Մնում է մի քիչ էլ դիմանանք, ու օրացույցի էջերը ցույց կտան մարտ ամիսը: Իսկ դա նշանակում է, որ արդեն պետք է քիչ-քիչ պատրաստվենք գարնան գալուստին: Ու այդ պատրաստության լավագույն տարբերակը զգեստապահարանի թարմացումն է: Սկսենք պայուսակներից:
Ըստ Մարգարիտա Եսոյանի
Համաշխարհային դիզայներները մեզ միշտ ուրախացնում են` իրենց հավաքածուներում ներկայացնելով բազմաձև ու բազմագույն մոդելներ: Ընտրություն կատարելն այս սեզոնին շատ բարդ է լինելու:
Գույների տեղատարափ: Էլ ինչ գարնանային աքսեսուարներ, եթե դրանց մեջ չեն գերիշխելու վառ գույները: Այս գարուն առաջնորդվում ենք «վառ գույներ, վառ տրամադրություն» կարգախոսով, և, հետևելով համաշխարհային դիզայներների ստեծագործություններին, ինչպես օրինակ` Salvatore Ferragamo, Celine, Eli Saab. ընտրում ենք ակտիվ գույների պայուսակներ:
Բնական կաշի: Louis Vuitton, Gucci, Michael Kors, Emporio Armani, Bottega Veneta պայուսակներն այս սեզոն օձի կամ կոկորդիլոսի կաշվից են: Համենայնդեպս, եթե մտադրություն ունես նմանատիպ պայուսակ ունենալ, ցանկալի է նախապատվությունդ տաս վերջիններիս արհեստական տարբերակներին: Մի պահ մտածիր այդ բոլոր կոկորդիլոսների ու օձերի մասին:
Հյուսկեն գործվածք: Գարուն, այնուհետև ամառ , հետևաբար` զբոսանքներ արևի տակ, ծովափին: Երևի այս ամենից ոգեշնչված Dolce & Gabbana, Emilio Pucci, Fendi, Burberry Prorsum նորաձևության տների դիզայներները ստեղծել են պայուսակներ հյուսկեն գործվածքից` տարբեր գույների ու ձևերի: Սա միանշանակ այս գարնան համար մեկ տենդենցներից է:
Պրինտ, պրինտ, պրինտ: Սիրո՞ւմ ես աբստրակտ ու էթնիկական նախշեր, ծաղիկներ, նկարներ: Այս սեզոն կարող ես գործի դնել երևակայությունդ ու ընտրել անգամ ամենաանսպասելի նախշով պայուսակը: Versace, Anna Sui, Etro գարուն-ամառ պայուսակները հենց այդպիսին են:
Գործնական ուղղանկյունի: Գարունը գարուն, բայց դե աշխատանքի մասին էլ պետք չէ մոռանալ: Գրասենյակային dress code-ի համար իդեալական տարաբերակներ են ուղղանկյունաձև գործնական ոճի պայուսակները, որոնք ներկայացվել էին Prada, Tommy Hilfiger, Victoria Beckham, Oscar de la Renta բրենդների կողմից:
Նորաձև տարողունակություն: Պայուսակն առաձնակի կարևորություն ունի մեր կյանքում: Պատկերացնո՞ւմ ես մեկ օր առանց պայուսակիդ ու իր պարունակության: Աստված չանի: Մեծ, պարկանման պայուսակները հենց այն է, ինչ պետք է: Բացի նրանից, որ դրանք շատ հարմարավետ են, վերջիններս նաև չափազանց նորաձև են այս սեզոն: Sonia Rykel , Marc by Marc Jacobs, Genny -ին համամիտ են այդ մտքի հետ:
Երեկոյան շիկ: Իսկ երեկոյան հավաքույթների համար Valentino-ն առաջարկում է բյուրեղապատ , իսկ Chanel-ը` մարգարտապատ կլատչեր: Եթե ամեն դեպքում նախընտրում ես մեծ պայուսակներ, ապա այս սեզոն կարող ես ընտրել նաև քարերով զարդարված պայուսակներ, ինչպիսին ներկայացված էին օրինակ Versace-ի հավաքածուում:
Լուսանկարները` style.com












































































































































































































