Ըստ Մարգարիտա Եսոյանի
Ամառ, արև, երաժշտություն, մտերիմ ընկերներ, ուրախ տրամադրություն, խմիչք ու կարևորը` լողավազան...Շոգ եղանակին ակումբների օդորակիչներն անգամ ի զորու չեն լինի ապահովել քո բարձր տրամադրությունը:
Դե, տոթ ակումբներում դժվար էլ գտնես ամառվա հաճելի գույներն ու երեկոյան զեփյուռը: Այլընտրանքային տարբերակ կարող է դառնալ լողավազանի մոտ կազմակերպված երեկույթը: Ու որպեսզի այն էլ ավելի հիշվող լինի, առաջարկում եմ քեզ լողավազանային երեկույթների մի քանի խենթ ու զվարճալի տարբերակ:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի Նեպտո՜ւն:
Պարտադիր չէ, որ այդ օրը համընկնի քո ծննդյան օրվա հետ: Պետք չէ նեղվել նաև, որ Նեպտունը տղամարդ է, իսկ դու` կին: Դա նույնիսկ շատ հետաքրքիր է: Հրավիրվածների համար պատրաստիր կապույտ երանգավորում ունեցող կոկտեյլներ ու թխվածքներ:
Չեմ հիշում, թե որն էր Նեպտունի ամենասիրած ձայնասկավառակը. այնպես որ, երաժշտության ընտրությունն ամբողջությամբ քեզ վրա է: Երեկույթը հիշարժան դարձնելու համար լողի մրցույթներ կազմակերպիր: Ու չմոռանաս հյուրերիցդ յուրաքանչյուրին որպես հիշատակ նվիրել գեղեցիկ զարդարված մեկանգամյա օգտագործման պատառաքաղ:
Բարի գալուստ Հավայան կղզիներ:
Հավայան կղզիներ մեկնել այս ամառ գուցե չստացվի, բայց հավայան ոճի երեկույթի մասնակցել հո կարող ե՞ս։ Ընկերուհիներիդ նախապես ասա, որ կարճ շապիկներ հագնեն ու իրենց կիսաշրջազգեստներից մեկը տերևներով ծածկեն, մազերին ծաղիկ ամրացնեն ու չմոռանան խխունջներից պատրաստված զարդերի մասին: Իսկ տղաները թող զգեստապահարանից հանեն ծաղկավոր ու վառ կիսատաբատներն ու վերնաշապիկները:
Լողավազանի շրջակայքը հնարավորինս զարդարիր արևադարձային ծառերով ու բույսերով: Հավայան երաժշտությունը, բոկոտն պարերն ու հյուրերին ծաղկաշղթաներ նվիրելը պարտադիր է: Չմոռանաս նաև ներկաներին հյուրասիրել տապակած բանան ու մրգեր:
Մերկ զվարճանք:
Կարծում եմ՝ նման համարձակ մտահղացումը քո ընկերները կգնահատեն: Պատկերացրու` նուդիստական երեկույթ լողավազանի մոտ: Դե, դրես-կոդի ընտրությունն ամենահեշտն է, առանձնակի ուշադրություն կարող ես դարձնել աքսեսուարներին: Իհարկե, կոկտեյլներ, chill-out կամ lounge երաժշտություն, միայն շատ մտերիմ ընկերներ և ամենակարևորը՝ անկաշկանդ մթնոլորտ: Ու պատրաստ եղիր, որ գիշերը թեժ ավարտ է ունենալու:
Տղաների մուտքն արգելվում է: Հատուկ ընկերուհիներիդ համար կարող ես կազմակերպել աղջկական հավաքույթ լողավազանի մոտ: Լողավազանի մեջ կարող ես ծաղկաթերթիկներ լցնել: Պատրաստիր Cosmopolitan կոկտեյլ (ի դեպ, բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը կարող ես գտնել www.cosmo.am-ի բաղադարատոմս խորագրում): Աղջկական թեթև ու հետաքրքիր զրույցներ, լողավազան, հաճելի երաժշտություն ու սիրելի ամսագիր. էլ ինչ է հարկավոր լավ հանգստի համար:
Հա, մի բան էլ. անկախ նրանից, թե երեկույթի որ տարբերակը կընտրես, հիշիր՝ տրամադրություն թելադրողը հենց դու ես, ուստի մի՛ վախեցիր լինել ինքնատիպ ու համարձակ:
















































































