Ուզո՞ւմ ես տեղեկանալ նորաձևության ոլորտի «թոփ» նորություններին: Ուրեմն իմացիր` այս անգամ դա Միլանում, Փարիզում, Լոնդոնում և այլուր չէ: Այս անգամ Եվրոպան Հայաստանում է :)

Բրիտանական խորհուրդն իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնել է «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում նորաձևության չափազանց հետաքրքիր իրադարձություններ, հանդիպումներ ու ցուցադրություններ են սպասվում:

Պատրաստեցին Մարգարիտա Եսոյանն ու Գայանե Գալստյանը

Ու մինչ ծրագրի մեկնարկի մասին պատմելը, տեղեկացնենք, որ Cosmopolitan Հայաստանը հանդիսանում է նախագծի ինֆորմացիոն հովանավորը, և մենք շարունակաբար գրելու ու ֆոտոպատմություններով քեզ տեղյակ ենք պահելու ծրագրի շրջանակներում հայաստանցի և եվրոպացի նկարիչ- մոդելավորողների համատեղ աշխատանքների մասին:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որտեղ մամլո ասուլիսում նախագծի մասին իրենց ոգևորվածությամբ կիսվեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Ռումինիայի դեսպան Կրինա Պրունարիուն, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Աննա Սիմոնյանը:

Տեղեկացնեմ, որ ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող միանալու են իրենց եվրոպացի հինգ գործընկերներին` ծանոթանալու միմյանց երկրների մշակութային ժառանգությանը` հյուրընկալվելով Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում:

Այսպիսիով, կձևավորվի աշխատանքային 5 զույգ, յուրաքանչյուրում կներգրավվի մեկ հայ և մեկ եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Այնուհետև զույգերից յուրաքանչյուրը կստեղծի չորս մասից բաղկացած հավաքածու, որը կցուցադրվի Երևանում և Հայաստանի չորս մարզում, այնուհետև մասնակից եվրոպական երկրներում:

Հետաքրքիր նախագիծ է, չէ՞: Համենայն դեպս, նորաձևության շուրջ հետաքրքրությունն արդեն ուրախալի փաստ է մեր բոլորի` Cosmo-ականների համար:

Ի դեպ, մինչև ծրագրի պաշտոնական մեկնարկը Cosmopolitan Հայաստանի թիմը հյուրընկալվեց Բրիտանական խորհրդում ` հանդիպելով Հայաստանից ծրագրին մասնակցող նկարիչ- մոդելավորողների (Արամ Նիկոլյան, Քրիստինե Ավետիսյան /«Christhas», Անի Իսկանդարյան /«Ատեքս», Լուսինե Կոստանյանը/«Զատիկ»/, Գայանե Սողոմոնյան /«Գայանե»), ինչպես նաև Հայաստան ժամանած հյուրերի հետ:

Ծրագրի մասնակիցները կիսվեցին Հայաստանից և հայաստանյան նորաձևությունից իրենց տպավորություններով, քննարկեցին Cosmo-ի էջերում ներկայացվող նորաձևության և shopping-ի սկզբունքները:

Դանիացի մասնակցի համար ամենից տարօրինակը փողոցում քայլող աղջիկների բարձրակրունկներն ու խիստ դիմահարդարումն էր, բրիտանացուն զարմացրել էր հայուհիների հանդերձանքում հանդիպող գույների բազմազանությունը:

Դե, մնացածի մասին կպատմենք մեր հաջորդ նյութերում, իսկ հաջորդ նյութերում` եվրոպացի ու տեղացի նկարիչ-մոդելավորների հետ հարցազրույցներն են: