Թեև կանանց և աղջիկներին նվիրված տոների միամսյակն արդեն ավարտվեց, սակայն մեր ցուցադրությունը դեռ շարունակվում է: Եվ եթե ինչ-ինչ պատճառներով դու դեռ չես հասցրել այցելել Ազգային պատկերասրահ, ապա շտապի՛ր և մի՛ վարանիր: 

Գրի առավ Տաթևիկ Մկրտչյանը

Լուսանկարները ըստ Աշխեն Դավթյանի (Pirate)

Օգտագործի՛ր հաճելին օգտակարի հետ համադրելու քո հնարավորությունը:

Իսկ մինչ այդ ներկայացնում ենք ապրիլի 7-ին կայացած միջոցառումը, որը կրում էր «Արվեստ, նորաձևություն, հասարակություն» խորագիրը: Այդ տոնական օրը Ազգային պատկերասրահ էին եկել արվեստի, նորաձևության և ազգագրության բնագավառում աշխատող մասնագետներ, որոնք մոդերատոր Նվարդ Մանասյանի գլխավորությամբ հետաքրքիր զրույց ծավալեցին այն հարցերի շուրջ, թե արդյոք կինը ժամանակակից հասարակությունում հանդիսանում է զուտ որպես նորաձևության բնագավառի արտադրանքի սպառող, թե հենց կինն է ստեղծում այդ նորաձևությունը և հանդիսանում որպես պատվիրատու. ինչպիսին են այսօրվա նորաձևության տենդենցները և որքանով են դրանք կապված տվյալ երկրի սոցիալ-տնտեսական դրության հետ:

«Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Գյուլանդիրյանը պատմեց, որ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո կին արվեստագետների համար հնարավոր դարձավ ազատ խոսել և արտահայտվել: «Մինչ ԽՍՀՄ փլուզումը կինն իր սեփական մարմնի և ցանկությունների ներկայացման հնարավորություն չի ունեցել: Արվեստի մեջ կնոջ մարմնի մասին խոսել է տղամարդը: Սակայն կանայք հոգնել էին իրենց բաժին ընկած դերից: Հատկապես պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում նրանք կարողացան ազատվել իրենց զգացմունքային կերպարից և հասարակությանը ներկայանալ որպես մտածող և ստեղծող էակներ` որպես փիլիսոփաներ»:

Տիկին Գյուլանդիրայնը հավաքվածներին ներակայցրեց «Երրորդ հարկ» անվանումը կրող շարժման պատմությունը, որի անդամները ստեղծում էին կոնցեպտուալ արվեստ` ազատ դոգմաներից: Նրանք առաջնորդվում էին Արևմուտքում մշակված գենդերային և ֆեմինիստական ստրատեգիաներով: Վերջում հանդիսատեսին ներկայացվեց Աստղիկ Տեր-Սահակյանի և Մարա Միրզոյանի աշխատանքների ֆոտոշարքը:

Սուսաննա Գյուլանդիրյանի խոսքերով միգուցե այդ աշխատանքները շոկային են և էպոտաժային, սակայն դրանք ստեղծվում էին այդպիսին միմիայն ուշադրություն գրավելու և կնոջ խոսքը լսելի դարձնելու նպատակով:

Գիտությունների Ազգային ակադեմիայի ազգագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը փորձեց պատասխանել այն հարցերին, թե ինչպես է հասարակությունն արձագանքում արվեստին, նորաձևությանն ու սոցիալական այլ երևույթներին և, ի վերջո, ինչ ազդեցություն թողեցին արվեստի բնագավառում տեղի ունեցող զարգացումները հայաստանյան հասարակության վրա. «Մեր հասարակությունը դեռևս աղքատ և պատրիարխալ հասարակություն է:

