Բացի այն հանգամանքից, որ Բալի կղզին մտնում է Ինդոնեզիայի կազմի մեջ, այս երկրի մասին քիչ է հայտնի: Մինչդեռ այստեղ շատ հետաքրքիր է՝ անանցանելի ջունգլիներ, կոմոդյան վիշապներ, գեղեցիկ տաճարներ և... խորհրդավոր Բորոբուդուրը...

... Ջոքյա

Գլխավոր կղզին Ճավան է` Ջակարտա մայրաքաղաքով: Սակայն ուղևորությունն արժե սկսել Ջոքյակարտա քաղաքից, որը տեղի բնակիչները կրճատ անվանում են Ջոքյա (Yogya):

ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ

Ջոքյան շատ մեծ քաղաք է, որի գլխավոր փողոցը Malioboro-ն է: Արժե կանգ առնել հենց այնտեղ կամ գոնե մոտակայքում: Mutiara Malioboro (Jl. Malioboro, 18) հյուրանոցն ապահովում է սպասարկման եվրոպական մակարդակ: Ոչ հեռու գտնվում է Grage Pamayana հյուրանոցը (Sosro Wijayan, 33): Տիպիկ ինդոնեզական ոճով է կառուցված ու կահավորված Ameera Boutique-ը (Jl. Dagen 13-15):

ՈՒՐ ԳՆԱԼ

Թեև Ինդոնեզիան հանրապետություն է, Ջոքյակարտան առանձին սուլթանություն է: Այստեղ արժե տեսնել սուլթանի պալատը` Կրատոնը (Kraton): Կրատոնի ու զուգահեռ Ngasem փողոցի միջև ընկած է մի հիանալի համալիր` Թաման Սարի ջրային պալատը` կանանց ու սիրուհիների համար նախատեսված բազմաթիվ լողավազաններով և այլ շինություններով: Այնտեղ է գտնվում նաև Sumur Guluming ստորերկրյա մզկիթը:

Գնա թռչնի շուկա և կտեսնես կոմոդյան վիշապներ, թռչող աղվեսներ, սև մակականեր և այլ էկզոտիկ կենդանիներ: Ամենախորհրդավոր վայրը Կեդուի հովտում գտնվող կախարդական Բորոբուդուրն է: Այն հիշեցնում է աստիճանաձև բուրգ և խորհրդանշում է տիեզերքը: Ջոքյայից 17 կմ հեռավորության վրա գտնվում է Փրամբանանը` «Արքաների հովիտը», որտեղ կտեսնես բազմահարկ, միաժամանակ տաճար և դամբարան հիշեցնող «չանդի» աշտարակները:

ԻՆՉ ՈՒՏԵԼ ԵՎ ՈՐՏԵՂ

Ամենաշքեղ ու թանկ ռեստորանները գտնվում են Wijilan փողոցում: Շատ հաճելի վայր է Legian Garden ռեստորանը (Jl. Perwakilan, 9), որտեղ կարող ես ցերեկվա ժամերին պատսպարվել շոգից և համեղ ճաշել: Gama Candi ռեստորանում (Mangkubumi, 2) համտեսիր ճավայական բրինձ` nasi langgi: Տեղական խոհանոցի կերակրատեսակները կարող ես փորձել Royal Garden ռեստորանում (Jl. Pekapalan, 7)` Alun Alun Utara հրապարակի մոտակայքում: Արժե փորձել նաև Gudeg ճաշատեսակը` հավով, բրնձով և ձվով: Իսկ արագ և համեղ սննդի կողմնակիցները կարող են ուտել հենց փողոցում, որտեղ երեկոյան հայտնվում են սեղանիկներ:

ԻՆՉ ԳՆԵԼ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ

Տեղական բատիկ արժե ձեռք բերել Pasar Beringharjo շուկայից (Jl. A Yani), որտեղ բատիկին հատկացված է ողջ առաջին հարկը: Երկրորդ հարկում կգտնես կոշիկ և հագուստ: Ինդոնեզիան հայտնի է նաև իր արծաթեղենով: Այն ձեռք բերելու համար մեկնիր Kota Gede: Առևտրի խոշոր կենտրոնները երկուսն են` Malioboro Mall-ը (Malioboro 52-58) և Plaza Ambarrukmo-ն (Jl. Laksda Adisucipto):

