Ընկերության տնօրինությունը կորպորատիվ երեկույթ է կազմակերպում, որ աշխատակիցների միջև ջերմ ու մտերմիկ մթնոլորտ ստեղծվի, բայց արի ու տես, որ հաջորդ առավոտ բոլորը փսփսում են, թե ինչպես էր հարևան բաժնի աշխատակցուհիներին ողջ երեկոյի ընթացքում փորձում «կպցնել» բաժնի ղեկավարին...

Ըստ` Մարգարիտա Եսոյանի

Կորպորատիվ երեկույթները ոչ միայն լավ առիթ են ստեղծում կոլեկտիվի մյուս անդամների հետ շփվելու կամ տնօրենին «հավեսով պարելիս» տեսնելու համար, այլև միջոց են դիմացինին ավելի լավ ճանաչելու համար: Իսկ այ` կդառնաս կորպորատիվ երեկույթի գլխավոր հերոսուհի՞ն, թե՞ տհաճ խոսակցությունների առարկան, կախված է միայն քեզնից:

Cosmo.am-ը կօգնի քեզ ճիշտ ներկայանալ կորպորատիվ երեկույթների ժամանակ

Ներկայությունը պարտադիր է: Սարսափելի գլխացավը կամ մեկ օր առաջ սիրելիիդ հետ վիճելը բնավ պատճառ չէ կորպորատիվ երեկույթից բացակայելու համար: Հիշի՛ր` բացակայությունդ կդիտվի որպես բողոքի նշան: Չեմ կարծում, որ ցանկանում ես «սպիտակ ագռավի» կոչում ստանալ կոլեգաներիդ շրջանում: Եվ մի բան ևս. որքան հաճախ մասնակցես նման միջոցառումներին, այնքան հեշտ ու արագ կծանոթանաս կոլեգաներիդ հետ, ինչն էլ քեզ հետագայում կօգնի աշխատանքային գործընթացում:

Յոթ օր, յոթ գիշեր: Մտածում ես` ե՞րբ պետք է տուն վերադառնալ կորպորատիվ երեկույթից: Հըմմմմ... Մի քանի ժամով գալու ու անգլիական ոճով հեռանալու տարբերակը միանգամից ջնջում ես ցուցակիցդ: Անպայման մասնակցիր երեկույթի թեժ մրցույթներին ու պարերին: Գնալուց առաջ էլ անպայման մոտեցիր տնօրինությանդ ու շնորհակալություն հայտնիր հաճելի երեկոյի համար:

Բա չիմացար... : Միջոցառման ժամանակ կոլեգաներիդ հետ միևնույն սեղանի շուրջ նստած քննարկում ես ղեկավարիդ կողմից տրված նոր առաջադրանքը: Աշխատանքի, քաղաքականության, կրոնի ու ընկերության մյուս աշխատակիցներին վերաբերող թեմաներին կորպորատիվ երեկույթի ժամանակ ավելի լավ է չանդրադառնաս: Դրա փոխարեն խոսիր սպորտի, մշակույթի մասին: Մի' ամաչիր որևէ զվարճալի պատմություն պատմել: Հիշի՛ր` միայն զվարճալի ու հետաքրքիր թեմաներ:
Մի թասը լավ է, բայց երրորդը ցավ է: Միջոցառման ժամանակ ոչ ոք չի հաշվելու, թե դու քանի բաժակ ալկոհոլ ես խմել, բայց այդ բաժակների արդյունքը կարող է շատ էլ ակնհայտ դառնալ: Հիշում ես չէ՞ Cosmopolitan-ի ապրիլյան համարը, ուրեմն նաև կհիշես, որ անտի-sexy է, երբ կանայք այնքան հարբած են, որ իրենց օգնություն է հարկավոր մեքենա նստելու համար: Հետևաբար, բավարարվում ես մեկ գավաթ շամպայնով կամ գինով և յուրաքանչյուր կենացի ժամանակ մի փոքր կում անում: Ասեմ քեզ, որ այդ տեսարանը կողքից շատ գեղեցիկ է դիտվում:

Կորպորատիվ դրեսս-կոդ: Գիտեմ, գիտեմ, ամենադժվարը հագուստ ընտրելն է: Հատկապես, եթե հաշվի ես առնում, որ շաբաթվա հինգ կամ վեց օրը կոլեգաներդ տեսնում են քեզ, հազիվ ես դիմանում գայթակղությանը, որպեսզի մի օրիգինալ կերպարով չներկայանաս: Նախ և առաջ երեկույթի կազմակերպիչներից ճշտիր` արդյոք կա՞ն որևէ սահմանափակումներ, թե՞ ոչ: Եթե այդպիսիսք չկան, ապա ընտրությունդ կանգնեցրու նուրբ երանգի կոկտեյլային զգեստի վրա` վերջինս համադրելով համեստ աքսեսուարներով և զուսպ դիմահարդարմամբ:

Կպարե՞ս ինձ հետ: Եթե մեկ տարածքում միաժամանակ գտնվում են գեղեցիկ կանայք ու գրավիչ տղամարդիկ, ապա ֆլիրտ ասածից խուսափել հաստատ չի ստացվի: Մի' մերժիր պարի հրավերը, թույլ տուր, որ գեղեցկադեմ երիտասարդ կոլեգադ ուղեկցի քեզ մինչև տաքսի նստելը, բայց ոչ` մինչև տուն: Կորպորատիվ երեկույթի ժամանակ մի' շտապիր նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել և, հարմար առիթը բաց չթողնելով, առանձնանալ նրա հետ: Հիշի՛ր, որ առավոտյան նոր աշխատանքային օր է սկսվելու, ու պետք չէ, որ այդ օրվա թոփ լուրը ձեր թեթև ֆլիրտը լինի:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի