Սպունգով լավ տրորելը... մոռացիր: Ամենօրյա լոգանքի կարիք ամենևին չկա: Բացատրենք, թե ինչու...
Դու առնչվե՞լ ես նման իրավիճակի, երբ արթնացել ես ու երկմտել՝ արժե՞ արդյոք առավոտյան լոգանքային եռուզեռի մեջ ընկնել: Գուցե շատ ես շտապում եւ չես ուզում թանկագին րոպեներդ մարմինդ չորացնելու, այնուհետեւ մազերդ հարդարելու վրա վատնել կամ ուղղակի ուզում ես մի փոքր երկար քնել, կամ էլ պարզապես լոգանքի տրամադրություն չունես... Ինչ էլ որ լինի, դու միակ տարակուսողը չես:
Վերջերս New York Times-ը գրել էր, որ մարդիկ սկսել են ավելի քիչ լոգանք ընդունել ու պարբերական լոգանքի փոխարեն սահմանափակվում են շաբաթական ընդամենը մի քանի անգամով: Ապացույցը թերևս այն է, որ վերջին տարիներին չոր շամպունների վաճառքը կրկնապատկվել է: Ուստի մենք որոշեցինք Cosmo-ի ընթերցողների շրջանում հարցում անցկացնել` պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում այս խնդրին:
«Հակալոգանքային» մտքեր
Հարցման արդյունքում երևան եկավ երկու պատճառ. նրանք, ովքեր նոր էին ընդօրինակել այս սովորությունը, պատճառաբանում են, որ մեր օրերում ժամանակն այնքան սուղ է, որ չես կարող ամեն օր մեկ կամ նույնիսկ կես ժամ տրամադրել առավոտյան լոգանքին` իր բոլոր փուլերով հանդերձ: Իսկ երկրորդը, որքան էլ տարօրինակ հնչի, այն է, որ մի քանի օր լոգանք չընդունելն իրականում ավելի օգտակար է:
«Լոգանքից հրաժարվելը զգալի փոփոխություն է ենթադրում. մարդիկ ավելի քիչ ջուր կօգտագործեն, քիչ գումար կծախսեն լոգանքի պարագաների վրա և թույլ կտան, որ օրգանիզմը բնական ձևով մաքրվի»,- ասում է հոգեբան Ժան Թուենգը` Generation Me գրքի հեղինակը:
Չափավոր լողանալու առավելությունը
Պարզվում է` ամեն օր լոգանք ընդունելու կարիք իրականում չկա: «Եթե աշխատանքդ դաշտերում չէ, որ «տոննաներով» քրտինք թափես, կամ ֆիզիկական ծանր աշխատանք չես կատարում, ուրեմն մոռացիր հաճախակի լոգանքի մասին»,- ասում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Նորթվեստերն համալսարանի պրոֆեսոր Գարի Ալան Ֆայնը:
Փաստորեն, ինչպես տեսնում եք, լոգանքից հրաժարվելը երբեմն ճիշտ է: Իսկ մաշկաբաններն էլ իրենց հերթին հավելում են, որ հաճախակի լոգանքը չորացնում է մաշկն ու մազերը` հեռացնելով մաշկի պաշտպանիչ յուղը: Մեկ այլ փաստարկ. վերջերս փորձագետները պարզել են, որ օգտակար մանրէները մաշկի վրա են լինում (նույն կերպ կարելի է ասել` օգտակար մանրէներն աղիներում են լինում), ու հենց նրանք են պայքարում վնասակար մանրէների դեմ ու պահպանում մեր առողջությունը: Ուստի, մաշկը հաճախակի մաքրելու դեպքում կզրկվես այդ պաշտպանությունից: Այնուամենայնիվ, ձեռքերն ու երեսը հարկավոր է պարբերաբար լվանալ:
Լուսանկարները ըստ HMI-ի














































































