Ըստ Անինայի

Դժվար թե մեքենա վարելիս ուշադրություն դարձնես հարևան մեքենայի վարորդի խնամված մազերին կամ կրքոտ աչքերին, բայց... արդեն 15 րոպե է, ինչ դիմացի մեքենան միլիմետրերով է առաջ շարժվում, և այս դեպքում մնում է ոչ միայն ուշադրություն դարձնել, այլև երկրպագուներ գտնել հարևան վարորդների մեջ:

Ուրեմն, «ավտոֆլիրտը» քեզ համար է:

Եվրոպացի վարորդների շրջանում անցկացված հարցումները պարզել են, որ տղամարդկանց 46%-ը և կանանց 36%-ը հակված են «ավտոֆլիրտի»: Ամենաշատը Ուելսի բնակիչներն են սիրում սիրախաղի այս ձևը, իսկ շոտլանդացիները մեքենայի մեջ մտածում են միայն մեքենան վարելու և գործերի մասին:

Գերմանիայում վարորդների 18%-ը հարցման ժամանակ պատասխանել է, որ գեղեցիկ կին վարորդներին աչքից բաց չի թողնում, դե իսկ կանայք էլ` առնական տղամարդ վարորդներին: Գերմանացի վարորդներն իրենց սիրախաղը նախ սկսում են ազդանշանով, այնուհետև ձեռքով են անում սիրախաղի օբյեկտին և, բարձրացնելով ռոմանտիկ երաժշտության ձայնը, ժպտում են իրենց դուր եկած վարորդուհուն: Նրանք այնքան համարձակ են, որ նույնիսկ թղթի վրա գրում են իրենց հեռախոսահամարը և ի ցույց դնում այն:

Cosmo-ն, իհարկե, խորհուրդ չի տալիս այս հնարքը կիրառել մեր քաղաքի պայմաններում, բայց «անմեղ» հնարքներից կարելի է օգտվել:

Անտեղի ազդանշան...

Սա ուշադրությունը քո կողմը շեղելու ձևերից մեկն է: Պարզ է` չես կարող ուշադրություն գրավելու համար գլուխդ մեքենայի պատուհանից դուրս հանել և կողքի մեքենայի վարորդին օդային համբույր ուղարկել: Անտեղի և «պատահական» կարճ ազդանշանն ամենահարմար տարբերակն է:

Կանչող ժպիտ...

Երբ արդեն քեզ դուր եկած երիտասարդը սևեռուն հայացքով փորձում է պարզել 3 անգամ անիմաստ արձակած ազդանշաններիդ իմաստը, անմեղ հայացքով նայիր նրան և ժպտա: Զարմացած և հիացած ժպիտ պետք չէ. մի° մոռացիր, որ սա ընդամենը սիրախաղ է, և խցանումից բարեհաջող դուրս գալուց հետո ամեն մեկդ իր ճանապարհով է գնալու, չնայած «ավտոֆլիրտի» արդյունքում ձևավորված լուրջ հարաբերությունների դեպքեր էլ կան:

Մազերի հարդարում...

Ամեն ինչ բարեհաջող անցավ. ավտոտեսուչը ժպիտիդ համար քեզ չտուգանեց, սիրախաղի օբյեկտն էլ իր մեքենայի միջից վազելով չփախավ: Հիմա նայիր հայելու մեջ, փորձիր նուրբ շարժումներով հարդարել մազերդ: Պետք չէ` նոր սանրվածք հնարես և ապարդյուն տանջվեսª գանգուր մազերդ առանց սանրի հավաքելու համար: Ուղղակի թեթևակի հարդարիր:

Թույլտվություն...

Եթե ուզում ես` ամեն ինչ այսքանով վերջանա, ևս մի անգամ ժպտա նրան ու գնա քո ճանապարհով: Իսկ եթե ցանկանում ես, որ սիրախաղը ծանոթության վերածվի, ուրեմն պետք է նրան տաս քո թույլտվությունը: Նայիր նրան, ժպտա, մի քիչ իջեցրու ապակին և ձեռքդ ապակուց մի փոքր դուրս հանիր: Եթե նա առաջ անցնի քո մեքենայից և միացնի վթարային լույսերը, նշանակում է, որ նա արդեն քոնն է: Իսկ թե հետո ինչ կորոշես անել այդ բարեհամբույր երիտասարդի հետ, արդեն դու գիտես:

Այս ամենի հետ մեկտեղ կան բաներ, որ չի կարելի անել, եթե նույնիսկ մյուս մեքենայի ղեկին քո երազանքների տղամարդն է նստած:

«Չիկարելիներ»

1. Պետք չէ պայուսակի մեջ 1 ամիս մնացած կոնֆետն ինքնագոհ բացել և թուղթը շպրտել կողքի մեքենայի ապակու վրա, այնուհետև, կոնֆետը բերանում, ժպտալով վարորդից ներողություն խնդրել:

2. Լրիվ անիմաստ է քեզ դուր եկած վարորդի հարցաթերթիկը լրացնելը: Պետք չէ անմիջապես զանգել բոլոր ընկերուհիներին, ամեն մեկին կես ժամ բացատրել, որ x համարներով և y մակնիշի մեքենայով տղան քեզ դուր է գալիս, վերջում էլ խնդրել պարզել նրա ինքնությունը, պաշտոնը և ընտանեկան կարգավիճակը: Հիշիր` սա ընդամենը սիրախաղ է:

3. Նայեցիր հայելու մեջ, զգացիր, որ make-up-ի կարի±ք կա: Պետք չէ միանգամից պայուսակից հանել դիմահարդարման պարագաները և սիրախաղի ընթացքում ձեռնամուխ լինել դեմքի փոքր ու մեծ թերությունները շտկելուն:

4. Եթե եղունգներդ կրծելու սովորություն ունես, ապա գոնե ՙավտոֆլիրտի՚ ժամանակ դրանք հանգիստ թող ու փորձիր որքան հնարավոր է նյարդային շարժումներ չանել` ձեռքով կամ գլխով հարվածել ղեկին, շփոթված ուսումնասիրել տարածքը:

Ի դեպ, Իմ ընկերներից մեկը ծանոթացել է իր ապագա կնոջ հետ հենց ՙավտոֆլիրտի՚ միջոցով: Երբ նրա արձակած ազդանշաններին կինը ոչ մի ուշադրություն չի դարձրել, նա ուղղակի «բամպերով» հարվածել է կնոջ մեքենայի «բամպերին»: Այս թույլ և անվնաս հարվածը նրան հնարավորություն է տվել ոչ միայն ծանոթանալ, այլ նաև երկու ժամ «զոհի» հետ միասին փաստաթղթեր լրացնել: Այս կանխամտածված վթարն էլ դարձել է նրանց անկանխատեսելի ամուսնության պատճառը:

Լուսանկարները ըստ HMI-ի