Մի գաղտնիք կա, որը գիտի ցանկացած հաջողակ կին. սեքսուալությունն ու համառությունը բացում են բոլոր դռները՝ նույնիսկ ամենաանկանխատեսելի աշխատանքային պայմաններում:
Նկատե՞լ ես, որ երբ սիրելիիդ կամ ընկերներիդ հետ ես, քեզ ամենասեքսուալն ու ամենաապահովն ես զգում: Իսկ նկատե՞լ ես, թե ինչպես ես դու կերպարանափոխվում աշխատավայրում. կատարելապես չեզոքացնում ես անհատականությանդ դրսևորումներն ու փորձում «աղմուկ» չբարձրացնել:
Ըստ փորձագետների` նման տարանջատված դրսևորումները (եկ դրանք անվանենք «սոցիալական ես» և «աշխատանքային ես»), կարող են խոչընդոտել քո գործնական առաջխաղացումը:
«Մեր օրերում տնօրենները չեն ընտրում «ռոբոտ» աշխատողների, ովքեր իրենց պահում են` ինչպես բոլորը: Նրանք ձգտում են ընտրել մեկին, ով աշխույժ է, ինքնավստահ, նախաձեռնող ու գաղափարներով լի»,- ասում է «Կանանց աշխատանքային ուղեցույց» գրքի հեղինակ Սառա Քեյփը: Մենք անդրադարձել ենք երկու անհատականություններիդ միջև առկա տարբերություններին և փորձել պարզաբանել` ինչպես լինել միաժամանակ համառ ու սեքսուալ աշխատավայրում:
Սեթևեթի՛ր
«Սոցիալական ես»
Հանդիպում ես չափազանց հմայիչ մի երիտասարդի. մտքումդ անմիջապես սկսում ես պլան մշակել, թե ինչպես մտերմանալ նրա հետ:
«Աշխատանքային ես»
Վերելակ ես նստում տնօրենիդ հետ. մի փոքր լարված ես ու խոսում ես եղանակից:
Շտկում
«Մարդիկ շփվելիս կարկամում են, որովհետև մտածում են` իրենք բավականաչափ ճկուն չեն շփման մեջ»,- ասում է Ինդիանայի համալսարանի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն և հոգեբան Բեռնարդո Կարդուչին: «Իրականում պետք է լինել որքան հնարավոր է անմիջական»: «Եղանակը հիանալի է» պայմանական անվանումով թեման շոշափելն իրականում վատ չէ, չնայած որ ակնհայտ է` չգիտես` ինչպես սկսել խոսակցությունը:
Եթե կարող ես, ավելի լավ է շոշափիր որևէ կոնկրետ թեմա: Օրինակ՝ եթե գիտես, որ տնօրենդ սիրում է կինոնկարներ դիտել, խոսիր վերջին ֆիլմերի մասին: «Ի վերջո, կարևորը գործելաոճն է, այլ ոչ թե` բառերը»,- ասում է Կարդուչին: Ու պետք չէ թերագնահատել ժեստերի լեզուն: Ամենևին կարիք չկա հայացքը հառել հատակին, երբ խոսում ես տնօրենիդ հետ: Ձիգ կեցվածք ընդունիր ու նայիր ուղիղ աչքերին: «Տնօրենները ոտքի վրա կարող են եզրակացություն անել քո ինքնավստահության մասին,- ասում է «Վստահությունը արհեստավարժության հասնելու լավագույն բանալին է» գրքի հեղինակ, հոգեբան Ռոբ Յոնգը: - Առաջին մի քանի րոպեների ընթացքում տնօրենդ եզրակացություններ է կատարում ոչ այնքան նրանից, թե ինչ ես ասում, այլ նրանից, թե որքան ինքնավստահ ու ազատ ես քեզ զգում»:
Գրասենյակի պատերից ներս
«Սոցիալական ես»
Երեկույթի ժամանակ շփվում ես մարդկանց հետ, շրջում այս ու այն կողմ, զրուցում ընկերներիդ հետ կամ նոր ծանոթություններ հաստատում:
«Աշխատանքային ես»
Այնքան գործ ունես անելու, որ օրվա մեծ մասն անց ես կացնում աշխատավայրում` մի վայրկյան իսկ աչք չթարթելով:
Շտկում
Հավաքույթների ժամանակ ամենահեղինակավոր անձը սովորաբար դառնում է նա, ով ներկայացնում է իրեն ու զրուցում բոլորի հետ անխտիր: Նույն սկզբունքը գործում է նաև աշխատանքային հարաբերություններում:
