Ըստ Մարգարիտա Եսոյանի

Ինչպես նորաձևության ոլորտում ինտերիերի դիզայներները ներկայացնում են գալիք սեզոնի տենդենցները: Շոգ եղանակներ, տան պատերի ներսում քիչ ժամանակ անցկացնելու ցանկություն, բայց հայտնի դիզայներնեըր գտել են ամառը տան նոր մթնոլորտում անցկացնելու տարբերակները:

Ինտերիերի հայտնի դիզայներներն առաջարկում են մեր բնակարանները դարձնել առավել ֆունկցիոնալ, ճոխ ու վառ:
Խառնում ենք վառ գույները մուգ երանգների հետ, ավանդական նյութերը համադրում ենք էկզոտիկի հետ, չենք մոռանում պարզ դիզայներական մտահղացումները և, վերջ: Մնում է կողմորոշվել նախասիրությունների հարցում:

Սառցե ամրոց: Ամառային տապին ձմռան զովության մասին կհիշեցնեն սպիտակ փայլուն կտորները, հարթ հայելային մակերեսներն ու ապակյա աքսեսուարները: Հը~մմմ, իրական սառցե ամրոց: Այսպիսի ինտերիերում միանաշանակ կմոռանաս 40 աստիճան շոգի մասին: Սառնությունը կարող ես կոտրել` օգտագործելով փիրուզագույնի, դեղինի ու մանուշակագույնի երանգներ ունեցող աքսեսուարներ:

Բացօթյա վերանդա: Մի՛ զարմացիր, անգամ նման զգացողություն կարող ես ստանալ, եթե բնակվում ես բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում: Բնակարանում գերիշխողը փայտն է, բացակայում են գորգերը, իսկ որպես հիմնական դեկորացիա` ծղոտե ծաղկամանների մեջ տնկված բույսեր:

Ջունգլիներ: Մաուգլիի սիրահարների ու ընդհանրապես այն մարդկանց համար, ովքեր մշտապես հետաքրքրվում են կենդանիներով, ինտերիերի այս տենդենցը շատ դուր կգա: Իրական ջունգլիների տեսարանով բնակարան: Համարձակ որոշում է չէ՞ հայկական իրականության համար: Բայց ընդունիր, որ շատ տպավորիչ է: Տեսարանը կամբողջացնեն կենդանիների ոտնահետքերով բնական հող հիշեցնող գորգերն ու հատակածածկերը:

Իսկ եթե հնարավորություններդ թույլ չեն տալիս ամբողջությամբ փոփոխության ենթարկել ողջ բնակարանը կամ մեկ սենյակը, կարող ես աշխատել աքսեսուարների վրա: Վերջիներս լավագույն կերպով թարմացում ու նոր շունչ կհաղորդեն ինտերիերին:

Լուսանկարները` ըստ HMI-ի