Նոր Անգլիայի ամենահիշարժան քաղաքը Բոստոնն է, որը նաև Մասաչուսեթս նահանգի մայրաքաղաքն է: Բոստոնի մերձակայքում են գտնվում աշխարհի ամենահեղինակավոր գիտական կենտրոններից երկուսը՝ Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT):

Բոստոն

Արևի առաջին ճառագայթների հետ Բոստոնի կենտրոնական զբոսայգին լցվում է վազող մարդկանցով: Սա ԱՄՆ-ի ամենահին հասարակական այգին է` բարեկարգ, ծաղկազարդ տարածքով ու սքանչելի լճակով, որի վրա գարնանից մինչև աշուն պտտվում են կարապանման հսկա սպիտակ նավակները՝ ցանկացողներին տանելով դեպի այգու ծառազարդ հատվածները կամ փոքրիկ կամրջակ: Լճակից ոչ հեռու Նանսի Շոնի՝ բադիկների հանրահայտ արձանն է:

Որտեղ ապրել

Զբոսայգու ծայրին՝ Ջորջ Վաշինգտոնի արձանի դիմաց, բացվում է բոստոնյան «Թաջ-Shopping-Ճաշ» եռանկյունին: Թաջը հայտնի հյուրանոցային ցանցին պատկանող «Թաջ Բոստոն» հյուրանոցն է, որը համարվում է քաղաքի հյուրանոցների թագուհին: Հյուրանոցը կահավորված է մեղմ, խիստ դասական ոճով: Այստեղ այցելուներին առաջարկվում են հյուրանոցային ոչ ստանդարտ ծառայություններ՝ բարձերի ցուցակ, մերսում սենյակում, ինչպես նաև՝ ցերեկային թեյի անգլիական արարողություն 18-19-րդ դարերի արվեստի հազվագյուտ գործերով զարդարված սրահում:

Ինչ գնել և որտեղից

Shopping-ի սիրահարների համար նշենք միայն Newbury-ի վրա գտնվող առաջին հինգ խանութները (մնացածը, կարծում ենք, կգտնեք հենց տեղում). Chanelle, Burberry, Giorgio Armani, Valentino, Nespresso Boutique: Այս փողոցը միշտ լեցուն է շքեղ կանանցով և գեղեցիկ հագնված տղամարդկանցով:

Ինչ ուտել և որտեղ

Հրաշալի shopping-ից հետո նույն Newbury-ի վրա կարելի է քննարկել գնումներն ատլանտյան օվկիանոսի թարմ ձկնեղենի սեղանի շուրջ. այս փողոցի վրա են գտնվում քաղաքի ամենահայտնի ռեստորաններն ու սրճարանները: Խորհուրդ ենք տալիս այցելել Stephanie's Newbury ռեստորանը: Աղանդերի սիրահարներին անտարբեր չի թողնի տաք շոկոլադով տորթը կամ կարամելի մեջ թաթախված խնձորը` հացի պուդինգով:

Ուր գնալ

Բոստոնում հյուրընկալված յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման պետք է այցելի Բոստոնի Գեղեցիկ արվեստների թանգարան` ժամանակակից արվեստի լավագույն գործերով և միջնադարյան ու անտիկ մշակույթի բացառիկ նմուշներով հիանալու: Թանգարանում կա իսկական բուդդիստական տաճար: Իսկ հայերի համար առանձնակի հետաքրքրություն կարող են ներկայացնել ուրարտական արվեստի գտածոներն ու Անտիոքի խճանկարը: Պարտադիր այցելությունների ցանկում է նաև Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանը: 15-րդ դարի վենետիկյան պալացոյի ոճով կառուցված այս շինությունում զետեղված են ավելի քան 2500 կտավներ, կահույք, ձեռագրեր ու քանդակներ` կազմելով աշխարհի ամենահիշարժան հավաքածուներից մեկը: Շինությունը շրջապատված է երկու հրաշալի այգիներով, որոնցում զբոսանքը պետք է անպայման ներառված լինի թանգարանի այցելության ծրագրում: Ի դեպ, թանգարանի հիմանդրի պատվին, Իզաբելլա անունով բոլոր կանանց համար մուտքն անվճար է:

Իսկ եթե Բոստոնում եք երեխաների հետ, ապա անպայման այցելեք Մանկական թանգարան` հսկա աշտարակներով, պղպջակների սենյակով ու շինհրապարակներով: Ի դեպ, յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 5-9-ը, թանգարանի մուտքի տոմսն արժե ընդամենը 1$:

