-Կա՞, արդյոք, կուսությունը կորցնելու կոնկրետ տարիքային սահման` հետագայում առողջական խնդիրներ չունենալու համար: Եվ ի՞նչ հավանական խնդիրներ կարող են ծագել:

- Այս հարցը նախ և առաջ հոգեբանական բնույթի խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական կյանքի սկիզբը պետք է գիտակցված որոշում լինի: Անկախ տարիքից` ճիշտ չի լինի սեռական հարաբերություններ սկսել լոկ վախի, պարտականության զգացումից, հետաքրքրասիրությունից կամ նմանատիպ այլ պատճառներից դրդված: Դեռահասների շրջանում կուսությունը կորցնելը դիտվում է որպես սոցիալական ու ֆիզիկական հասունության նշան: Սթրեսային է ոչ թե սեռական կյանքի առկայության կամ բացակայության հարցը, այլ աղջիկների մոտեցումն այդ փաստին:

Զուտ ֆիզիոլոգիայից ելնելով` խորհուրդ է տրվում սեռական հարաբերություններ սկսել առնվազն 16 տարեկանից հետո, երբ օրգանիզմն անատոմիական տեսակետից պատրաստ կլինի դրան: Տարիքի վերին սահման չկա: Ըստ էության` առողջական խնդիրներ կարող են ծագել, եթե կինը ծանր է տանում իր մենակությունը և իրեն լքված ու անպետք է համարում: Դա բերում է սթրեսի ու ընկճախտի: Նման պայմաններում սեռական կյանքի բացակայությունը կարող է դաշտանային ցավերի, ցիկլի խանգարման, գաստրիտի կամ ստամոքսի խոցի առաջացման պատճառ դառնալ: Սրանք տվյալ դեպքում երկրորդական հիվանդություններ են, որոնք զարգանում են նյարդային խանգարման արդյունքում:

Եկատերինա Բուխարինա, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ

- Քույրս ձեռքի վրա վիտիլիգո ունի: Նա շատ է ամաչում այդ լաքա-բծերից, իսկ ես վախենում եմ, որ դրանք ինձ մոտ նույնպես կարող են ի հայտ գալ: Այդ հիվանդությունը ժառանգակա՞ն է: Կա՞ն արդյոք կանխարգելիչ միջոցներ կամ բուժում:

-Վիտիլիգոն մաշկային ձեռքբերովի հիվանդություն է, որը քրոնիկ բնույթ է կրում: Այն արտահայտվում է պիգմենտային լաքաների տեսքով, որոնք ժամանակի ընթացքում տարածվում ու միանում են իրար: Դրանք հայտնվում են օրգանիզմում մելանին պիգմենտի պակասի կամ բացակայության պատճառով: Այդ հիվանդության ժառանգական լինելու մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան: Ժառանգաբար կարող են փոխանցվել թերևս միայն հակվածության գործոնները` վեգետատիվ և իմունային, որոնք էլ իրենց հերթին կարող են պատճառ դառնալ բուն հիվանդության զարգացման համար: Սթրեսը, ներքին օրգանների քրոնիկ հիվանդություններն ու մաշկային վնասվածքները ևս նպաստում են վիտիլիգոյի առաջացմանն ու զարգացմանը: Դեպքերի 5 %-ում մաշկի գույնն ինքնաբերաբար վերականգնվում է, լաքաներն անհետանում են նույնքան անսպասելիորեն, ինչպես հայտնվել էին:

Ժամանակակից բժշկությունն արդեն դրական արդյունքներ է արձանագրել այս խնդրի լուծման մեջ: Մաշկի վրա ներազդում են պսորալեն նյութով, որն ունի բուսական ծագում և բարձրացնում է լույսի հանդեպ մաշկի զգայունությունը: Կիրառում են նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Արդյունքում մաշկը քիչ թե շատ միագույն է դառնում: Օգտակար են նաև լազերային թերապիան և անհատականորեն մշակված վիտամինային կոմպլեքսները:

Տատյանա Օլշանովա, բժիշկ-մաշկավեներոլոգ, «Օն Կլինիկ» բժշկական կենտրոն

Լուսանկարները ըստ Shutterstock