Է~հ, աղջիկներ, ճիշտ է`հնարավորություն չունեցանք անձամբ մասնակցելու Լոնդոնի, Նյու Յորքի, Միլանի ու Փարիզի աշուն-ձմեռ 2012-2013 սեզոնի նորաձևության շաբաթներին, իսկ տեսնելու արժանի շատ բաներ են եղել:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Որպես կանոն, յուրաքանչյուր նորաձևության շաբաթի ընթացքում լինում են այնպիսի ցուցադրություններ, որոնք միանգամից աչքի են ընկնում իրենց օրիգինալությամբ, հետաքրքիր մոտեցումներով ու դիզայներների մտքի թռիչքներով:
Նորաձևության չորս կենտրոններ, նորաձևության չորս շաբաթներ ու ամենատպավորիչ վեց ցուցադրություններ:
London Fashion Week
Սկսենք Alexander McQueen-ի շոուից: Մութ աշնանային անտառի խորքից դուրս եկող մոդելներ, քամուց առաջացող տերևաթափ, աշնանային դեղին ու չորացած տերևներով ծածկված պոդիում: Ողջ շոուի ընթացքում լուսավորությունն այնպիսին էր, կարծես խիտ անտառի ծառերի ճյուղերի տակից անցնում էին առավոտյան արևի ճառագայթները: Նորաձևության տան նոր McQ բրենդի առաջին ցուցադրությունը, իրոք, որ շատ տպավորիչ էր:
Պակաս տպավորիչ չէր դիզայներ Thom Browne -ի ցուցադրությունը: Թե կոնկրետ, ինչ տպավորություն ես ստանում, երբ նորաձևության ցուցադրության ժամանակ ներկայացվում են մոդելներ, ովքեր վեր են կենում փայտյա դագաղներից ու հետո սկսում շրջել պոդիումով. դժվարանում եմ ասել, բայց որ այդ տեսարանը դեռ երկար ժամանակ կհիշես, դա փաստ է: Հավանաբար դիզայների ոգեշնչման աղբյուրը եղել է «Կյանք մահից հետո» գաղափարը:
Paris Fashion Week
Միլանի նորաձևության շաբաթը կարելի է ասել ցնցեց երկու խոշարագույն նորաձևության տների ` Louis Vuitton և Chanel ցուցադրությունները:
Այս անգամ Chanel -ի գլխավոր դիզայներ Կառլ Լագերֆելդը ևս մեկ անգամ գերազանցեց ինքն իրեն` հանրությանն ու նորաձևության քննադատներին ներկայացնելով ևս մեկ խենթ մտահղացում: Այս անգամ պոդիումի ողջ երկայնքով տեղադրվել էին բյուրեղանման բեկորների հսկայական կտորներ` սպիտակ, սև, մոխրագուն, մուգ մանուշակագույն: Ստեղծվել էր սառցե քարանձավի տպավորություն: Լագերֆելդի երևակայությունը կարծես թե անսպառ է:
Louis Vuitton-ի աշուն-ձմեռ 2012-2013 հավաքածուի ստեղծման ոգեշնչումը եղել է ճանապարհորդության թեման: Հենց այս փաստն էլ իր արտոցալանքը գտավ հավաքածուի ցուցադրության վրա: Սրահը վերածվել էր կայարանի, պոդիումը` տախտակամածի. կայարանի պատից կախված էր մեծ ժամացույց: Առաջինն աչքի էր ընկնում մեծ շոգեքարշը, որն ինտենսիվ գոլորշի էր բաց թողնում: Պոդիումով քայլող մոդել-ուղևորներին ուղեկցում էին կայարանի բանվորները, ովքեր տանում էին վերջիններիս ճամպրուկները: Հավաքածուի ներկայացումից հետո յուրաքանչյուր մոդել զբաղեցնում էր իր տեղը գնացքում: Կարծես կինո լիներ:
Milan Fashion Week
Աշնային մրգերով ու բանջարեղեններով լցված ծղոտե զամբյուղներն ու փայտե արկղերը` որպես դեկորացիա, հարուստ պերուվիան շուկայի նեղ փողոցը` որպես պոդիում: Ահա այսպիսի թեմա էր ընտրվել Trussardi-ի կողմից աշուն-ձմեռ 2012-2013 հավաքածուի ներկայացման համար: Ենթադրելով այդ զամբյուղների ու արկղերի պարունակությունից` աշունը խոստանում է լինել շատ բերքառատ:
New York Fashion Week
Ոչ այդքան հայտնի դիզայներ Moncler Grenoble-ը Նյու Յորքի նորաձևության շաբաթի շրջանակներում դիմեց նորարության` ցուցադրությունը կազմակերպելով բացօթյա սահադաշտի վրա: Ընտրվել էր Նյու Յորքի Central Park-ի սահադաշտը, կարմիրով ու դեղինով լուսավորված ծառեր, իսկ որպես background` Նյու Յորքի երկնաքերերը, ու այդ ամենը զրոյին մոտ ջերմաստիճանի ներքո: Սահակոշիկներով մոդելներ, բեմադրված պարեր: Մթնոլորտը լավագույն կերպով ներկայացրեց ձմեռային սեզոնի հավաքածուն:
Ի դեպ, աշուն-ձմեռ տենդենցները կներկայացնենք առաձին հոդվածներով:
Լուսանկարները` zimbio.com






























































