Սա մեծապես կախված է տնտեսական բնույթից, որն անընդհատ վերականգնում է ավանդական կարգը: Մասնավորպես ավանդական հանրային ընկալումները կնոջը պարտադրում են լինել մայր և օջախի պահապան: Այնինչ իրականում կնոջը և տղամարդուն պետք է տալ հավասար իրավունքներ ընտրելու, թե ինչպիսին են ուզում նրանք լինել ապագայում: Իսկ մեզանում սոցիալիզացիայի հենց ամենասկզբում սա խախտվում է և խեղաթյուրվում: Իհարկե որոշակի փոփխություններ նկատվեցին ԽՍՀՄ շրջանում, երբ կինը հնարավորություն ստացավ դուրս գալ նաև հասարակական դաշտ: Սակայն այս ժամանակ կարծես սկսվեց կնոջ կրկնակի շահագործումը: Իսկ հետխորհրդային շրջանում մենք սկսեցինք վերականգնել ընտանիքի կորցրած մոդելը: Այս պարագայում կրկին ակտուալ դարձան պատրիարխալ ավանդույթները»:

Նորաձևության պատմության մասնագետ Մարինա Ստեփանյանը նշեց, որ կարևոր է հիշել մի պարզ գաղտնիք. «Ցանկացած պահի, ցանկացած վայրկայն մենք գտնվում ենք հարթակի վրա, և մեզ անընդհատ գնահատում են մեր շրջապատի մարդիկ: Այդ իսկ պատճառով մենք միշտ պետք է համապատասխան վարք դրսևորենք»: Նա նաև վերհիշեց Կոկո Շանելի հայտնի խոսքերը. «Եթե կինն էլեգանտ չէ, ապա էլեգանտ դարձնել նրան չի կարող ոչինչ»: Այս բանաձևից օգտվող յուրաքանչյուր կին միշտ էլ գրավիչ կլինի իր շրջապատի աչքերում:

Կարինե Դնոյանը նշեց, որ նորձևությունը շատ լայն հասկացություն է: «Այն իր մեջ ներառում է ամեն ինչ` հասարակությունը, տնտեսությունը, արվեստը: Իհարկե, նորաձևությունն միաժամանակ ինքնին արվեստ է հանդիսանում»: Տիկին Դնոյանը նաև շեշտեց, որ այսօր նորաձևության մեջ գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենում: Այն ամենն ինչ ակտուալ է եղել 20 տարի առաջ նորաձև է նաև այսօր: Եվ այս ցուցադրությունը գալիս է ապացուցելու այդ ճշմարտությունը: Կարինե Դնոյանը նաև նշեց, որ հագուստը կնոջ սոցիալական դիրքի արտացոլանքն է: «Կինը յուրահատուկ է և ունիկալ, նա երբեք չպետք է վախենա փոփոխություններից: Եթե նա փոխի վերաբերմունքն ինքն իր հանդեպ, ապա շրջապատն էլ կսկսի նայել նրան այլ աչքերով»:

Անդրադառնալով կանանց ստեղծած նորաձևությանը` նա նշեց, որ նորաձևության բնագավառում այն բոլոր նորամուծությունները, որոնք կապված են հարմարավետության հետ, ստեղծվել են կանանց ձեռքերով:
Ոճաբան Արմեն Գալյանի խոսքերով նորաձևությունն այն ոլորտն է, որտեղ կանայք և էմանսիպացիան հաղթել են, իսկ տղամարդիկ` պարտվել: Եվ պարզապես բավական է հիշել կին-դիզայներների անունները, որոնք այսօր շատ ազդեցիկ դեր են խաղում նոևաձևության աշխարհում: «Հագուստի պատվիրատուն իրականում կինն է:

Այսօր նորաձևության ինդուստրիան ուղղված է կանանց: Միայն կինը կարող է ամիսներ շարունակ աշխատել իր հավանած պայուսակը գնելու համար: Իհարկե կինն ուզում է գեղեցիկ լինել նաև տղամարդու համար: Դա նշանակում է, որ առաջին հերթին կինն ուզում է լինել կին, և հետո միայն` բիզնես-լեդի»:

Վերջում բոլոր ներկաներին սպասվում էր հաճելի անակնկալ: Միջոցառման կազմակերպիչները ներկա գտնվող բոլոր կանանց ծաղիկներ նվիրեցին և շնորհավորեցին նրանց տոնը: