Cosmopolitan-ը տասնյակ հարցեր է ստանում առողջության վերաբերյալ: Մենք էլ խմբագրել ու իմի ենք բերել ամենից հաճախ կրկնվող հարցերը: 

ՀԱՐՑ: Ամեն տարի՝ եղանակների ցրտելուն զուգահեռ, ինձ մոտ սկսվում է հարբուխ, որը ձգվում է մինչև աշնան վերջ: Միշտ կարծել եմ, թե դա ընդամենը մրսածություն է: Վերջերս իմացա, որ պատճառը կարող է ալերգիան լինել: Եթե այդպես է, ապա ի՞նչ անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Ալերգիան հեշտությամբ կարելի է շփոթել մրսածության հետ. այս երկու հիվանդությունների ախտանիշները մեծ մասամբ համընկնում են: Մրսածության հետ մեկտեղ հաճախ աչքերն արցունքակալում են, սկսվում է փռշտոց: Մրսածությունն ալերգիկ ռինիտից կարելի է տարբերել միայն տիպիկ ախտանիշների (օրինակ` բարձր ջերմություն, մկանային ցավեր, գլխացավ) բացակայության շնորհիվ: Ու թեև սեզոնային ալերգիան աշնանային ամիսներին հիմնականում չի արտահայտվում, բացառություններ հնարավոր են: Երբեմն պատճառը կարող է լինել ուշ ծաղկող ծառերի ծաղկափոշին: Ամեն դեպքում, ինքնուրույն ախտորոշում անելը լավագույն տարբերակը չէ. խորհրդակցիր բժիշկ-ալերգոլոգի հետ: Հատուկ թեստերի միջոցով նա հստակ կորոշի քո վատ ինքնազգացողության պատճառը:

Իրինա Զալեմ, բգթ, բժիշկ-թերապևտ

ՀԱՐՑ: Երբ նյարդայնանում եմ, ձեռքերիս ափերը սկսում են քրտնել: Արդյո՞ք կարելի է ինչ-որ կերպ պայքարել դրա դեմ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Հաղթահարել հիպերհիդրոզը` առատ քրտնարտադրությունը, կարելի է բոտուլոտոքսինի կամ բոտոքսի ներարկումների միջոցով: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-էնդոկրինոլոգի հետ. գուցե պատճառը հորմոնալ խանգարումներն են: Հնարավոր է նաև, որ դա քո վեգետատիվ համակարգի առանձնահատկությունն է: Բոտոքսի ներարկումներն անում են մաշկի տակ, ափի հատուկ կետերում: Իսկ այդ կետերը որոշվում են թեստի միջոցով. ձեռքի վրա կաթեցվում է յոդ, իսկ վրայից`օսլա: Մի քանի րոպեից առավել քրտնող հատվածները կապտում են. այդ մասերում էլ արվում են ներարկումները: Մինչ այդ դաստակներին քսում են լիդոկային պարունակող ցավազրկող քսուք: Քրտնագեղձերը փակվում են ժամանակավորապես` մոտ մեկ տարով: Հետո ներարկումներն անհրաժեշտ է կրկնել:

Լաուրա Գուրցկայա, բժիշկ-դերմատոլոգ-կոսմետոլոգ, «Օն Կլինիկ» բժշկական կենտրոն

ՀԱՐՑ: Ես քսան տարեկան եմ: Հաճախակի ունենում եմ գլխապտույտներ, մասնավորապես՝ աստիճաններով բարձրանալիս և իջնելիս կամ աթոռից կտրուկ վեր կենալիս: Երբեմն համարյա ուշաթափության է հասնում: Ի՞նչ անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ՝ հանձնիր արյան անալիզ` գլյուկոզայի տոկոսը և հեմոգլոբինը ստուգելու համար: Եթե դիետա ես պահում, զբաղվում ես սպորտով կամ ակտիվ կյանք վարում, հավանաբար քեզ մոտ անեմիա է (սակավարյունություն): Այդ դեպքում կօգնեն առավոտյան լիարժեք նախաճաշը և երկաթ պարունակող միջոցները, որոնք անհրաժեշտ է խմել մոտ երկու ամիս: Սակայն խորհուրդ չի տրվում դրանք ընդունել առանց բժշկի հետ խորհրդակցելու: Գլխապտույտի պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիաները, վահանաձև գեղձի, հիպոֆիզի կամ գլխուղեղի անոթների աշխատանքի խանգարումները: Դաշտանային ցիկլի խանգարումները նույնպես կարող են նման ինքնազգացողության պատճառ հանդիսանալ: Ուստի ցանկացած դեպքում ճիշտ կլինի սկսել բժշկին այցելելուց:

