Այնքան ես ձանձրացել քո աշխատանքից, որ առավոտյան չես ցանկանում արթնանալ։ Աշխարհում զարմանալի, ապշեցնող մասնագիտություններ կան: Դե, անպայման չէ, որ ընտրես դրանցից մեկնումեկը, բայց որ աշխատանքի մասին քո ավանդական պատկերացումը կփոխվի, դա՝ հաստատ:

Երբեմն դժվար է պատկերացնել, որ նման աշխատանքի դիմաց կարելի է վարձատրվել

Ո՞վ է ասել, որ աշխատանքը պետք է հաճույք պատճառի: Իսկ հիմա մտածիր` ինչո՞ւ ոչ: Եթե հնարավորություն կա նորարարություն անելու, ապա օգտվիր դրանից. չէ՞ որ բացի ավանդական մասնագիտություններից, ապրուստի միջոց վաստակելու տարբեր եղանակներ կան: Նման հաճույքի համար արվող գործերից մի քանիսը հետագայում կարող են մշտական զբաղմունք դառնալ, մյուսները մեկանգամյա բնույթ կարող են կրել և ծառայել լրացուցիչ գումար վաստակելուն: Եվ կարևոր չէ` այս պահին դու պատրաստ ես այդ քայլին, թե ոչ. իմացիր, որ այլընտրանքային տարբերակներ միշտ էլ կան:

Ինտերիերի դիզայներ

Նրանց դիմում են տանտերերը և անշարժ գույքի գործակալները` հարդարելու այն տները, որոնք չեն վաճառվում: Արդյունքում՝ դրանք վերածվում են հիասքանչ բնակարանների` գրավելով անգամ ամենաքմահաճ գնորդին: Մի նոր բույս, նոր բազմոց, գեղեցիկ լուսամփոփ կամ ներդաշնակ գունային գամմայով գորգ, և ցանկալի փոփոխությունը պատրաստ է: Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է. սկզբի համար աշակերտիր պրոֆեսիոնալ դիզայների, հետո անվճար հարդարիր ընկերներիդ և բարեկամներիդ բնակարանները: Խոշոր քաղաքներում նման աշխատանքի դիմաց ժամում վաստակում են 100-250 դոլար:

Տնային կենդանիների ուղեկցորդ

Սա մասնագիտություն է այն մարդկանց համար, ովքեր շատ են սիրում ճամփորդել և միաժամանակ պաշտում են տնային կենդանիներին: Պատկերացնո՞ւմ եք, նրանց համար կան աշխատատեղեր. դրանք տրամադրում է Pet Airways-ը: Որպես տնային կենդանիների ուղեկցորդ՝ դու հոգ կտանես կենդանիների մասին հատուկ սրահներում, կշոյես նրանց փափուկ մորթին, կմերսես նրանց թռիչքի ընթացքում, իսկ վայրէջքից հետո նրանց ապահով կհանձնես իրենց տերերին: Նախքան աշխատանքի ընդունվելը պարզապես պետք է կենդանիների խնամքի որոշակի փորձ ձեռք բերել: Pet Airways-ն աշխատանքի է ընդունում նրանց, ովքեր համապատասխան մասնագիտական փորձ ունեն:

Սոցիալական ցանցերի փորձագետ

Facebook-ում կամ առհասարակ համացանցում ակտիվ լինելը կարող է ֆինանսական բոնուսներ բերել. չէ՞ որ ի վերջո կարող ես դառնալ սոցիալական ցանցերի փորձագետ: Սկսնակներն այդ գործում ԱՄՆ-ում վաստակում են 20,000-50,000 դոլար: Դու կարող ես բլոգ վարել տարբեր կազմակերպությունների համար, Tweeter-ում ներկայացնել կազմակերպության արտադրանքը և սոցիալական մարկետինգի ծրագրեր գրել պատվիրատուների համար: Գրավե՞ց: Ուրեմն աչքիդ տակ պահիր ընկերությունների մարկետինգային բաժինները, որտեղ մշակվում է սոցիալական ցանցերում արվող գովազդի ռազմավարությունը: Դե, թերևս անիմաստ է ասել, որ հարկավոր է լավ տիրապետել սոցիալական ցանցերի հնարավորություններին:

"Today's in-flight movie is The Lovely Bones."