«Եթե նույնիսկ գործի մեջ խեղդված ես, հարկավոր է օրվա մեջ մեկ-երկու անգամ պտտվել տարածքով, երևալ մարդկանց աչքին,- ասում է Քեյփը: - Եթե նույնիսկ ոչինչ չես էլ ասում, ներկայությունդ արդեն արձանագրվում է»: Եվ, Աստծո սիրուն, եթե գործընկերոջդ հետ խոսելու բան ունես, անձամբ ասա նրան այդ մասին:
«Դեմ առ դեմ խոսելը հաղորդակցության լավագույն տարբերակն է,- փաստում է Քեյփը: - Այս կերպ ոչ միայն փոխադարձ կապ է հաստատվում, այլև ասելիքդ ավելի հստակ ես տեղ հասցնում, քան կանեիր, ասենք, հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով»:
Կոնկրետ եղիր
«Սոցիալական ես»
Երեկույթի ժամանակ, առանց կաշկանդվելու, կարծիք ես հայտնում ամեն ինչի մասին` սկսած նրանից, թե որտեղ է քաղաքի ամենալավ պիցցան մինչև աստղերի հագուկապը:
«Աշխատանքային ես»
Առանց մանրամասնելու խուսափում ես հստակ կարծիք հայտնել (որևէ մեկին չվիրավորելու համար). փոխարենը՝ դիվանագիտորեն ես մոտենում հարցին, ասենք` «Դե, մի կողմից կարծում եմ այսպես, չնայած այս մյուսն էլ կարող է ճիշտ լինել....»
Շտկում
Սոցիալական խմբերը հետաքրքիր է դարձնում բազմազանության գործոնը: Եթե դու և բոլոր ընկերներդ միանման մտածեիք, ձանձրալի կլիներ: Իսկ աշխատանքի վայրում շատերը գերադասում են ցուցաբերել միանման վարքագիծ: Ճիշտ չէ: Քեզ աշխատանքի չեն ընդունել, որ կրկնօրինակես ինչ-որ մեկին: «Տնօրենների մեծ մասը նույնիսկ չի սիրում մշտապես «այո» պատասխանը տվող աշխատողներին:
Այսինքն, ոչ միայն գովելի է, այլև` անհրաժեշտ ցույց տալ, որ որոշակի հարցերի վերաբերյալ հստակ տեսակետ ունես: Դա տնօրենիդ առիթ կտա որոշումներ կայացնելիս և հարկ եղած դեպքում անկեղծ կարծիք լսելու համար դիմել հենց քեզ: Անկասկած, չի բացառվում, որ քո օբյեկտիվությունը երբեմն կարող է պայթյուն առաջացնել: Կյանք է: Նման դեպքերում փորձիր կատակի միջոցով շտկել իրավիճակը:
Ինքնավստահ եղիր
«Սոցիալական ես»
Աշխատանքից դուրս քո խելացի մտքերի ու սրամիտ կատակների համար ծափահարությունների չես սպասում. դու այդ մասին արդեն գիտես և եթե անկեղծ` դա քեզ այնքան էլ պետք չէ:
«Աշխատանքային ես»
Մշտապես ձգտում ես, որ տնօրենդ հավանության արժանացնի արարքներդ` համոզվելու համար, որ գործդ լավ ես անում:
Շտկում
Համոզիչ հիմնավորո՞ւմ ես ցանկանում: Ահա. դու աշխատում ես այդ գրասենյակում, որովհետև տնօրենդ քեզ լավագույն թեկնածուն է համարել. չէ՞ որ նա հենց քեզ է ընտրել և ոչ թե մեկ ուրիշ աշխատակցուհու: Անընդհատ գովասանքներ պահանջելը կարող է նյարդայնացնել:
Բացի այդ, ինչպես ասում է Քեյփը, եթե մշտապես ցանկություն ես հայտնում, որ արածիդ գնահատական տան, մարդիկ սկսում են մտածել, որ ինչ-որ բան այն չէ: Որքան էլ դժվար է, արածդ աշխատանքի համար հավանություն ստանալու նպատակով աշխատիր ամեն օր տնօրենիդ չդիմել: Դրան կարելի է անդրադառնալ ամիսը մեկ անգամ: «Այս դեպքում շեշտը դրվում է ոչ թե քո անձի վրա, այլ` կատարած աշխատանքի»:
Լուսանկարները ըստ Shutterstock-ի














































































