Զրուցեց Մարգարիտա Եսոյանը

Cosmo-ն գիտի, որ հենց այս ամառ դու որոշել ես էլ ավելի գեղեցկացնել մարմինդ, այդ պատճառով հատուկ քեզ համար մենք զրուցեցինք կինեզիոլոգ, գիտությունների թեկնածու Արա Պատվականյանի հետ, ում խորհուրդները, անկասկած, կօգնեն, որպեսզի քո ֆիթնես պարապմունքներն առավել արդյունավետ դառնան:

- Օրվա ո՞ր ժամերն են ամենաարդյունավետը սպորտով զբաղվելու համար:

-Պար ապմունքների արդյունավետությունը հիմնականում որոշվում է` կախված տվյալ մարդու օրվա գրաֆիկից: Եթե տվյալ մարդն աշխատում է երեկոյան ժամերին, ապա առավոտյան ժամերին ֆիթնես պարապմունքները պետք է չափավոր լինեն, որպեսզի չընկնի աշխատունակությունը: Հիմնականում, եթե ազատ ժամերի հետ խնդիրներ չկան, խորհուրդ է տրվում պարապմունքների գնալ երեկոյան ժամերին կամ օրվա երկրորդ կեսին. այսպես պարապմունքները նաև լիցքաթափող միջոց կհանդիսանան, հատկապես, եթե որպես լրացում, նաև գումարվի այցելությունը լողավազան: Լողը կօգնի, որ ինտենսիվ պարապմունքներից հետո մկանների լարվածությունը շուտ անցնի:

- Կարելի՞ է արդյոք պարապմունքից հետո հաց ուտել:

-Կրկին կախված է նրանից, թե օրվա որ ժամերին են անցկացվում պարապմունքները: Կարևորը` պետք է հիշել, որ երեկոյան պարապմունքներից հետո հաց ուտել կարելի է, բայց այդ սնունդը չպետք է ունենա բարձր կալորիականություն կամ յուղալի լինի: Նման սնունդը բարենպաստ պայմաններ է ստեղծում ճարպակալման համար:

- Պարապմունքները դադարեցնելուց հետո մարմնի քաշի ավելացումն ավելի արա՞գ է ընթանում:

-Ընդհանրապես սիստեմատիկ պարապմունքների արդյունքում տվյալ մարդու օրգանիզմն այսպես թե այնպես կախվածություն է ձեռք բերում, ու բնական է, որ պարապմունքների միանգամից դադարեցումը կարող է նման հետևանքներ թողնել: Ավելին, ֆիզիկական լարվածության նման կտրուկ փոփոխությունները կարող են նաև լուրջ ազդեցություն թողնել առողջության վրա:

- Ի՞նչ ազդեցություն կարող է տալ յուրաքանչյուր ֆիզիկական պարապմունքից հետո շոգեբաղնիք գնալը:

-Դա նպաստում է քաշի իջեցմանը, քանի որ տվյալ մարդը, քրտնելով, նիհարում է: Օրինակ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները յուրաքանչյուր մենամարտից հետո երկուսից երեք կիլոգրամով նիհարում են, ու այդ ամենը քրտնելու շնորհիվ: Դե պատկերացրեք, որ մեկ գրամ քրտինքը պարունակում է 0,58 կկալ:

-Ինչպիսի՞ վարժություններ է պետք անել, որպեսզի ձիգ, բայց ոչ մկանուտ մարմին ունենալ:

-Պետք է անել վարժություններ, որոնք ազդում են մկանի ուժի, այլ ոչ թե ռելիեֆի վրա: Եվ, բացի պարապմունքներից, անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգի` բացառելով յուղալի ուտելիքները:

Լուսանկարները ըստ HMI-ի