Անիծում ես եկող երկուշաբթին, իսկ շաբաթվա ընթացքում` երազում ուրբաթ երեկոյի մասին...կարճ ասած՝ «հավեսդ փախել է» ու այլևս հաճույքով չես կատարում քո պարտականությունները:
Միշտ մտածել ես, թե սիրում ես աշխատանքդ, իսկ հիմա... ընկել ես ինչ-որ անհասկանալի սթրեսի մեջ, որի պատճառով վատացել են հարաբերություններդ նաև աշխատանքից դուրս:
Պատրաստեց` Գայանե Գալստյանը
Խորհուրդները ըստ ` Cosmo հոգեբան Վերգինե Եսայանի
Պարզենք պատճառները ու փորձենք միասին ելք գտնել այս իրավիճակից:
Այդ անհասնակալի սթրեսը...
Մասնագիտական սթրեսը կամ ինչպես մասնագետներն են ասում, մասնագիտական «այրումն» առաջանում է բացասական հույզերի տևական կուտակման դեպքում: Այն առաջանում է խրոնիկ սթրեսի ֆոնի դեպքում և բերում է մարդու հուզական, էներգետիկ անձնային ներուժի հյուծման ու սպառման: Ծանր աշխատանքային գրաֆիկը, լարված հարաբերությունները աշխատակիցներիցդ մեկի հետ, ով ժամանակին քո մտերիմն էր... նման տարբեր գործոններն են, որ դառնում են սթրեսի պատճառ ու ազդում քո աշխատունակության վրա:
Իսկ ցածր ուժգնության, երկարատև սթրեսը մարդն ավելի դժվար է տանում, քան մեկանգամյա ուժգինը: Արդյունքում առաջանում է չբավարարվածության զգացում, դժգոհություն պրոֆեսիոնալիզմի և սեփական անձի նկատմամբ, հետզետե զարգացող անտարբերություն և ապատիա ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում:
Մասնագիտական «այրմանը» նպաստող գործոնները
Նախ և առաջ մեծ դեր ունի հուզական մեծ լարվածությունը. շփվելով տարբեր մարդկանց բազմաբնույթ խնդիրների հետ՝ մենք մեզ վրա ենք վերցնում նրանց բացասական հույզերը: Մեկ այլ գործոն է աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպումը՝ աշխատանքային ոչ բավարար պայմանները, ցածր վարձատրությունը, ծավալը, պարտականությունների չհստակեցվածությունը, անառողջ աշխատանքային մթնոլորտը և այլն:
Այս իրավիճակի մեջ չընկնելու, իսկ ընկնելուց հետո բարեհաջող դուրս գալու համար կարելի է.
• Մասնագիտություն և աշխատանքի վայր ընտրելուց առաջ դիմել հոգեբանի, որը կօգնի պարզել, թե ինչքանով են քո անձնային որակները համապատասխանում մասնագիտական պահանջներին:
• Եթե մասնագիտության միջոցով դու չես կարողանում բավականաչափ ինքնաարտահայտվել, ապա պետք է գտնել գործունեության մի ձև, որը կտա հնարավորություն լիարժեք անելու դա: Միշտ երազել ես զբաղվել տան ինտերիերի դիզայնով, սակայն քո աշխատանքը մի փոքր ա՞յլ է. ուղղակի փորձիր փոխել գործիդ բնույթը, որպեսզի միշտ չունենաս այս զգացողությունը՝ «եթե հնարավորություն լիներ, ես այնքան լավ բաներ կարող էի ստեղծել...»:
• Հանգստի դադար տուր քեզ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե չի օգնի, արձակուրդ վերցրու ու մեկնիր հանգստի:
• Գերազանց միջոց է մասնագիտական խմբերում քննարկում կազմակերպելը: Ստեղծիր 5-6 հոգանոց մասնագիտական խումբ այլ կազմակերպություններում աշխատող քո գործընկերներով, պարբերաբար հավաք կազմակերպիր ,ու քննարկեք միասին աշխատանքում ծագած խնդիրներն ու դժվարությունները, հարցրու նրանց՝ ինչպես են նրանք լուծում դրանք: Փա ՛ռք Աստծո, սոցիալական ցանցերը մեր օրերում նման հնարավորություններ ընձեռում են:
• Ստացիր լրացուցիչ կրթություն. փորձիր տիրապետել նոր մասնագիտության կամ փոխիր, եթե հնարավոր է, աշխատանքիդ բնույթը քո իսկ աշխատավայրում:
• Մասնագիտական խնդիրները և կիսատ թողած գործերը մի՛ տեղափոխիր քո անձնական կյանք, թո՛ղ դրանք աշխատանքի վայրում. փակի ՛ր դարակներն ու մոռացի ՛ր դրանց մասին մինչև հաջորդ աշխատանքային օրը:
• Հետևի ՛ր քո առողջությանը, եղի՛ր լավ ֆիզիկական վիճակում. դա նույնպես կնպաստի քո հոգեկան առողջության պահպանմանը:
P.S. Եթե սթրեսներն ու հոգեպես ընկճված վիճակը շարունակվում են, պարզապես համարձակություն դրսևորիր և հնարավորության դեպքում փոխիր մասնագիտությունդ կամ աշխատանքդ. բոլոր դեպքում քո առողջության պահպանումն ավելի կարևոր է:
Լուսանկարները` ըստ HMI-ի












































































