Բնակության վայրը` Գլենդել, Կալիֆոռնիա: Տարիքը` 26: Ներկա պահին զբաղված է Սելենա Գոմեսի We on the night համերգային շրջագայության պարերի բեմադրությամբ և պարային հեռուստաշոուի սցենարային աշխատանքներով, իսկ ամենագլխավորը` երկվորյակ աղջիկների հայր է LOL։ Ռոմանտիկ կարգավիճակը`ամուսնացած և չափազանց երջանիկ

1. Իմ ուշադրությունը կարող է գրավել յուրահատուկ կինը, ով տարբեր է ամեն օր հանդիպող աղջիկներից, խելացի և ձևավորված անհատականություն է: Եթե կարող է խոսել մեկից ավելի լեզուներով, մեծ առավելություն է: Նա պետք է հումորի լավ զգացում ունենա և չվախենա զվարճալի լինելուց: Մի փոքր պարել պետք է իմանա և սիրի ֆիլմեր դիտել: Չեմ ստի և կասեմ`միշտ թուլություն եմ ունեցել շիկահերների նկատմամբ:

2. Ես տղամարդ եմ, և այնքան էլ դժվար չէ գրավել ուշադրությունս: Տղամարդկանց գրավելը կանանց խնդիրն է, ուստի միայն իրենք գլուխ կհանեն` ինչ է պետք դրա համար: Տղամարդիկ տարբեր են, բայց մենք բոլորս հիմնականում միևնույն բանն ենք ուզում։

3. Ինձ կարող է սարսափելի նյարդայնացնել, երբ կինն անդադար խոսում է ֆիլմի ընթացքում:

4. Ինձ համար ամենևին սեքսուալ չէ ծխող կինը. իսկ եթե ծխում է, ամեն ինչ պետք է անի, որ բերանից տհաճ հոտ չգա:

5. Չեմ կարծում, թե կին-տղամարդ հարաբերություններում նշանակություն ունի, թե ում ձեռքն է նախաձեռնությունը: Տարբեր իրավիճակներ կարող են լինել. պարզապես պետք է անես այն, ինչ սիրտդ է թելադրում:

6. Հարաբերություններում մեծ դեր ունեն փոխզիջումն ու մեծ համբերատարությունը. միայն այսպես կարելի է ամուր հարաբերություններ կառուցել: Հասկանալ միմյանց լավ և վատ սովորությունները ու սիրել նրան այնպիսին, ինչպիսին որ կա: Վստահությունն ամենակարևորն է:

7. Ինձ դուր են գալիս հայ կանայք. դա է վկայում այն փաստը, որ իմ կինը հայ է: Ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ մենք կարող ենք միասին հայերեն խոսել: Բացի այդ, կարող ենք անել հումորներ, որոնք միայն հայերին են հատուկ, և որոնք այլ ազգերի ներկայացուցիչները չեն հասկանա:

8. Ամուսնանալու որոշումը ինձ հեշտ է տրվել: Կնոջս` Դիանային, ճանաչում եմ 13 տարեկանից, իսկ 15 տարեկանից նա արդեն իմ ընկերուհին էր: Լավ և դժվար ժամանակներ ենք անցել միասին: Նա իմ լավագույն ընկերն է, իսկ ինձ հանդիպած բոլոր աղջիկներից` լավագույն կինն ու մայրը, որ երբևէ կարող էի պատկերացնել:

9. Հազվադեպ է պատահում, որ որևէ բանի շուրջ վիճենք: Մեր բոլոր վեճերն ու կռիվները տարիներ առաջ են եղել:

10. Տունը կարգի բերել, լվանալ ամանները, դարսել լվացքը, ճաշ պատրաստել և... մարմնի ամբողջական մերսում անել. իմ կարծիքով՝ սա լավագույնն է, որ կարող եմ անել կնոջ համար: Այսինքն՝ անել այն ամենը, որ, տղամարդու կարծիքով, անում է կինը: