Դու զսպում ես ժպիտդ ու հուզմունքդ, երբ աշխատակիցդ քո սենյակ է մտնում ինչ-որ թղթեր վերցնելու, և շփոթվում ես նրա տված հարցից՝ ձևացնելով, թե տարված ես կարևոր նյութեր կարդալով: Cosmo-ի նախորդ համարներում արդեն խոսել ենք աշխատավայրում ծառայողական սիրավեպ սկսելու կանոնների ու ժամանակին կանգ առնելու անհրաժեշտության մասին:
Սակայն եթե սա այն դեպքը չէ, երբ վառվում է կարմիր լույսն ու «Stop!» ազդանշանը (խոսքն աշխատավայրում քո հեղինակությունը վնասելու մասին է), խոսենք աշխատակցիդ հմայելու ու նրան քեզնով անելու մի քանի մեթոդների մասին:
«Ջնջիր» dress-code-ի սահմանները
Ինչպես ասում են, դիմավորում են հագուստով. եթե քո աշխատավայրում գործում է հատուկ dress-code-ի աշխատիր այնպես անել, որ ամեն օր միօրինակ սև ու սպիտակ կերպարով չլինես: Համեստ, բայց ճաշակով զարդ, որ կարող ես ամրացնել վերնաշապիկիդ, մեղմ երանգներով փոքր շարֆիկ, քո կազմվածքն ընդգծող գոտի... Միտքը մեկն է՝ առանձնանալ բոլորից:
Կոտրիր սառույցը
Երբ աշխատակիցներով զրուցում եք որևէ թեմայի շուրջ, և հարմար պահ է ստեղծվում նրա հետ խոսակցությունն առանձին շարունակելու, ընտրիր փոքր-ինչ ավելի մտերմիկ մի հարց, օրինակ՝ «Իսկ դու ի՞նչ էիր դիտում երեկ երեկոյան» կամ «Իսկ ի՞նչ ես սիրում անել առհասարակ երեկոյան ժամերին»: Հիմա մտածում ես, որ նա անմիջապես գլխի կընկնի: Ահա, հարցն էլ հենց այն է, որ գլխի ընկնի, բայց երբեք էլ համոզված չլինի: «Կարող ես խոսել այնպիսի թեմաներից, որոնք իբր «ի միջի այլոց» կընդգծեն ձեր ընդհանուր հետաքրքրությունները»,- ասում է «Սիրո նշաններ» գրքի հեղինակ Դեյվիդ Գիվենսը:
Հնարավորություն տուր նրան մի փոքր ճանաչելու քեզ քո աշխատանքային կերպարից դուրս: Դա ավելի քան կարևոր է: «Եթե տղամարդը գիտակցում է, որ դու իրեն համապատասխանում ես մի քանի մակարդակներում, ենթագիտակցորեն ցանկանում է հարաբերություններ սկսել»,- գրում է հոգեբան Փոլ Դոբրանսկին՝ «Մեր սիրահարվելու գաղտնի հոգեբանությունը» աշխատության հեղինակը:
Կրկին գալիս են «սառցե ժամանակները»
Քո հետաքրքրությունը ցույց տալուց հետո ուղղակի հետ քաշվիր: Իհարկե, պետք չէ շրջել գրասենյակում Սառցե թագուհու կեցվածքով ու դեմքի նույնքան սառցե արտահայտությամբ, սակայն պետք է զգացնել տալ, որ դու մի փոքր սառել ես: Ինձ ծանոթ տղաներից շատերն ընդունում են, որ հանկարծակի անտարբերությունը կարող է իրոք շարժել իրենց հետաքրքրությունը: Պատճառը տղամարդկանց «որսորդ» հոգեբանությունն է: Դե ինչ, նրա կողմից ինչ-որ նշաննե՞ր ես նկատում: Շատ լավ, անցնենք առաջ:
Թույլ տուր նրան «հերոսանալ»
Խոսքն այն մասին չէ, որ կանչես նրան քո սենյակ ու անօգնական ձևանաս՝ խնդրելով տեղափոխել քո «այնքան ծանր» աթոռը: Համոզված եմ՝ աշխատավայրում շատ դեպքեր կարող են ի հայտ գալ, երբ տղամարդու օգնության կարիք իրոք կլինի: Տեղափոխել սեղանը, կարգավորել տպիչը, տեղափոխել ծանր կապոցները. նշանակություն չունի, կարևորը՝ խնդրես նրան անել այն, ինչը համոզված ես, որ նա կարող է անել: Դեյվիդ Գիվենսի խոսքով՝ նման իրավիճակները տղամարդու մոտ արթնացնում են հոգ տանելու բնազդը: Իսկ քեզ մնում է շատ հպանցիկ ու կարծես ոչ դիտավորյալ կերպով գովաբանել նրան՝ շնորհակալություն հայտնելով:
Առանց ազատությունը սահմանափակելու
Ամեն ինչ պետք է անել աստիճանաբար, առանց շտապելու ու նրան «ֆլիրտամահ» անելու: Թույլ մի՛ տուր նրան մտածել, որ եթե դու այդքան ակտիվ ես հիմա, ապա մի քանի ամիս անց չես թողնի նրան շնչել: Թող նրան իր ազատության մեջ: Ինչպե՞ս: Շատ պարզ. ուղղակի ինքդ եղիր ազատ ու նույնիսկ մտքերում մի՛ կառչիր նրանից: Եթե նա նախորդ օրը խնդրել է շուտ դուրս գալ աշխատանքից, ապա առավոտյան պետք չէ նրան հարցուփորձ անել՝ թեկուզ կոկետ ժպիտով: Իսկ եթե պատահաբար նա բջջայինը թողած լինի քո սենյակում, ապա զանգ լսելուն պես պարզապես գնա և կանչիր նրան: Թող նա հասկանա, որ դու նույնիսկ չես էլ մոտեցել բջջայինին՝ տեսնելու համար՝ ով է զանգում:
PS Աշխատանքդ մի՛ անտեսիր նրա պատճառով: Իհարկե, կարող ես երբեմն օգնել նրան, սակայն ոչ երբեք քո աշխատանքի հաշվին: Քո պարտականությունները չպետք է տուժեն նրան սիրահարված լինելու պատճառով: Եթե նա քեզ գրում է չաթով, երբեմն հիշեցրու, որ երկուսդ էլ գործեր ունեք: Սա առաջին հերթին նրան կասի, որ դու անհատականություն ես և կարևորում ես աշխատանքդ, իսկ երկրորդը՝ նրա գլխում կհասունանա քեզ ինչ-որ տեղ հրավիրելու և քո ընկերակցությունը վայելելու միտքը: Երբեք մի՛ արա նրա աշխատանքն իր փոխարեն և մի՛ աշխատիր գոհացնել նրան. հիշիր՝ այդ դերը նրանն է, ոչ թե քոնը:













































































