Գրասենյակում անցնում է իմ օրվա հիմնական մասը: Ծնողներիս ու հարազատներիս երբեմն ավելի քիչ եմ տեսնում, քան կոլեգաներիս: Գրասենյակում... ինչեր ասես, որ չեն լինում: Ու կան, այնուամենայինվ, սկզբունքներ, որոնց հետևել պետք է` կարիերայում առաջընթաց ունենալու, միևնույն ժամանակ ընկերներ չկորցնելու համար:

Ըստ` Գայանե Ասրյանի

Օրվա ամենահաճելի պահն է` ընդմիջումն աշխատավայրում, միանգամից 8 աղջիկներով գրոհում ենք խոհանոց, սկսվում են խոսակցություններն ու բամբասաքները...Իսկ ի՞նչ տրամադրություններ են լինում մինչև ընդմիջումն ու ընդմիջումից հետո:
«Մենք աշխատավայրում շատ մեկուսացած ենք իրարից, պատճառն այն է, որ աշխատակիցների մեջ տարիքային մեծ տարբերություններ կան: Բացի այդ՝ արդեն փորձառու աշխատողները վերևից են նայում նորեկներին, և սկսվում է դարավոր կոնֆլիկտը»:

Նարե, 26 տ.

Կինն աշխատավայրում ձգտում է երկու կարևոր պայմանների` հարմարավետության և ուշադրության: Դրանիցից անգամ մեկը չգտնելու դեպքում, եթե նաև սրան ավելացնենք սիրելիի կողմից անպատասխան թողնված զանգերը, սկսվում է հայկական արտադրության ֆիլմ՝ «Ինձ ոչ ոք չի հասակնում» վերնագրով:
Սկսում ես նյարդանալ և գործընկերներիդ հետ չոր ու կոպիտ խոսել. հիշիր` նրանք հնարավոր է չներեն քեզ. չէ՞ որ ազգականներդ չեն:

«Գործընկերներս ինձ համար ավելի կարևոր են և հարազատ, քան իմ որոշ բարեկամներ: Միասին աշխատում ենք օրվա մեջ 12 ժամ, միասին ուտում ենք, միասին ծխում, միասին լուրջ հարցեր լուծում, երեկոյան էլ` միասին զբոսնելու գնում»:

Տաթևիկ, 29 տ.

Աշխատավայր մտնելիս պետք է դռներից այն կողմ թողնել ընտանեկան հոգսերը, ընկերական լարված հարաբերությունները, վեճերը սիրելիի հետ: Սովորաբար աղջիները սիրում են աշխատավայրում գնտել ընկերուհիներ, որոնց կվստահեն իրենց գաղտնիքները, սակայն աշխատանքային ընկերներին պետք չէ զափացանց վստահել «շատ հայտնի պատճառով»:

«Ամեն ինչ լավ է միայն առաջին հայացքից, սակայն, երբ որ շեֆը մեզանից որևէ մեկին իր մոտ է կանչում , դրանից հետո մի քանի շաբաթ շարունակ գրասենյակում քաոսային իրավիճակ է տիրում, սկսում են փչացած հեռախոսի էֆեկտով տեղեկությունները սենյակից սենյակ անցնել, մինչև որ մեկը չի դիմակազերծվում»:

Ինեսա, 26 տ.

Գործընկերային երկու հարաբերություն կա` զուտ գործընկերային, որը սկսվում և ավարտում է 8 ժամվա մեջ և գործընկեր-ընկերային, որը սկսվում է և չի ավարտվում:

Առաջինի դեպքում պետք է հետևել որոշ ձևականությունների, որոնք ընդունված է անվանել «գործընկերային էթիկա», որտեղ կան սահմաններ, ձևեր, կաղապարներ:

Նա ժպտում է և գովում քո աշխատանքը, դու էլ պետք է քաղաքավարի լինես և գնահատես նրան: Քննարկումների ժամանակ, եթե անգամ նա աստղերից է խոսում, իսկ իրականում պետք է շինարարական ծախսերից խոսի, պետք է լսել աստղերի մասին նրա ասքը: Սուրճ պատրաստելիս ոչ մեկին մի պարտավորեցրու. ներքին հերթապահությամբ առաջնորդվիր` մեկ ես, մեկ դու, մեկ Աննան...Սա սերիալից չէր, ի դեպ :)

«Աշխատավայրում բոլորս աղջիկներ ենք ու շատ դժվար է յոլա գնալ իրար հետ: Մեկն ավելի հարուստ ընկեր ունի, քան մյուսը, մեկի պապան մեծահարուստ է, մյուսի տունը սեփական է, և տանն էլ աշխատող կա: Մեր մեջ վիճաբանություններն առաջանում են հիմնականում այս հողի վրա, բայց ես կարծում եմ, որտեղ երեք և ավել աղջիկներ, այնտեղ` խանդ իրար հանդեպ»:

Մագդա, 27 տ.

Անձնական կյանքի, հարևանի վեճերի, շրթներկի գույների մասին գործընկերներիդ հետ մի խոսիր, նրանք քո հարևան Գոհարը չեն... Իսկ եթե արդեն մտերիմ մարդ ունես, որի հետ աշխատանքից դուրս շատ հետաքրքրություններ ունես, զգույշ եղիր, սկզբում խոսիր նախ շրթներկի գույների, հետո հարևանի վեճերի, իսկ երբ արդեն համոզված կլինես նրա կամ նրանց հավատարմության մեջ, նոր միայն պատմիր անձնական կյանքիդ մասին:

Դու արժանի ես լավ գործընկերներ ունենալ, բայց նախ ինքդ եղիր լավ գործընկեր, հաջողություն քեզ աշխատանքում...

Լուսանկարները` ըստ HMI-ի