Յուրաքանչյուր շաբաթ մենք պատասխանում ենք գեղեցկության վերաբերյալ ձեր բազմաթիվ հարցերին:

Հ. Աշխատանքային օրվա ավարտին արժե օծանելի՞ք օգտագործել, թե՞ մարմնի սփրեյ:

Պ. Եթե ուզում ես հավելյալ երանգ ավելացնել քո սեքսուալությանը, ուրեմն մի կաթիլ օծանելիքն այն է, ինչ հարկավոր է: Իսկ եթե քրտնած ես ու լոգանքի խիստ կարիք ունես, ընտրիր սփրեյը: «Սփրեյն ավելի շատ ալկոհոլ է պարունակում, քան օծանելիքը, իսկ քանի որ ալկոհոլը չորացնող հատկություն ունի, այն մաշկին թարմություն ու զովություն է հաղորդում»,- բացատրում է մաշկաբան Ջոել Շլեսինգերը: Բացի դրանից, քանի որ մարմնի սփրեյի բույրն ավելի նուրբ է, կարող ես հանգիստ ամբողջ մարմնով մեկ ցանել այն` առանց օծանելիքի խանութի պես բուրելու:

Հ. Ինչպե՞ս արդուկեմ մազերս, որպեսզի ուղիղ լինեն, բայց ոչ տափակ:

Պ. «Գաղտնիքը C ձև կազմելն է: Այսինքն` արդուկը մազարմատից մի քանի մատնաչափ վերև ես ձգում ու ծայրերի մասում թեթևակի դեպի ներս կլորացնում»,- ասում է հայտնի ոճաբան-վարսահարդար Բայրոն Ուիլյամսը: Իսկ երբ արդուկը միանգամից ուղիղ նեքև ես քաշում, արմատները նստում են, իսկ մազերը` տափակում:

Հ. Ո՞րն է մաշկի թեփոտումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը:

Պ. «Չոր մաշկի թեփոտ շերտը չի թողնում, որ խոնավացնող կրեմը ներս թափանցի, ուստի առաջինը պետք է սկսել այդտեղից»,- խորհուրդ է տալիս մաշկաբան Մաքրին Ալեքսիանդեսը: Մաշկը շերտազատիր նուրբ միկրոհատիկներ պարունակող սկրաբով (հրաշալի միջոց է Aveeno Skin Brightening Daily Scrub-ը): Հետո քսիր խոնավացնող քսուք (օրինակ` Purpose Dual Treatment Moisture Lotion SPF 15): Եվ ևս մեկ բան. պետք է խուսափել հակատարիքային քսուքներից: «Դրանց բաղադրիչ թթուները միայն ավելացնում են չորությունն ու թեփոտությունը»,- ասում է բժիշկ Ալեքսիանդեսը:

Հ. Ինչպե՞ս օգտագործեմ վարդագույն ստվերափոշին, որպեսզի աչքերս հոգնած տեսք չունենան և ոչ էլ մրսածի տպավորություն թողնեմ:

Պ. «Վերցրու ստվերափոշու անփայլ տեսակը»,- ասում է Stila կոսմետիկայի պրոֆեսիոնալ դիմահարդար Սառա Լուցերոն: Ի տարբերություն թափանցիկ ստվերափոշու` փայլուններն ավելի ցայտուն են և ծածկում են կոպերի բնական գույնը (հենց դա էլ սխալ երանգ է հաղորդում): Ստվերափոշին քսիր միայն կոպերին. եթե անգամ մի փոքր էլ վեր բարձրացնես, աչքերդ ուռած տեսք կունենան:

Հ. Իսկապե՞ս կան քսուքներ, որոնք նվազեցնում են դեմքի մազերի աճը:

Պ. Դա քսուքի բաղադրությունից է կախված: Նախկինում այդ քսուքների հիմնական բաղադրիչը սոյան էր, որը միայն դանդաղեցնում էր մազի աճը: Նոր քսուքները, ոչ միայն աճն են դանդաղեցնում, այլև պարունակում են մազը թուլացնող բաղադրիչներ (ինչպես` ուռենու կեղևը): «Դրանք թուլացնում են կերատինը, որը մազի գլխավոր բաղադրիչն է, և աննկատ են դարձնում աղվամազերը` արդյունքում ոչ միայն դանդաղեցնելով մազերի աճը, այլև օգնելով, որ մազերը թափվեն»,- ասում է beautystat.com կայքի դեղագործ-կոսմետոլոգ Ռոն Ռոբինսոնը:

Լուսանկարը ըստ Shutterstock -ի