Արձակուրդից հետո աշխատավայր վերադառնալը շատ հեշտ է. առավոտյան արթնանում ես, հագնվում, գնում գրասենյակ: Բայց անցնում է մեկ ժամ, ու հասկանում ես, որ աշխատելու ցանկություն ընդհանրապես չկա, իսկ միայն ֆիզիկական ներկայությունդ բավական չէ կուտակված հանձնարարությունները կատարելու համար:

Ըստ Մարգարիտա Եսոյանի

Մուգ արևայրուքն ավելի նկատելի է դարձնում ճերմակ ատամնաշարդ, պայուսակդ լցված է գործընկերներիդ համար բերված փոքր հուշանվերներով, ու թվում է, թե մի թեթև հարվածով կարող ես սարեր շուռ տալ, բայց, երբ հարազատ աշխատասեղանիդ վրա տեսնում ես թղթերի մի խուրձ, փոշոտ համակարգիչ ու ինչ-որ մեկի՝ դեռ երեկվանից մնացած սուրճի բաժակը, միանգամից ցանկություն է առաջանում անխոս շրջվել ու տուն գնալ: Մի կերպ հաղթահարելով ինքդ քեզ` փորձում ես սկսել աշխատանքային օրդ: Երեսունչորս րոպե է, ինչ նստած ես, իսկ մեջքդ ու նստատեղդ արդեն ցավում են, գրիչն անընդհատ կորում է տեսադաշտիցդ, գործընկերներդ էլ այնքան բարձր են հեռախոսով խոսում, կարծես ֆուտբոլային ռեպորտաժ են վարում:

Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի գիտնականները պարզել են, որ աշխատող իսպանացիների կեսն արձակուրդից հետո ընկնում է սթրեսային վիճակի մեջ ու պարբերաբար նյարդայնանում: Վերջիններս ունենում են ուժեղ գլխացավ, ցավեր կրծքավանդակի շրջանում, ստամոքսի խանգարում, արյան ճնշման տատանում և նույնիսկ՝ անքնություն:

Ու ամենասարսափելին այն է, որ արձակուրդից հետո աշխատանքի նկատմամբ կարող է այնպիսի ատելություն առաջանալ, որ դու առանց մեկ վայրկյան վարանելու պատրաստ լինես ստորագրել աշխատանքից ազատվելու դիմումը: Ու սա ապացուցված փաստ է: Ամերիկացի հետազոտողները հաշվարկել են, որ աշխատանքից ազատվելու դիմումների 80%-ը գրվել է արձակուրդից անմիջապես հետո: Ավելի լավ է չշտապես, քանի որ չկա մի իրավիճակ, որ լուծում չունենա:

Եվ այսպես.

Չորեքշաբթի` աշխատանքային օր: Այնպես պլանավորիր արձակուրդդ, որ աշխատանքի վերադառնալուց առաջ ունենաս մեկ կամ ավելի լավ է՝ երկու ազատ օր: Առաջին օրը կծախսես քնելու, կլիմայական պայմաններին ու ժամային փոփոխություններին հարմարվելու, ճամպրուկի պարունակությունը դատարկելու վրա: Կիսվիր ընկերներիդ ու հարազատներիդ հետ քո տպավորություններով և շատ զբոսնիր. ակտիվ հանգստից հետո մեկ ամբողջ օր տան չորս պատերի մեջ մնալը նույնպես կարող է սթրեսի պատճառ դառնալ: Եվ ամենակարևորը, աշխատանքային ծանրաբեռնվածության կիզակետում չհայտնվելու համար աշխատանքի անցիր ոչ թե երկուշաբթի կամ երեքշաբթի, այլ չորեքշաբթի օրը: Մինչ կուսումնասիրես էլեկտրոնային փոստիդ նամակները, կկարգավորես առաջնային կարևորություն ունեցող հարցերն ու կկազմես գալիք շաբաթվա աշխատանքային պլանը, կգան սպասված հանգստյան օրերը:

Պոզիտիվ տրամադրություն: Աշխատանքի գնալու ճանապարհին հիշիր արձակուրդի ժամանակ տեղի ունեցած զվարճալի դեպքերը: Իսկ ինչ վերաբերում է խեցիներով զարդարված շրջանակով քո ամառային լուսանկարն աշխատավայր տանելուն, այ դա ավելի լավ է չանես: Փոխարենը կարող ես վերցնել դասական շրջանակի մեջ դրված այն լուսանկարը, որտեղ տնօրենդ քեզ գովասանագիր է տալիս: Կարծում եմ՝ դա քո մեջ նոր բարձունքներ հաղթահարելու ձգտում կարթնացնի:

Ինտրիգների մասնագետ: Այն րոպեից, երբ ոտք կդնես գրասենյակ, աշխատակիցների մեծ մասը շտապելու է հարցախեղդ անել քեզ, թե ինչպես անցկացրիր արձակուրդդ: Պահիր լարվածությունը` ասելով, որ ամեն ինչ մանրամասն կպատմես ընդմիջման ժամանակ: Կարող ես հաճույք ստանալ` ժամեր շարունակ տեսնելով գործընկերներիդ անհամբեր հայացքները:

Offline կարգավիճակ: Եթե աշխատանքդ չի պահանջում Skype-ի, Facebook-ի կամ ICQ -ի օգտագործում, ապա ցանկալի է, որ դրանք մինչև աշխատանքային շաբաթվա վերջ իսպառ վերանան քո առօրյայից: Աշխատանքային ժամերին ընկերներիցդ մեկը, տեսնելով, որ օն-լայն ես, անկասկած առիթը բաց չի թողնի քեզ հետ արձակուրդից խոսելու: Նրա հետ զրուցելը հաստատ չի նպաստի քո կենտրոնանալուն, դեռ մի բան էլ կշեղի քեզ:

Առանց խուճապի: Առաջին աշխատանքային օրվա ընթացքում քեզ կարող է թվալ, թե ուղեղդ բթացել է: Գերմանացի գիտնականները, օրինակ, պարզել են, որ մի քանի շաբաթ շարունակ ծովափին հանգստանալուց հետո մարդու ինտելեկտուալ զարգացվածության աստիճանը նվազում է քսան կետով: Վերադառնալուց մի քանի օր անց քո IQ-ն շատ արագ կվերականգնվի: Այնպես որ, խուճապի մի՛ մատնվիր: Հերթով ծանոթացիր ընկերության նորություններին, թերթիր նոր կազմված փաստաթղթերը, խնդրիր գործընկերներիդ պատմել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել քո բացակայության ժամանակ: Այդպես աստիճանաբար ամեն ինչ կընկնի հունի մեջ:

Ու մի՛ մոռացիր դրական տրամադրվածության մասին: Առավոտյան արթնանալիս «Վա՛յ, այսօր պիտի գործի գնամ» բացասական արտահայտությունն անելու փոխարեն ուրախացիր, որ, օրինակ, գործընկերներդ վերջապես կտեսնեն քո իդեալական արևայրուքը:

Լուսանկարները` ըստ HMI-ի