Կիզիչ արևն ու խոնավությունը կարող են մեծ անհարմարություն պատճառել ամռան անգամ վերջին ամիսներին: Մենք խնդրել ենք մեր ընթերցողներին կիսվել իրենց հուզող հարցերով։
Առանձնացրել ենք ամենից հաճախ հանդիպող 7 խնդիր և ներկայացնում ենք դրանցից ազատվելու արդյունավետ եղանակներ: Հետևի՛ր մեր խորհուրդներին, և ամառը քեզ միայն ուրախություն կպարգևի:
Գանգրացող մազեր
Երևի կզարմանաս, սակայն գանգրացման դեմ պայքարելու լավագույն միջոցը ոչ թե հարթեցնող շիճուկն է, այլ մազերի ծայրերը թարմացնելը: «Վնասված ծայրերն ավելի են հակված խոնավությունից գանգրանալուն, քան մշակված, առողջ մազերը»,- նշում է աստղային ոճաբան Մեթ Ֆուգատեն: Մի՛ մոռացիր նաև բալզամի մասին. այն փակում է մազաթաղանթը, լցնում վնասված հատվածները, և արդյունքում մազը խոնավություն չի ներծծում: Օգտագործիր նաև ալկոհոլային հիմքի վրա ստեղծված, պանթենոլ ու սիլիկոն պարունակող շիճուկներ և մոդելավորող կրեմներ` մազերը խոնավացնելու համար:
Անցանկալի բուրմունք
Քրտնարտադրությունը տհաճ հոտի միակ պատճառը չէ: «Քո թևատակերը պարունակում են մեծ քանակությամբ մանրէներ, մահացած բջիջներ և քրտինք: Հոտից ազատվելու համար պետք է պայքարես այս երեք գործոնի դեմ»,- ասում է մաշկաբան Զոուի Դրելոսը: Սկսիր հակաբակտերիալ օճառից, իսկ հետո հեռացրու մաշկի մահացած բջիջները սկրաբով: Լոգանքից հետո չորացրու թևատակերդ սրբիչով և քսիր հակապերսպիրանտ: Եթե առատ քրտնարտադրություն ունես, գնիր քրտնքի հոսքը կանխող 20%-ոց ալյումինիումի ցիրկոնիում և քսիր թևատակերիդ քնելուց առաջ, որպեսզի այն հասցնի ներգործել գիշերվա ընթացքում:
Քրտնարտադրություն
Ճիշտ հակապերսպիրանտը կօգնի և՛ թևատակերի, և՛, մի՛ զարմացիր, ոտքերի քրտնարտադրության հարցում: «Ալյումինիումն արգելափակում է քրտնարտադրությունն ամբողջ մարմնով մեկ` ներառյալ ոտնաթաթերը»,- հուշում է դոկտոր Դրելոսը: Եթե օրվա մեծ մասը պատրաստվում ես դրսում անցկացնել, զինվիր խոնավ անձեռոցիկներով, որոնք ինքնատիպ շարժական ցնցուղի դեր կկատարեն: Եթե երեկոյան ժամադրության ես պատրաստվում, պայուսակիդ մեջ ունեցիր մարմինը թարմացնող հոտավետ աերոզոլ. ջրային բաղադրության շնորհիվ կզովանաս և միաժամանակ հաճելի կբուրես:
«Հոսող» շպար
Ուզում ես, որ շպարդ հնարավորինս երկար պահպանվի և չսկսի «հոսել» ամենապատասխանատու պահի՞ն: Պրոֆեսիոնալները խորհուրդ են տալիս դիմահարդարումից առաջ օգտագործել դեմքի բազա: «Այն պարունակում է կվարց, որը ներծծում է շպարի գլխավոր « թշնամիներին» (քրտինք և ճարպ)»,- ասում է ոճաբան Բրեթ Ֆրիդմենը: Դեմքը բազայով պատելուց հետո անցիր հիմնական շպարին: Հիշիր` ջրակայուն տուշն ու մատիտը հաջող լուծում են թարթիչների ու կոպերի համար, մինչդեռ նույնը չի կարելի ասել նմանատիպ շրթներկի մասին:
Անհարթ մաշկ
Իհարկե, «ցելյուլիտ» կոչեցյալի վերացման կախարդական հաբ գոյություն չունի, սակայն կոֆեին պարունակող քսուքները բավական արդյունավետ են: «Դրանք ակտիվացնում են արյան շրջանառությունը և օգնում օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, որի պատճառով մաշկն անհարթ տեսք ունի»,- պարզաբանում է Exhale Spas ցանցի տնօրեն Քեյթլին Քոնը: Լավ արդյունքի համար նախ մշակիր անհարթ մասերը սկրաբով, հետո քսիր հակացելյուլիտային քսուք. այսպես այն ավելի լավ կներծծվի:
Փոշոտ ու կոշտացած ոտնաթաթեր
Չոր, կոշտացած մաշկն ավելի արագ է կեղտոտվում: Արդյունքում՝ ոտնաթաթերն անխնամ տեսք են ստանում: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել դեմքի՝ գլիկոլային թթու պարունակող մաքրող բամբակներ: «Քանի որ ոտքի մաշկը դեմքի մաշկի համեմատ մոտ տասն անգամ ավելի հաստ է, մաքրող բամբակներով ոտնաթաթերը պետք է մշակել օրվա մեջ մի քանի անգամ` մեկ շաբաթվա ընթացքում»,- ասում է բժիշկ-օրթոպեդ Սյուզան Լևինը: Բացի այդ, ամեն գիշեր` քնելուց առաջ, ոտքերիդ քսուք քսիր:
Սափրելու արդյունքում գրգռված մաշկ
Ոչինչ այնքան չի տգեղացնում ոտքերը և բիկինիի հատվածը, որքան սափրելու պատճառով սկսված գրգռվածությունը: Կարելի է այդ մասերին հիդրոկորտիզոն քսել, սակայն նման հետևանքներից առհասարակ խուսափելու համար անհրաժեշտ է առնվազն 3 րոպե կանգնել ցնցուղի տակ, որպեսզի մազերը փափկեն, և հետո միայն դրանք սափրել: Սովորություն դարձրու նաև խոնավացնող գելերի օգտագործումը: Ընտրիր որակյալ ածելի և սափրելուց հետո անպայման չորացրու մաշկդ. խոնավությունը ևս գրգռվածության աղբյուր է:
Ամռան «անցանկալի» կողմերը
Ահա հարցման արդյունքում հայտնաբերված ամենից տարածված ամառային «անհարմարությունները»: Համոզված ենք՝ դրանք քեզ ևս ծանոթ են։
Սափրելու արդյունքում գրգռված մաշկ 52%
Անհարթ մաշկ 43%
«Հոսող» շպար 33%
Քրտնարտադրություն 28%
Անցանկալի բուրմունք 27%
Փոշոտ ու կոշտացած ոտնաթաթեր 26%
Գանգրացող մազեր 23%
Երանգավորող սփրեյներից մնացած «զոլեր» 12%
Մազերի խամրած գույն 8%
Ծղոտանման, արևից այրված մազեր 7%
Անբնական դիտվող, թխություն հաղորդող կրեմներ 7%
Արևային ակնոցից աչքերի շուրջն առաջացած օղակներ 7%
Մազերի ժանգագույն երանգ 4%
Պեպեններ 3%
Լուսանկարները` ըստ HMI-ի















































































