«Ես ուզում եմ նոր, թարմ տեսք ունենալ: Սիրտս մի տեսակ փոփոխություն է ուզում: Գարո՜ւն է»,-պտտվում է գլխումս` խոնավ մարտյան առավոտը շնչելիս: Դո՞ւ էլ ես փոփոխություն ուզում: Ուրեմն գնանք սեզոնի տենդենցները պարզելու Cosmo-ի նորաձևության փորձագետ Սիրարփի Ադամյանից:
Համարձակ «refresh» ենք անում մեր զգեստապահարանը կամ նոր կերպար ստեղծում: Պատրա՞ստ ես դառնալ այս գարնան հերոսուհին: Էդպես էլ գիտեի:)
Ըստ Գայանե Գալստյանի
Գարուն 2011 կամ 70-ականները վերադառնում են
Այս գարնանն արդիական է 70-ականները հիշեցնող ոճը ավելի` այսպես ասած, գլամուրային շեշտադրությամբ: Ցերեկային ժամերին նախընտրելի են պարզ, էլեգանտ տաբատներ ու վերնաշապիկները, իսկ երեկոյան ժամերին՝ շատ թեթև, նուրբ, շղարշային կտորներից կարված երկար զգեստները: Այո, պետք է չէ՞ երբեմն էլ հրաժարվել այդ տաբատներից: Մեկ է, տղամարդիկ երազում են տեսնել մեզ շրջազգեստով. ուրեմն պարգևենք նրանց այդ հաճույքը...հմմմ... երբեմն:)
Ավազե ժամացույց
Այս գարնանը նորաձև է 60-ականներին բնորոշ «ավազե ժամացույցի» կերպարը՝ նեղ մեջքով ու լայն կոնքերով: Սակայն պետք չէ շնչահեղձ լինել՝ նեղ գոտիներ կապելով: Այս կերպարին կարելի է հաղորդել մի նոր երանգ՝ կորսետի բացվածքով զգեստների տակից կրելով վիզը փակ շապիկներ:
Գույներ, գույներ ... մինչև ամբողջովին սպիտակ
Այս գարնանը նորաձև են բոլոր գույները, հատկապես վառ ու թարմ երանգները: Սակայն եղանակի թագուհին լինելու է սպիտակն, ընդ որում՝ խորհուրդ է տրվում լինել ամբողջովին սպիտակ կերպարում: Խոստովանիր, մեր մեջ երբեմն արթնանում է հրեշտակային կերպարը... մեկ-մեկ:
Գարուն 2011, նույն ինքը՝ երկար փեշ
Այս գարնան գլխավոր միտումներից է երկար փեշը, հատկապես ներքևի հատվածում լայնացող (ախ, այդ 70-ականները): Կրելով այն տարբեր գույն ունեցող վերնաշապիկի հետ՝ դու կարող ես ստեղծել շատ գլամուրային, սակայն ամենօրյա ցերեկային կերպար: Փեշը համադրել կարելի է նույնիսկ կաշվե բաճկոնների հետ, որոնք նույնպես շարունակում են նորաձև մնալ: Ու թող շրջվեն փողոցում անցորդները քո հետևից... անծանոթների ուշադրությունը չի խանգարում:
Ժանեկազարդ ու հելունագործ
Գարնանը հատկապես պետք է ընդգծել մեր կանացիությունն ու նրբությունը, այս հարցում քեզ կօգնեն ժանեկազարդ, հելունագործ զգեստներն ու շրջազգեստները:
Ծոպափնջեր, շատ-շատ ծոպափնջեր
Դեռևս անցած տարվանից նորաձև են հագուստի, պայուսակների մեջ օգտագործվող ծոպերը (бахрома), որոնք նաև շատ հետաքրքիր վզնոցներ են դառնում: Իսկ այս գարնանը ողջունելի են հանգուցակալով ծոպափնջերը: Հագուստում, կոշիկների, պայուսակների վրա... ամեն տեղ, որտեղ հնարավոր է: Չվախենաս բարձի կամ վարագույրի տպավորություն թողնել: Դու պարզապես նորաձև ես և վերջ:
Գոտի-պորտմաններ ու կատվային աչքեր
Այս գարնանը նորաձև են բոլոր փոքր պայուսակները, հատկապես գոտուն ամրացվողները: Կերպարդ ավելի տպավորիչ կդարձնեն կատվային աչքերի ձև ունեցող ակնոցները:
Լայն փողքերը նորից վերադառնում են
Կրկին այս 70-ականները... Խուճապի չմատնվել. դեռևս չենք հրաժարվում սիգարետ-ջինսերից:
Փեշեր, որոնք դիմացից ավելի կարճ են
Այս գարնանը քեզ կօգնեն թարմ տեսք ստանալ այն շրջազգեստներն ու զգեստները, որոնք դիմացի հատվածում կարճ են, իսկ ետևի մասում՝ երկար: Թողնենք, որ տղամարդիկ մի փոքր ավել երազեն:
Ծով... ազատ ու թեթև
Սպիտակ-կապույտ գծերով «նավաստու» շապիկները կհաղորդեն քեզ թեթև, ազատ ու թարմ տրամադրություն: Այս գարնանը նորաձև են ոչ միայն այս երկու գույները, այլ բոլոր գույների համադրությունները, հորիզոնական, ուղղահայաց, լայն, նեղ գծերով կտորները:
P.S. Արդեն պատկերացրի՞ր ինչպիսին է լինելու քո թարմ, գարնանային ու ազատ կերպարը: Ինչ էլ ընտրես, հիշիր, որ գարունը սկսվում է ոչ թե հագուստից, այլ այնտեղ, ներսում, քո մեջից: Ճախրի՜ր ազատ:












































































