Վերջապես կայացավ նորաձևության աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը: Ամենասպասվա՜ծ... որովհետև հենց իտալական դիզայներներն են կարողանում պարգևել կնոջը ամենաթանկարժեք ադամանդից էլ շքեղ ու անմոռանալի տեսք:
Ըստ նորաձևության փորձագետ Սիրարփի Ադամյանի
Շողացող, գլամուրային, պաթոսով լեցուն, այսպիսին էին բեմահարթակները անցած մի քանի օրերի ընթացքում: PRADA` հեգնական ու փորձարարական, Dsquared2` համարձակ, Armani` էլեգանտ ու միշտ դասական, MaxMara` մինիմալիստական, Roberto Cavalli` փայլուն ու սիրով լեցուն, Missoni` էթնիկ ու հարմարավետ:
Եվ այսպես, գարունն արդեն իր լիիրավ տիրապետությանն է անցնում ,ու մենք այսուհետ կրում ենք վառ, կոնտրաստային, մեծ գունավոր դաջվածքներով հագուստ` բացահայտելու ու ընդգծելու մեր կանացիությունը «այրական» կոստյումների միջոցով:
Gucci
Վառ ու ծաղկավոր գարուն էր այս անգամ Գուչիի մոտ: Հավաքածուի առաջին մասը, որ կոչված էր գրավելու հանդիսականների ողջ ուշադրությունը, անմնացորդ, վառ մանուշակագույնի, կանաչի, նարնջագույնի և դասական մարմնագույնի, սևի և ոսկեգույնի կոնտրաստ էր ներկայացնում: Նեղ տաբատներ, մինչև ծունկը հասնող փեշեր, ընդգծված գոտկատեղ, դարսածալեր և այլն:
Dsquared2
Դինի և Դենի ցուցադրությունն այս անգամ նման չէր նրանց բնորոշ ձեռագրին: Ամենայն հավանականությամբ նրանք որոշել են հենց այդ փաստն օգտագործելով ուշադրություն գրավել: Գարնանային Dsquared2 աղջիկը համարձակ, ինտելեկտուալ կին է, նաև սեքսուալ ու էլեգանտ: Նա մեկ այրական կոստյումով է, մեկ շղարշե զգեստով: Իսկ աշխատանքային ժամերին հասարակ տաբատ, բամբակե կիսատաբատներ, դենիմից կարված վերնաշապիկներ, իսկ վրայից անպայման պիջակ, դե իսկ ակնոցն անպայման` ինտելեկտուալությունն ընդգծելու համար:
Giorgio Armani
Giorgio Armani-ն, ինչպես միշտ, տեսնում ու սիրում է շքեղ, անմոռանալի կնոջը: Խորը, խիտ կապույտ, սև ու կեսգիշերային այլ նրբերանգներ. կինը հիասքանչ է գարնանային տաք գիշերներին:
Roberto Cavalli
Ամենաբարձր հնչեղությունն ուներ նորաձևությունը Cavalli-ի մոտ: Սեքսուալ շրջազգեստների անասելի առատություն, ծոպեր, ժանյակներ, գիշատիչ դաջվածքներ: Ի դեպ, այս տարի Cavalli-ն տոնում է իր պրոֆեսիոնալ գործունեության 40-ամյակը: Շնորհավորում ենք:
Byblos
Alexander McQueen-ի ազդեցությունը դեռ երկար ժամանակ կմնա դոմինանտ նորաձևության աշխարհում: Այդ է վկայում նաև Byblos-ի նոր հավաքածուն: Կերպարներ, որ կարծես "Ավատար" ֆիլմից լինեն վերցված`գիշատիչ դաջվածքներ ու սիմետրիկ, համաչափ ուրվագծեր:
Etro
Այս ապրանքանիշի այցեքարտ հանդիսացող նախշազարդերն ավելի քան նորաձև են այս սեզոնին: Այս հավաքածուում դրանք վառ են և ավելի համաչափ, ծաղկային մոտիվներով, պղնձե զարդերի համադրությամբ: Յուրահատուկ շքեղությունը փիրուզագույնի և նարնջագույնի կամ խամրած դեղինի համադրությունն է:
MaxMara
MaxMara-ն առաջարկում է խիստ, համաչափ ուրվագծի, ընդգծված գոտկատեղ, մատիտ-փեշ, կոնքից ազատ իջնող տաբատներ, կիսատաբատներ, մարմինը կիպ գրկող կոմբինեզոններ:













































































