Ըստ Գայանե Գալստյանի
Արդեն արևոտ է, և, ինչպես ասվում է հայտնի երգում, «սերն օդում է» (Love is in the air): Սակայն չմոռանանք, որ այդ նույն օդի մեջ նաև ծաղկափոշի կա: Ու մինչ դու կփռշտաս ու կզինվես անձեռոցիկով, Cosmo-ն քեզ կզինի ալերգիայի դեմ պայքարի օգտակար խորհուրդներով:
Ալերգիան կանխելու համար պետք է բժշկի դիմել գարնան սկսվելուց մեկ-երկու ամիս առաջ: «Պետք չէ սպասել, որ դանակը ոսկորին հասնի ու, րոպեի ընթացքում 10 անգամ փռշտալով, գալ մասնագետի մոտ: Մեկ ամիս առաջ դիմելու դեպքում շատ ավելի հեշտ է պայքարել գարնանը սկսվող ալերգիայի դեմ»,- ասում է ալերգոլոգ Զարուհի Կալիկյանը:
Ալերգիան կանխելու համար խորհուրդ չի տրվում դիմել ժողովրդական բժշկությանը, քանի որ դեղաբույսերով բուժումը կարող է բարդացնել ալերգիան ու դառնալ նորի պատճառ: «Բավականին շատ հիվանդներ, առանց իմանալու, բարդացնում են իրենց ալերգիան, ինչից հետո բուժումը դժվարանում է»,- ասում է Կալիկյանը:
Հետևողական չլինելու դեպքում սեզոնային ալերգիան կարող է դառնալ շուրջամյա հիվանդություն` նույնիսկ վերածվելով բրոնխիալ ասթմայի:
Ալերգիայի բուժումը կատարվում է ալերգիկ-մաշկային փորձերով անցկացվող հետազոտությունից հետո, երբ պարզվում է, թե կոնկրետ որ բույսն է ալերգիայի պատճառը: Այնուհետև սկսվում է հատուկ իմունոթերապիայի փուլը:
Մասնագետի խոսքով` տղաներն ավելի շատ են տառապում ալերգիայով, քանի որ նրանց քթի միջնապատը, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ավելի հաճախ է կոտրվում. սա մեծացնում է զգայունությունը: Սակայն բժշկին դիմելու հարցում ավելի աչալուրջ ու հետևողական են աղջիկները: Ինչպես միշտ:
Իսկ ի՞նչ անել, եթե բժիշկդ քաղաքում չէ կամ դեռ չես հասցրել դիմել նրան:
1.Աշխատիր դուրս չգալ առավոտյան ժամերին:
2.Տանը տեղադրիր օդափոխիչներ. դրանք դրական ազդեցություն են ունենում, քանի որ թույլ չեն տալիս, որ շատ փոշի ներթափանցի սենյակ:
3.Սենյակի փոշին մաքրիր խոնավ շորով, որպեսզի նվազեցնես փոշու քանակը: Տունը մաքրիր ավելի հաճախ:
4.Սենյակում կախիր թանզիֆե խոնավ վարագույրներ, որպեսզի կանխես ծաղկափոշու ներթափանցումը:
5.Տուն վերադառնալուն պես լվա դեմքդ կամ սրբիր թաց սրբիչով: Փոխիր հագուստդ, ցնցուղ ընդունիր. ծաղկափոշին հավաքվում է հագուստի ու մազերի մեջ:
6.Եթե աչքերդ կարմրել ու ցավում են, սառը ջրով լվացվիր:
7.Պահիր գրքերը. դրանք ամենաշատն են փոշի հավաքում:
8.Լվացքը պատշգամբում մի՛ չորացրու, քանի որ ծաղկափոշին կհավաքվի սպիտակեղենի վրա:
9.Աշխատիր խուսափել կոսմետիկայից, օգտագործելու դեպքում էլ միայն հակաալերգիկ միջոցներից օգտվիր:
10.Աշխատիր տանը կատու կամ շուն չպահել. նրանք էլ են փոշու կլանիչներ:
11.Ժամանակավորապես հրաժարվիր սենյակային բույսերից:
12.Հավաքիր բոլոր գորգերն ու մեծ փափուկ խաղալիքները:
13.Խուսափիր լվացքի փոշուց ու ծխախոտի ծխից. դրանք կարող են սրել ալերգիկ ռեակցիաները:
14.Օգտագործիր միայն հակաալերգիկ նյութերից պատրաստված ծածկոցներ ու բարձեր:
15.Տնից դուրս մի՛ արի առանց արևային ակնոցի. դա կանխում է ծաղկափոշու ներթափանցումն աչքերիդ մեջ:
Ալերգիայի ամենաթեժ ամիսներն առջևում են, սակայն դա վհատվելու պատճառ չէ: Եվ եթե նույնիսկ կարմրած աչքերով ու մի քանի տուփ անձեռոցիկով գնաս ժամադրության, հոգ չէ. նախ՝ կարմրած, լացակումած աչքերը տղամարդկանց մեծամասնությունը ռոմանտիկ, անգամ սեքսուալ է համարում, հետո էլ՝ նա քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին դու կաս:
Լուսանկարները ըստ HMI-ի













































































