Համաշխարհային նորաձևության տների գարուն-ամառ հավաքածուներում այս տարվա ընդգծված տենդենցներից էր զոլավոր, նախշավոր, պուտավոր, մի խոսքով, print-ներով հագուստը: Առաջարկում եմ ոչ միայն ուսումնասիրել լավագույն մոդելները, այլև քննարկել առավելագույնս նպահատակահարմար համադրությունը:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Որպեսզի այս սեզոնի թրենդային հագուստը քեզ վրա ունենա նորաձև տեսք ու միաժամանակ ամեն ինչ ներդաշնակ լինի, առաջարկում ենք համադրության մի քանի տարբերակ:
Մեկ զգեստ, մեկ նախշ: Չնայած` համաշխարհային դիզայներները բավականին հաճախ համադրում են երկու տարբեր նախշեր, այնուամենայնիվ, նման փորձարկումները չափազանց ռիսկային են: Ի վերջո, երբեք չգիտես` ծաղկային երկու տարբեր նախշերով հագուստների համադրությունից ինչ դուրս կգա: Ուրեմն... որոշել ես վառ նարնջագույն ծաղիկներով կիսաշրջազգեստ կրել, ապա համադրիր այն նարնջագույն երանգի միատոն բլուզի հետ: Դա ճիշտ որոշում կլինի: Ի դեպ, տե՛ս, թե նմանատիպ ինչ մոդելներ է ներկայացրել Just Cavalli-ն, Emanuel Ungaro-ն, Yves Saint Laurent-ը, Carolina Herrera-ն:
Կենդանական պրինտն ու սևը: Սիրո՞ւմ ես լեոպարդի նախշով բլուզ կրել, ապա համադրիր այն սև գույնի տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ: Եվ հիշի՛ր, միմիա՛յն սև գույնի հետ:
Հետևիր ձևածքին: Նախշավոր զգեստը կարող է տեսողական փոփոխության ենթարկել քո կազմվածքը: Այնպես որ, խոշոր նախշերով զգեստ ընտրելիս ուշադիր եղիր, որ այն ունենա ընդգծված ձևածք` հատկապես իրանի հատվածում, ու կարված լինի փափուկ ու մարմինը կիպ գրկող կտորից: Որպես օրինակ կարող են ծառայել Just Cavalli-ի, Blumarine-ի, Alberta Ferretti-ի գարուն-ամառ հավաքածուներում ներկայացված մոդելները:
Զոլերի մասին ճիշտ եմ համարում հիշեցնել, որ վերջիններս իրականից ավելի գեր ցույց տալու հատկություն ունեն: Ի հակառակ նիհար կազմվածքի` հորիզոնական գծերը լայն կոնքերի պատրանք կստեղծեն:
Լավագույն տարբերակը ուղղահայաց գծերով զգեստներն են, որոնք ցանկացած կազմվածք վիզուալ ավելի սլացիկ կդարձնեն: Այս սեզոն զոլերով մոդելներ ներկայացրել էին Burberry Prorsum -ը, Christian Dior -ը, Marc by Marc Jacobs-ը, Lacoste-ը:
Լուսանկարները` Style.com






























































































































