Եկատերինա Բուխարինա, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Պրոֆ. Կալինչենկոյի բժշկական կենտրոնի ուրոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար

ՀԱՐՑ: Երկար ժամանակ ղեկին լինելուց հետո ուժեղ ցավեր են սկսվում աջ ոտքիս հատվածում: Այդ ոտքիս վրա թեթև վարիկոզ կա, որը մեր ընտանիքում ժառանգական է: Արդյո՞ք դա է ցավի պատճառը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Առանց ստուգման՝ ցավի պատճառը հասկանալը բարդ է: Այստեղ խոսքը գնում է երակային համակարգի պաթոլոգիայի մասին, ինչը ժառանգական բնույթ է կրում և արտահայտվում է ներկայիս վարիկոզով: Սակայն գուցե պատճառը դորսոպատիան է` հենաշարժողական համակարգի խանգարումը, քանի որ ցավն ուղղակիորեն կապված է երկար ժամանակ մեքենա վարելու և նստած դիրքում գտնվելու հետ: Նախ դիմիր նևրոլոգի և ֆլեբոլոգի օգնությանը:

Միխայիլ Չերեպենին, բգթ, ֆլեբոլոգ, «Սեմեյնայա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ

ՀԱՐՑ: Թեև ուտելիքը երբեք չեմ չարաշահում, ինձ տանջում է ստամոքսի հատվածում մշտական ծանրության զգացումը: Աշխատանքի ու լարված գրաֆիկի բերումով հաբեր չեմ կարող ընդունել. ի՞նչ կարելի է անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Ամենահավանական պատճառը ժամանակակից ապրելակերպն է ու ծանրաբեռնված առօրյան: Զարգացած երկրների բնակչության մոտ մեկ երրորդը տառապում է դիսպենսիայով, որն արտահայտվում է ստամոքսի շրջանում ծանրության զգացումով և սրտխառնոցով: Քեզ համար օպտիմալ տարբերակը ծծողական հաբերն են, որոնք ընդունվում են առանց ջրի և լուծվում են լեզվի տակ երկու-երեք վայրկյանում: Եվ իհարկե պետք է հետևել սննդակարգին. անցնել սնման առանձնացված տարբերակի և սահմանափակել յուղոտ կերակրատեսակները:

Յուլիա Շուլպեկովա, բգթ, N 2 կլինիկական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի բաժանմունքի ղեկավար, «Մոտիլիում» դեղամիջոցի փորձագետ

ՀԱՐՑ: Առջևի երկու ատամներս կոտրված են: Լսել եմ, որ կարելի է կոտրված հատվածները աճեցնել: Արդյո՞ք դա դժվար է, և ի՞նչ ամրություն ունի աճեցված ատամը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Այո՛, աճեցնել կարելի է: Պետք է միայն հաշվի առնել երկու հանգամանք. կոտրված հատվածի չափը և ատամի վիճակը` արդյոք այն առողջ է: Աճեցումը շատ տարածված է մեր օրերում, տևում է մոտ մեկ ժամ և իրականացվում էսթետիկ պլոմբանյութերով, որոնք ընտրվում են բժշկի կողմից` ըստ ատամի գույնի: Սեփական ատամի ու աճեցվածի սահմանագիծն աննկատ է: Աճեցված ատամները նույնչափ ամուր են, ինչպես սեփականը, և նույնպես կարող են վնասվել կոշտ սննդից: Եթե կոտրված հատվածը մեծ է և լնդին մոտ, ավելի ճիշտ կլինի օգտագործել վինիրներ (հատուկ ճենապակե թիթեղներ, որոնց միջոցով վերականգնվում է ատամի արտաքին տեսքը) կամ ոչ մետաղական կերամիկա:

