1977 թվականին երկու տաղանդավոր մարդկանց միավորմամբ ստեղծվեց իտալական Ermanno Scervino ընկերությունը, որը երկար տարիներ շարունակ ներկայացնում է այնպիսի հագուստ, որն ընդգծում է կանացի մարմնի իրական գեղեցկությունը:

Զրուցեց Մարգարիտա Եսոյանը

Ընկերության վերելքների ետևում կանգնած են դիզայներ Էրմանո Դաէլլին և գործարար Տոնի Շերվինոն, ով պատասխանատու է Ermanno Scervino բրենդի կոմերցիոն հաջողության համար:

Մոտ երեք տարի պաշտոնապես ներկայացված լինելով Հայաստանում Ermanno Scervino բրենդը առանձնակի ուշադրության է արժանացել նաև հայ աղջիկների ու կանանց շրջանակում:

Cosmo.am-ին տրված էքսկլյուզիվ հարցազրույցում հաջողության, նորաձևության և հայուհիների ոճի մասին խոսել է Ermanno Scervino բրենդի հիմնադիր Տոնի Շերվինոն:

- Չկա մարդ, ով երբևէ չի երազել լինել հաջողակ, հայտնի: Յուրաքանչյուրը գտնում ու մշակում է վերջնական նպատակին հասնելու իր ուրույն մեթոդներն ու տարբերակները: Ո՞րն է հաջողության Ձեր բաղադրատոմսը:

- Չափազանց կարևոր է առաջին հերթին հասկանալ, թե դու ինչ ես ցանկանում անել և ինչ կարող ես անել քո կյանքում: Այդ ամենինց հետո միայն դու մեծ եռանդով և հաստատակամությամբ կկարողանաս առաջ գնալ դեպի նպատակի իրականացումը:

- Տոնի', Ձեր կարծիքով, որո՞նք են հաջողակ բրենդ ստեղծելու հիմնական գործոնները:

- Յուրաքանչյուր հավաքածուի ստեղծման աշխատանքները սկսվում են մեկ տարի առաջ, իսկ հիմքում ընկած է լինում այն գաղափարը, թե ինչ կինն ու տղամարդը կցանկանան կրել գալիք տարում: Եվ, իհարկե, երբեք չդավաճանել հաճախորդին և երաշխավորել քո ներկայացրած արտադրանքի բարձր որակը:

- Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը նորաձևությունից կախում ունեցող մարդկանց վերաբերյալ:

- Նրանք մշտապես փորձարկում են, ուշադիր են ոճի մեջ կատարված անգամ ամենաչնչին փոփոխությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով մենք նրանց շատ ենք սիրում:

- Կտորի ո՞ր տեսակն է գերակշռում Ermanno Scervino-ի հավաքածուներում:

- Որպես այդպիսին մեկ գերակշռող կտոր չկա. բոլորը իտալական են, էքսկլյուզիվ և միայն բարձր որակի:

- Երևանում գտնվելու ժամանակահատվածում ի՞նչ առանձնահատկություն եք նկատել հայ աղջիկների ու կանանց ոճում:

- Մեծ հիացմունքով նկատել եմ, որ հայ աղջիկները շատ կանացի են:

- Հնարավո՞ր է, որ մի օր Ermanno Scervino բրենդը ներկայացնի Հայաստանի համար ստեղծված առանձին հավաքածու:

- Սովորաբար մեկ առանձին երկրի համար հավաքածուներ չեն ստեղծվում, դրանք պետք է մշտապես ունենան միջազգայնության շունչ և ոգի:

Լուսանկարները` ըստ LaGalleria-ի