10 +1 պատճառ Բոստոն այցելելու համար

1. Տեսնել աշխարհահռչակ Հարվարդը:

2. Լսել և փորձել ընդօրինակել բոստոնյան հայտնի ակցենտը:

3. Դիտել հսկա կետերին: Բոստոնի նավահանգստում ապրիլից հոկտեմբեր ամիսներին կազմակերպվում են հատուկ զբոսանքներ բաց օվկիանոսում. զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեսնելու ազատության մեջ լողացող ծովային հսկաներին:

4. Հիանալ Quincy Market-ի թափառական թատերախմբերի ներկայացումներով:

5. Քաղաքում շրջագայել բոստոնյան «բադիկներով» (հատուկ փոխադրամիջոց, որը քաղաքի ցամաքային մասերում ավտոբուս է, իսկ ջրային հատվածներում՝ նավակ):

6. Երեխաներին տանել մանկական թանգարան. նրանք իսկապես երախտապարտ կլինեն ձեզ:

7. Ճաշել CheeseCake Factory ռեստորանում (բոստոնյանը համարվում է ցանցի լավագույն ռեստորաններից մեկը):

8. Մայրամուտին զբոսնել Բոստոնը Քեմբրիջին միացնող կամուրջներից մեկի վրայով:

9. Այցելել Newbury փողոցի վրա գտնվող արվեստի սրահները:

10. Ներկայացում դիտել թատրոնների հայտնի թաղամասում (Theatre District):

11. Պիկնիկ անել Բոստոնի կենտրոնական զբոսայգում:

Հարվարդ

Չնայած այն հանգամանքին, որ Հարվարդը գտնվում է այլ քաղաքում՝ Քեմբրիջում (չշփոթել Անգլիայի Քեմբրիջ քաղաքի հետ), Բոստոնի կենտրոնից՝ Newbury փողոցից, ոտքով Հարվարդ կարելի է հասնել 40-50 րոպեում: Այստեղ է գտնվում Միացյալ Նահանգների հնագույն կրթական հաստատությունը` Հարվարդի համալսարանը (հիմնադրվել է 1636 թ.), որն այսօր գրեթե բոլոր վարկանիշներով աշխարհում առաջինն է:

Հարվարդն, ըստ էության, պետություն է պետության մեջ` իր հանրակացարաններով, մարզադաշտերով, գիտահետազոտական կենտրոններով, թանգարաններով ու հիվանդանոցներով: Հարվարդը բաղկացած է 12 «դպրոցից» (համալսարանից): Սա հիանալի վայր է ոչ միայն ապրելու ու սովորելու, այլև ուղղակի զբոսնելու համար: Մտեք համալսարանների բակերը, նստեք դրված նստարաններին, ըմպեք մի բաժակ սուրճ ուսանողների ընկերակցությամբ և անպայման փորձեք մտաբերել համալսարանի բակով քայլող հազարավոր երիտասարդներից գոնե մի քանիսի դեմքերը. գուցե նրանց հետագայում տեսնեք հեռուստացույցով: Ի դեպ, ԱՄՆ 5 նախագահները, այդ թվում՝ Բարակ Օբաման (ինչպես նաև նրա կինը), Հարվարդի շրջանավարտ են:

Ինչ ուտել և որտեղ

Անպայման այցելեք Հարվարդի Բիզնեսի դպրոցի ճաշարան և ճաշեք ուսանողների հետ. մուտքն ազատ է: Անպայման մտեք Finale` ճաշակելու հիանալի աղանդեր:

Ուր գնալ

Համալսարանի գլխավոր շենքերից մեկի դիմաց գտնվում է Քեմբրիջի ամենամարդաշատ և աղմկոտ վայրը՝ Հարվարդի հրապարակը: Այստեղ է կենտրոնացած գրեթե ողջ ուսանողական կյանքը՝ իր սրճարաններով, կինոթատրոններով, արագ սննդի կետերով, փոքրիկ կրպակ-խանութներով, գրախանութներով:

Ինչ գնել

Գնումներ կատարելու լավագույն վայրը Harvard COOP-ն է: Այստեղից գնված ցանկացած իր հետագայում քեզ կհիշեցնի այս համալսարանական քաղաքի մասին: Սա Հարվարդի համալսարանի խանութն է, որտեղից կարելի է գնել համալսարանի սիմվոլով հուշանվերներ` սկսած բազկաթոռներից և բարձերից, վերջացրած նկարների շրջանակներով և գրիչներով:

Լուսանկարը ըստ HMI-ի