Քրիստինա Ղուկասյան, ատամնաբույժ-թերապևտ-օրթոպեդ, բարձր կատեգորիայի բժիշկ, «Օն Կլինիկ» բշժկական կենտրոն

ՀԱՐՑ: Սիրում եմ էներգետիկ ըմպելիքներ. դրանք պարզապես անփոխարինելի են քննաշրջանի ընթացքում: Իսկ մայրիկս ասում է, որ դրանք վնասակար են:

ՊԱՏԱՍԽԱՆ: Խորհուրդ կտայի բոլորովին հրաժարվել այդ ըմպելիքներից. դրանք իսկապես վնասակար են: Օրինակ՝ Ֆրանսիայում, Դանիայում և Նորվեգիայում դրանց վաճառքը սննդամթերքի խանութներում արգելված է, որովհետև նման ըմպելիքում պարունակվող շաքարի ու կոֆեինի քանակությունը վտանգավոր է երիտասարդ օրգանիզմի համար: Այդ ըմպելիքների ազդեցությունը պայմանավորվում է նյարդային համակարգը գրգռելով: Ուժն ու եռանդը, որ դու զգում ես այդ խմիչքից հետո, լյարդի ակտիվ աշխատանքի արդյունք է: Լյարդում է կուտակված գլիկոգենի՝ հատուկ ածխաջրի պաշարը։ Այն օգնում է անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում մնալ աշխույժ: Երբ դու խմում ես այդ «կախարդական» ըմպելիքը, լյարդը փոխանցում է իր ունեցած գլիկոգենի ողջ պաշարը և սկսում է արագ աշխատել` նոր պաշար ապահովելու համար: Միևնույն ժամանակ այն պետք է կատարի նաև իր հիմնական գործառույթը` վնասազերծի և դուրս հանի տոքսինները օրգանիզմից:

Հիմա պատկերացնո՞ւմ ես` ինչ վիճակում է հայտնվում քո լյարդը:
Իսկ մշտապես թարմ և աշխույժ լինելու համար պետք է ճիշտ սնվել: Քո սննդակարգում ավելացրու C վիտամին պարունակող մթերք` ճարպոտ ձկներ, ընկույզ և լոբազգիներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը և էներգիայով ապահովում օրգանիզմը:

Չավդար Պավլով, բգդ, ավագ գիտաշխատող, Վ. Խ. Վասիլենկոյի անվ. կլինիկա,
Ի. Մ. Սեչենովի անվ. ՄԲԱ

ՀԱՐՑ: Ես տառապում եմ քրոնիկ ցիստիտով: Հիմա վախենում եմ հավանական սրացումից, քանի որ հղի եմ: Ժամկետը դեռ մեծ չէ, բայց զուգարանից կախվածությունն արդեն անհանգստացնում է: Հաբեր ընդունել չեմ ուզում: Խնդրում եմ որևէ կանխարգելիչ միջոց խորհուրդ տվեք:

ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ և առաջ չզբաղվես ինքնաբուժությամբ: Հղիության ժամանակ շատ հիվանդությունների ընթացքը փոփոխվում է, և քո նկարագրած ախտանիշները կարող են բոլորովին այլ, անգամ ավելի լուրջ հիվանդության մասին վկայել: Հղիության ընթացքում ցիստիտ հազվադեպ է ախտորոշվում: Մշտապես մեծացող արգանդն ազդում է միզապարկի վրա. հենց դա էլ կարող է առաջացնել ցիստիտ հիշեցնող ախտանիշներ: Մինչդեռ հղիների մոտ շատ հաճախ զարգանում է պիելոնեֆրիտ` երիկամների բորբոքում: Ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն օգտագործել ուրոլոգիական միջոցներ, խոտաբույսեր. դա կարող է վիժման վտանգ ստեղծել: Կանխարգելիչ նպատակներով կարող ես խմել հապալասի տերևներից պատրաստված թեյ և լոռամրգի տնական հյութ, ինչպես նաև՝ սննդակարգում սահմանափակել կծու և ապխտած սննդի ու գազավորված ըմպելիքի քանակը: Եվ իհարկե, պետք է անպատճառ խորհրդակցես քո գինեկոլոգի հետ:

Յանա Դաթիևա, մեծ փորձառությամբ բժիշկ-գինեկոլոգ

Լուսանկարը` ըստ HMI-ի