Պատրաստեց Գայանե Ասրյանը

Խորհրդատու` Մովսես Մասոմյան (Jose համալիր)

Զարթուցիչի ձայնը, օ˜, շտապ արթնանալ է պետք... Առանց հարցնելու`ինչո ՞ւ, արի՛ շտապենք խոհանոց: Այնտեղ մեզ սպասում են առավոտյան էներգետիկ կոկտեյլների և ֆրեշների մի քանի հետաքրքիր բաղադրատոմսեր:

Աշխատանքային օրը հաջող սկսելու համար ոչ միայն պարտադիր է առավոտյան վաղ զարթնել, այլև թարմ ու առույգ սկսել այն: Բնավ պետք չէ առավոտյան 8-ին երաժշտություն միացնել և պարել կամ հումորային տեսանյութ դիտել: Cosmo-ն առաջարկում է կոկտեյլների և ֆրեշների մի քանի հեշտ պատրաստվող բաղադրատոմսեր, որոնք կարթնանցնեն քո ուղեղը և բարձր տրամադրություն կհաղորդեն ողջ օրվա ընթացքում: Չմոռանանք մի քիչ էլ նորարար լինել, եկեք կոկտեյլներին մեր անվանումները տանք...

Բանանով և պաղպաղակով կոկտեյլ

Կես կտոր բանանը, 30 մգ կոկոսի օշարակը, 30 մգ կաթը, 100գրամ վանիլային պաղպաղակը սառույցով բլենդերի օգնությամբ հարել: Պատրաստ կլինի անկրկնելի մի կոկտեյլ, որը թարմություն կհաղորդի առավոտյան քեզ: Այն կարելի է զարդարել բանանի, խնձորի, արքայախնձորի կտորներով և ելակով:

Դեղձի հյութով և նռան օշարակով կոկտեյլ

50 մգ դեղձի հյութը, 50 գրամ վանիլային պաղպաղակը, 10 մգ նռան օշարակը կես կտոր բանանի կամ արքայախնձորի հետ աղացած սառուցը հարել բլենդերով: Ձևավորման համար կարելի է օգտագործել նարինջ կամ անանուխի տերևներ: Այս կոկտեյլը հենց նրա համար է, որ ողջ օրվա ընթացքում, քո սիրելի երաժշտությամբ ոգևորված, թեթև պարային շարժումներ անես աշխատավայրում :

Արքայախնձորով և ազնվամորով( մալինա)կոկտեյլ

Վերցնում ենք 50 գրամ արքայախնձոր, 30 գրամ ազնվամորի, 10 մգ արքայախնձորի օշարակ: Արքայախնձորն անցկացնում ենք քամիչով, ազնվամորին տրորում ենք, ավելացնում աղացած սառույց, ռոմ, հանքային ջուր, իսկ վերջում ավելացնում ազնվամորու օշարակ: Ձևավորում ենք արքայախնձորի կտորներով:

Ամենատարբեր մրգերով ֆրեշներ

Ֆրեշների հետ կապված մեր խորհրդատուն նշեց, որ կոնկրետ տարբերակներ սխալ կլինի առաջարկել. պետք է ուղղակի սիրելի մրգերն իրար խառնել, ավելացնել կաթ, աղացած սառույց և հարել դրանք: Նախընտրելի մրգային համադրություն են բանանը և ելակը, արքայախնձորն ու տանձը, դեղձը և ծիրանը, կիվին և սեխը և այլն:

ՀԳ-Մաղթում ենք բարի առավոտ, բարձր տրամադրություն, արդյունավետ աշխատանքային օր, իսկ օրվա վերջում հաճելի ժամադրություն: Չենք մոռանում չէ՞, որ բաղադրատոմսերը փոխանցում ենք նաև մեր ընկերուհիներին:

Լուսանկարը ըստ HMI-ի