Ճավայից դեպի արևելք ձգվում է կղզիների շղթան. առաջինը Բալին է, որին հաջորդում է Լոմբոկը: Ջոքյայից Լոմբոկ ուղիղ չվերթներ չկան. կարելի է մեկնել՝ Բալիում կանգառ անելով: Օդանավակայանը գտնվում է Մատարամ քաղաքում (Mataram):

ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ

Այս կղզում կա երկու կուրորտ՝ Կուտան (Kuta)` հարավում և Սենգիգին (Senggigi)` արևմուտքում: Դու կգնահատես Mascot Beach Resort հյուրանոցների ցանցը, որի հարկաբաժինները գտնվում են արևադարձային այգում` հենց ջրի ափին (Jalan Raya Senggigi, 83355), ինչպես նաև՝ շքեղ Sheraton-ը (Jalan Raya Senggigi, Km 8): Ավելի մատչելի տարբերակ է Santosa Villas & Resort-ը (Jl. Raya Senggigi, Km 8):

ՈՒՐ ԳՆԱԼ

«Լոմբոկ» թարգմանաբար նշանակում է «չիլի պղպեղ»: Հյուսիսում լեռներն են, հարավում` կլու-սասակների`արևից վառված հողերը: Եթե ուզում ես տեսնել, թե ինչպես են ապրել մարդիկ հազարավոր տարիներ առաջ, այցելիր Սենգկոլ գյուղը (Sengkol)` իր խրճիթներով ու կիսամերկ բնակիչներով: Արժե տեսնել նաև տիպիկ ձկնորսական Tanjung Luar գյուղը. այստեղ է գտնվում Pura Lingsar տաճարային համալիրը: Իսկ եթե գնաս ջունգլի (Pusak), կտեսնես մոխրագույն կապիկներ:

ԻՆՉ ՈՒՏԵԼ ԵՎ ՈՐՏԵՂ

Սննդի հիմնական կետերը կենտրոնացած են Raya Senggigi փողոցում: Ամենամոդայիկն են համարվում Bumbu Café-ն, Matahari Café-ն և Happy Café-ն: Լավագույններից են Bale Tujuk Café-ն և Souvenir-ը: Արժե համտեսել մանգոյի թարմ հյութ և հավ` լապշայով: Եթե կծու ուտեստների սիրահար չես, անպատճառ նշիր` «No spicy»: Մատարամ քաղաքում արժե ճաշել Delicio Café-ում և Q-Corner-ում:

ԻՆՉ ԳՆԵԼ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ

Լավագույն խանութներն ու կրպակները նույնպես կգտնես Raya Senggigi փողոցում: Հուշանվերներ գնիր ափին գտնվող Pasar Seni շուկայից: Սակայն ամենահետաքրքիր շոփինգը քեզ սպասում է Մատարամի կիրակնօրյա շուկայում՝ թարմ մրգեր, գեղեցիկ գործվածքներ, կավե սպասք, հուշանվերներ: Զգո՛ւյշ եղիր, Լոմբոկում շատ են գողության դեպքերը:

10 + 1 պատճառ Ինդոնեզիա այցելելու համար

1. Այցելել Ստվերների թատրոն, որտեղ միևնույն դերասանը ղեկավարում է բոլոր տիկնիկներին և խոսում մի քանի ձայնով:

2. Այցելել կախարդական Բորոբուդուր:

3. Հմտանալ սերֆինգի մեջ:

4. Սովորել սարոնգ (ազգային հագուստ) կրել:

5. Մեդիտացիա անել Բորոբուդուրում:

6. Գնել գեղեցիկ նկար-բատիկ հենց հեղինակից:

7. Թմբուկ խփել: Այստեղ դրանք պատրաստվում են բրոնզից և գործածվում են Լուսնի աստվածուհուն նվիրված ծիսակատարությունների ժամանակ:

8. Զբոսնել Սումբա կղզու փոքր ձիուկներով:

9. Սովորել լայն ժպտալ, ինչպես Բալիի բոլոր բնակիչները և ասել «սելամաթ պագի» (բարի առավոտ):

10. Մի լավ զվարճանալ Waterborn ջրաշխարհում:

11. Հիանալ աշխարհի ամենագեղեցիկ մայրամուտով:

Լուսանկարները ըստ Shutterstock-ի