Միանգամից մտածեցիր, որ այժմ սկսելու ենք քննադատել քո ղեկավարին...Ամենևին էլ ոչ, ընդամենը կխոսենք կին ղեկավարի մի քանի սխալի մասին ու կտեսնենք, թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինել: Չի բացառվում, որ դու նույնպես ապագայում ղեկավար լինես: Ինչպես ասում են, սովորենք ուրիշների սխալների վրա:

Պատրաստեց Գայանե Գալստյանը

Ղեկավարը պետք է առաջին հերթին հագուստի միջոցով փորձի «հավասարվել» աշխատակիցներին: Նա իր հագուկապով ու վարքագծով պետք է մշտապես հասկացնի, որ ոչնչով մյուսներից առավել չէ:

1. Չնայած մեր գրասենյակում սահմանված է հատուկ dress-code` գործնական ոճի կոստյում ու փակ կոշիկ, ղեկավարս երբեմն «անցնում է այդ ամենի վրայով» ու աշխատավայրում հայտնվում սանդալներով ու ամառային զգեստներով: Դա ինձ դուր չի գալիս. կարծես՝ նա դրանով ուզում է ընդգծել, որ մեզնից բարձր է ու կարող է իրեն կամայականություններ թույլ տալ: Եվ վերջապես նա առաջինը պետք է լավ օրինակ ծառայի ու հետևի կանոնակարգին:

Անի, 24 տ.

Ղեկավարը չպետք է թույլ տա աշխատակիցներին թեկուզ հեռակա մուտք գործել իր անձնական կյանք: Դա կարող է անլրջության մթնոլորտ ստեղծել:

2. Նա այնքան բարձր է խոսում հեռախոսով, որ ես կարող եմ ծայրից ծայր պատմել նրա անձնական կյանքի մանրամասները. տհաճ է ու շեղում է ինձ աշխատանքից:

Ժաննա, 31 տ.

Լրջությունն իհարկե անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, թե չպետք է ունենալ հումորի զգացում: Պետք չէ մտածել, թե կատակի վրա ծիծաղելն անլուրջ կդիտվի. ընդհակառակը, ծիծաղը բարձրացնում է աշխատունակությունը:

3. Երբ ինչ-որ կատակ ենք անում ու ծիծաղում, նա ուղղակի սեղմում է շուրթերն ու ակնոցի տակից նայում՝ բոլորիս դնելով անհարմար դրության մեջ:

Սոնա, 27 տ.

Ղեկավարը չպետք է գլուխը կորցնի հաջողություններից և առավել ևս` չպետք է կորցնի ինքնատիրապետումն անհաջողությունների ժամանակ՝ հիշելով, որ ինքը մի ամբողջ թիմի առաջնորդն է և օրինակ է ծառայում բոլորին:

4. Երբ մեր բաժինը հատուկ գովասանքի արժանացավ՝ բարձր արդյունքներ ցուցաբերելու համար, լուրջ ու հավասարակշիռ ղեկավարս միանգամից փոխվեց ու սկսեց ուրախությունից, բառիս բուն իմաստով, թռչկոտել: Ես նրան երբեք չէի տեսել այդպիսին. մի տեսակ տպավորություն ստեղծվեց, որ նա այնքան էլ վստահ չէր իր ուժերին:

Հասմիկ, 20 տ.

Չի կարելի բացահայտ ցույց տալ իշխանությունը. ավելին՝ պետք է հավասար վերաբերմունք դրսևորել աշխատակիցների նկատմամբ և առավել ևս՝ նկատողություն չանել ու չքննադատել նրանց մյուսների ներկայությամբ:

5. Երբ մեր աշխատակիցներից մեկն ուշանում է աշխատանքից կամ ինչ-որ բան սխալ է անում, նա ամեն անգամ տիրակալի ձայնով նշում է. «Եթե Ե՛Ս եմ քեզ ասել, դու պարտավոր ես դա անել»: Միայն այս տոնը հերիք է, որ նրան չսիրեմ:

Աննա, 26 տ.

Համակրանքն ու հակակրանքը կոնկրետ աշխատակիցների նկատմամբ չպետք է արտահայտվեն ղեկավարի վերաբերմունքում: Սա կարող է դառնալ անառողջ մրցակցության, նախանձի ու լարվածության պատճառ:

6. Նա երբեք նկատողություն չի անում մեր հաշվապահին, երբ վերջինս ուշանում է, իսկ մյուս աշխատակիցներին միշտ հայացքով կամ խոսքով հիշեցնում է կատարած «ՄԵԾ ՍԽԱԼԻ» մասին:

Լիանա, 35 տ.

7. Երբ ընդմիջմանը խոհանոցում զրուցում ենք քաղաքական, երեխայի դաստիարակության կամ նորաձևության հարցերի շուրջ, նա օգտագործում է իր դիրքն ու կարծես ցանկանում մեզ ևս պարտադրել իր հայացքները:

Աննա, 24 տ.

8. Նա պահանջում է մեզնից ժամանակին հանձնել հաշվետվությունը, սակայն ինքը հաճախ է թերանում իր պարտականություններում:

Լենա, 28 տ.

9. Եթե գրասենյակում խնդիրներ են լինում, ապա դա անպայման «ջարդվում է» մեզնից մեկի գլխին, նույնիսկ եթե կապ չունենք դրա հետ:

Նարինե, 19 տ.

Լավ ղեկավարը պետք է կարողանա ճիշտ բաժանել աշխատանքը՝ հաշվի առնելով աշխատակիցների ընդունակություններն ու մասնագիտացման ոլորտը: Եթե նա նոր է ղեկավար նշանակվել, բոլորովին պարտադիր չէ ինքնահաստատման համար ոտքից գլուխ փոխել պարտականությունների բաշխումը. նախկին ղեկավարը գուցե դա այնքան էլ վատ չի արել:

10. Միևնույն գործը նա կարող է հանձնարարել միանգամից մի քանի հոգու. արդյունքում ամեն ինչ խառնվում է իրար, ու սկսվում է մեկը մյուսի վրա բարդելու «տուն-տունիկը»:

Արման, 27 տ.

P.S. Նման սխալներից խուսափելու համար պարզապես հիշիր քո անցած ճանապարհն ու ոսկե կանոնը`«Մի՛ վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չէիր ուզի՝ քեզ հետ վարվեին»:

Լուսանկարը` ըստ Shutterstock-ի