Շուրջերկրյա ուսուցիչ

Մեզանից յուրաքանչյուրն էլ երազել է մի օր փախչել շրջիկ կրկեսի հետ ու թափառել աշխարհով մեկ: Cirque du Soleil-ը, որը հայտնի է իր ակրոբատիկ և կրեատիվ շոուներով, տարբեր ոլորտի ուսուցիչներ է վերապատրաստում` կրկեսում աշխատողների երեխաների և առհասարակ տաղանդավոր երեխաների կրթության համար: Քերականություն, պատմություն, մաթեմատիկա. կարող ես ուսուցանել` ինչ կամենում ես և ամենակարևորը` ի կատար ածել երազանքդ` կրկեսի հետ շրջելով երկրեերկիր:

Ռեստորանային գաղտնի գործակալ

Այո՛, այո՛, Միացյալ Նահանգներում կան ռեստորանային գաղտնի գործակալներ: Ռեստորանները հատուկ մարդկանց են վարձում, որոնք հանդես են գալիս իբրև հաճախորդ և գնահատում, թե ինչպես է ռեստորանային անձնակազմը վերաբերվում այցելուներին, հետո ամենայն մանրամասնությամբ այդ ամենը պատմում են ղեկավարությանը: Նման ծառայություններից օգտվում են նաև այլ ոլորտների կազմակերպություններ: Այս աշխատանքի համար հատուկ մասնագիտացում չի պահանջվում: Որպես կանոն` վճարում են ճաշի կամ ընթրիքի գումարը և լրացուցիչ 20 դոլար:

Տաղանդներ որոնող

Երաժշտական ակումբներում թաքնված տաղանդներ որոնելը կարող է հաճույք թվալ, առավել ևս` եթե դա անում ես արևադարձային էկզոտիկ երկրներում: Ֆանտաստիկ ճամփորդություններ դեպի Հավայան կղզիներ, Կարիբյան ծոցի հանգստավայրեր, որտեղ ներկայացման հատուկ տարածքներ ունեցող հյուրանոցները հաճախ վարձում են շոուների կազմակերպիչներ և միջոցառումներ պլանավորողներ` շոուների ընթացքն ապահովելու համար:

Հաճախ նման հանգստավայրերը հայտարարում են թափուր աշխատատեղեր` որոնելով հատուկ մասնագետների, որոնք կհանդիպեն այցելուներին, կկատարեն միջոցառումների ֆոտոռեպորտաժներ, կնկարահանեն համերգներ և այդ ամենը` դրախտային պայմաններում: Կարելի է այցելել հանգստավայրերի վեբկայքեր և նման աշխատանք որոնել: Վարձատրությունը խոստումնալից է`100-150 դոլար օրական` արտահաստիքային աշխատանքի դեպքում կամ տարեկան 25,000 դոլար` հիմնական աշխատանքի դեպքում:

Ոճաբան-ուղեկցորդ

Շոփինգը քո կյանքի իմաստն է, սակայն քո բանկային հաշիվն արդեն հոգեվարքի մեջ է: Խանութների մասին մեծ գիտելիքը կարելի է վերածել աշխատանքի` տեղավորվելով որպես ուղեկցորդ այնպիսի ընկերություններում, որոնք օգնում են զբոսաշրջիկներին կամ հարուստ տեղաբնակներին կատարել ճիշտ ընտրություն:

Դրա համար անհրաժեշտ է ունենալ ոճի լավ զգացողություն, իրազեկ լինել տարվա միտումներին և կարողանալ սիրալիր լինել մարդկանց հետ: Նախ անհրաժեշտ է կապվել տուրիստական գործակալությունների հետ և առաջարկել համապատասխան ծառայություններ, կարելի է բանակցել նաև խանութների հետ: Այսպիսի աշխատանքի համար ԱՄՆ-ում վճարում են 15 դոլար` մեկ ժամի դիմաց:

Շրջիկ խոհարար

Այս աշխատանքը նրանց համար է, ովքեր ցանկանում են ձեռք բերել խոհարարական փորձ և միաժամանակ տեսնել աշխարհը: Անհրաժեշտ է միայն աշխատանքի անցնել որպես խոհարարի օգնական ճամփորդական նավի կամ մասնավոր զբոսանավի վրա:
Աշխատավարձը սկսվում է ամսական 3,000 դոլարից:

Լուսանկարները ըստ HMI-ի