Ժողովին հասել ես ուշացած: Ավելին` պատրաստված չես: Դա էլ հերիք չէ, ինչ-որ մեկը թակարդ է լարել քո դեմ: Երբ վրա է հասնում այդ գրողի տարած պահը, խուճապի մի՛ մատնվիր: Կիրառիր մարտավարության այս ձևերից մեկը, որպեսզի փրկես հետույքդ, նախքան տնօրենդ կնկատի, որ խնդիրներ կան:

Առաջարկում եմ...Ա՜հ... Հը՜մ...

Տարօրինակ կհնչի, եթե որևէ մեկն ասի, որ սիրում է ժողովներ (բացառությամբ, երևի, «գրասենյակային առնետների»): Սակայն դրանք անխուսափելի են և բացի այդ՝ կարևոր: Երբեմն նույնիսկ շատ էական է, թե ինչպես հանդես կգաս այդ «միջոցառումների» ժամանակ, քանի որ մեր օրերում, կարծես, բոլորի համար աշխատանքն առաջին տեղում է: Դե, այս ֆոնի վրա պատկերացրեք, որ առանց այդ էլ լարված պահին սխալվում ես (ինչը չի բացառվում ու բոլորի հետ էլ պատահում է): Պետք է մշակել հատուկ մարտավարություն: Առաջարկում ենք հինգ տարբերակ:

«Օ՜հ, գրողը տանի»

1. Ներկայանում ես ուշացած:

2. Մոռանում ես նախապատրաստել խորհրդակցությանը ներկայացվելիք որևէ առաջարկ:

3. Գործընկերդ արժեզրկում է քո առաջարկը:

4. Ելույթի ժամանակ ինքնաբերաբար բերանիցդ դուրս է թռչում ոչ տեղին արտահայտություն:

5. Գործընկերներիցդ մեկը հանդես է գալիս այն նույն առաջարկով, որ դու էիր ասել նրան ժողովից առաջ: Առաջարկը հավանության է արժանանում:

«Փրկիր կաշիդ»

1. Կամացուկ ասա «ներողություն» ու զգույշ նստիր մոտակա աթոռին:

2. Ձևացրու, թե քո մշակած առաջարկը նման էր գործընկերոջդ ներկայացրած գաղափարին: Բռնիր նրա առաջարկի կետերից մեկի ծայրից ու ծավալվիր:

3. Ասա. «Սկզբում ես էլ նույն կերպ մտածեցի, բայց հետո նկատեցի...» և հանդարտ կերպով առաջ տար քո՛ տարբերակը:

4. Հետո խոր շունչ քաշիր ու ասա. «Ներողություն, թեմայից շեղվեցի: Թո՛ւյլ տվեք վերաձևակերպել միտքս»:

5. Հենց որ գործընկերդ վերջացնի «իր» առաջարկը ներկայացնելը, միացիր քննարկմանն ու առանձնացրու որևէ կետ` քո հավելումով տվյալ առաջարկն էլ ավելի լավը դարձնելով:

Իրադրության վերահսկում ժողովից հետո

1. Անձամբ տնօրենիցդ ներողություն խնդրիր ու խոստացիր, որ էլ չի կրկնվի:

2. Ստեղծված առաջին իսկ հնարավորության դեպքում հանպատրաստից մի քանի գաղափար առաջարկիր տնօրենիդ` հանդիպման ժամանակ նրա արած մեկնաբանությունների հիման վրա: Կցիր մի գրություն, որտեղ ասվում է. «Ստորև ներկայացված է քննարկման արդյունքում արված մի քանի եզրահանգում»:

3. Խուսափիր մյուսների ներկայությամբ գործընկերոջդ վատաբանելուց, եթե նույնիսկ զրուցակիցներդ համաձայնում են, թե որքան ստոր է նա:

4. Մի՛ կենտրոնացիր և գործընկերներիդ, առավել ևս` տնօրենիդ ներկայությամբ նորից մի՛ շարադրիր միտքդ:

5. Վրեժխնդիր լինելու լավագույն տարբերակը կանգ չառնելն է: Մտածիր նոր առաջարկների շուրջ՝ հաջորդ անգամվա համար... ու մտքերով մի՛ կիսվիր մյուսների հետ:

Արդյունավետությունը

1. Քո ներս «սողոսկելն» ավելի աննկատ է դառնում, եթե չես ընդհատում հանդիպումը` պատճառաբանություններ ներկայացնելով: Բացի այդ, արդարանալուց խուսափելը ցույց է տալիս, որ գիտակցում ու ձգտում ես ուղղել սխալդ:

2. Պարտադիր չէ, որ աշխատակիցների մոտ միշտ ծնվեն գաղափարներ, իսկ տնօրենն էլ միշտ ընդունի դրանք: Ուստի կարող ես տպավորություն գործել տնօրենի վրա, հենց որ նոր տարբերակների շուրջ մտածելու հնարավորություն ստեղծվի:

3. Ղեկավարիդ հետաքրքրում են այն աշխատողները, ովքեր օժտված են կամային հատկություններով, ինչը նշանակում է, որ ի վիճակի ես պաշտպանել տեսակետդ մինչև վերջ` առանց նահանջելու:

4. Սառնասրտություն պահպանիր, երբ հանգամանքների բերումով անհարմար իրավիճակները սասանում են ստեղծված վստահության մթնոլորտը: Բացի այդ, որքան շուտ մոռանաս կատարվածի մասին, այնքան ավելի արագ այդ մասին կմոռանա նաև դիմացինդ:

5. Եթե մատնես գործընկերոջդ, կնմանվես նվնվան երեխայի: Մինչդեռ նախագծի վերաբերյալ խելացի մտքերով հանդես գալով՝ դու միաժամանակ կհայտնվես առաջնորդի և կատարողի դերում: Իսկ սա այն է, ինչ ակնկալում է ցանկացած տնօրեն:

Լուսանկարները` ըստ HMI-ի