկի պաշտպանիչ շերտը վնասող մակերեսային ակտիվ նյութեր:
Շուրթերի խնամքը
Շուրթերի մաշկն ավելի նուրբ է, ուստի տանից դուրս գալուց առաջ պետք է օգտագործել շուրթերի բալզամ, իսկ գիշերը հատուկ նյութերով խնամել դրանք: Պարտադիր չէ, որ դրանք լինեն շատ յուղային, մեզ լավ ծանոթ վազելինն ու պարաֆինը բավական յուղային են և լավ են պաշտպանում ցրտից, սակայն յուղային հագեցվածության պատճառով փակում են ծակոտիներն ու չեն թողնում, որպեսզի մաշկը շնչի:
Նախընտրելի է օգտագործել բուսական յուղեր պարունակող միջոցներ, որոնք ունեն վերականգնող հատկություն: Քսուքը կարող է պարունակել լրացուցիչ սնուցող ու խոնավացնող նյութեր, ինչպիսին հիալուրոնաթթուն է: Կարևոր է նաև վիտամինների, հատկապես C, A, E-ի առկայությունը, որոնք նույնպես ունեն վերականգնողական ֆունկցիա:
P.S. Ձմեռային սպորտաձևերի, հատկապես դահուկի սիրահարներին խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել, օգտագործել արևապաշտպան քսուքներ, քանի որ բարձր գոտիներում արևն ավելի ուժեղ է այրում, բացի այդ` արտացոլվում ձյան միջոցով: Պետք է նաև յուղային քսուքներ օգտագործել, որպեսզի այն պաշտպանի մաշկը սարերի բարձր ճնշումից:
Լուսանկարը ըստ Shuterstock-ի












































































