Պատկերացրու` դու կամ ընկերուհիդ պատրաստվում եք ամուսնանալ, սակայն շատ քիչ ժամանակ ունեք կազմակերպչական հարցերի համար: Սկսում է խելագար վազք խանութներով, սրահներով ու վարսավիրանոցներով, սակայն ժամանակը չի հերիքում:
Անդրադարձավ Գայանե Գալստյանը
Լուսանկարները` Մանե Միրիջանյանի
Այ եթե մայիսի 14-ին և 15-ին դու լինեիր «Արմենիա Մարիոթում» (իսկ ես հուսով եմ, որ եղել ես), ապա կես ժամում կլուծեիր բոլոր կազմակերպչական հարցերը, քանի որ «սարն էր եկել Մուհամեդի մոտ», ես կասեի` սարերը:
Բազմապիսի հարսանյաց զգեստներ, տորթեր ու քաղցրավենիք, զարդեր, տարոսիկներ, մոմեր, երեկոյան զգեստներ... մի խոսքով՝ հարսանիքի հետ առնչվող ամեն ինչ ներկայացված էր մեկ տեղում: Վերջապես շքեղ շոու-ցուցադրություն, որն ամբողջացրեց մայիսի 14-ին և 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվող ամենամյա հարսանյաց տոնը:
«Ամենամյա հարսանյաց ցուցահանդես-վաճառքն արդեն կազմակերպվում է 7-րդ անգամ և այս տարի գրանցել է մասնակիցների աննախադեպ աճ. միջոցառմանը մասնակցում են հարսանյաց տարբեր ծառայություններ մատուցող ավելի քան 25 ընկերություններ»,- Cosmo-ի հետ զրույցում հայտնեց միջոցառման կազմակերպիչ Անահիտ Թանթուշյանը:
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էր հնարավորինս ամեն բան, ինչը կապ ունի հարսանիքի հետ՝ սկսած զգեստներից, վերջացրած հարսանեկան ուղևորություն կազմակերպող ընկերությունների առաջարկներով: Թերևս միջոցառման ամենասպասված մասը բացօթյա շոու-ցուցադրությունն էր, որի առաջին հատվածում ներկայացվեցին հարսանյաց, իսկ երկրորդ մասում՝ երեկոյան զգեստներ:
Եթե դու բաց ես թողել այդ ամենը մեկ տեղում վայելելու հնարավորությունը, ապա մենք արել ենք հնարավորինս, որ դու տեսնես այն ամենը, ինչ կատարվում էր հյուրանոցում;)




































































































