Ըստ Անինայի
Ուղղակի պաշտում ես այն սպիտակ շորիկդ, որը գնելուց հետո ընդամենը մի անգամ ես հագել, քանի որ ամեն անգամ, երբ նորից ուզում ես կրել այն, հիշում ես, թե որքան անհարմարություն պատճառեց քեզ մեքենա վարելիս: Դե, իսկ քո սիրելի բարձրակրունկի մասին խոսք անգամ լինել չի կարող։
Ուրեմն ի՞նչ է հարկավոր անել' ցանկալին հարմարավետի հետ համադրելու համար:
Ղեկին նստելուց առաջ հայտնի պատճառներով այնպիսի հագուստ ես ընտրում, որ լինի հարմարավետ, «անվտանգ» և գեղեցիկ: Ինքդ էլ գիտես, որ եթե հագուստն անհարմար է, մեքենա վարելիս այն կարող է ոչ միայն խանգարել քեզ, այլև վթարի պատճառ դառնալ: Մյուս կողմից էլ չես կարող միշտ հարմարավետությանը զոհ գնալ, քանի որ մեքենայի ղեկին, թե սիրած էակի կողքին, միշտ ուզում ես անկրկնելի ու շլացնող տեսք ունենալ: Հետևիր մեր պրակտիկ խորհուրդներին, ու դա քեզ մոտ շատ ավելի դյուրին կստացվի։
1. Սիրո՞ւմ ես կրել սպիտակ հագուստ։ Ուրեմն չպետք է մոռանաս մեքենայիդ սրահը պարբերաբար մաքրելու մասին: Մաքուր պահիր մեքենայիդ սրահը, և ստիպված չես լինի սպիտակ հագուստի վրա անհասկանալի կերպով հայտնված գծերի ու բծերի պատճառով տրամադրությունդ գցել:
2. Կոշիկիդ մաքուր ու խնամված տեսքն ապահովելու համար խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ոտքերի տակ գցված «գորգը»: Եթե ժամանակ չունես կամ մոռանում ես կատարել այս կարևորագույն գործողությունը, ապա կարող ես ձեռք բերել հատուկ թերթիկներ, իսկ փոշոտվելու դեպքում դրանք ուղղակի աղբարկղը նետել:
3. Անվտանգ երթևեկելու կարևորագույն պայմաններից մեկն էլ արևային ակնոցն է: Արևային ակնոցն ամռանը պաշտպանում է աչքերդ արևի ուղիղ ճառագայթներից, իսկ ձմռանը` կուրացնող ճերմակից: Արևային ակնոց գնելիս ժլատ մի՛ եղիր և մի փոքր ավել գումար վճարիր. արժե ունենալ որակյալ ակնոց: Էժանագին ու անորակ ապակիներով ակնոցը չի կարող պաշտպանել աչքերդ ինչպես հարկն է: Իսկ գեղեցիկ ու որակյալ ակնոցը ոչ միայն պաշտպանում է աչքերդ մեքենան վարելիս, այլև, լրացնելով ոճդ, սեքսուալ աքսեսուար է դառնում:
4. Տղամարդկանց կարծիքով՝ շատ սեքսուալ է, երբ կինը մեքենա վարելիս ձեռնոց է կրում: Կան հատուկ մեքենա վարելու համար նախատեսված կանացի ձեռնոցներ, որոնք կարող ես ձեռք բերել սպորտային խանութներից: Կարող ես նաև կրել թեթև ու նուրբ ձեռնոցներ, որոնք նպաստում են ղեկի վրա ձեռքերդ ավելի հմտորեն սահեցնելուն: Խորհուրդ է տրվում վարելիս կրել նուրբ կաշվից կամ թեթև կտորից կարված ձեռնոցներ: Կիսատ ձեռնոցները, որոնց ծայրերը բաց են, և մատները կիսով չափ երևում են, տղամարդկանց կարծիքով, ամենասեքսուալն են:
5. Խուսափիր մեքենա վարելիս սինթետիկ հագուստ կրելուց, քանի որ այն գրգռում է մաշկը, ինչն էլ իր հերթին կարող է տհաճ զգացողությունների պատճառ դառնալ:
6. Մեքենա վարելիս աշխատիր հնարավորինս խուսափել գլխարկ կրելուց, քանի որ այն խիստ նեղացնում է տեսադաշտը: Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվես քո շատ սիրելի վարդագույն ժապավենակապով կոկետ գլխարկից կամ էլ սպորտային հրաշք կեպիից։ Պարզապես վարելու ընթացքում այն խնամքով մի կողմ դիր, իսկ մեքենայից դուրս արդեն կարող ես չբաժանվել նրանից:
7. Բարձրակրունկ կոշիկն ինքդ էլ գիտես, որ այնքան էլ հարմար չէ մեքենա վարելիս, բայց այս դեպքում պետք է հաշվի առնել ոչ թե կրունկի բարձրությունը, այլ կոշիկի որակը: Ամուր տակերով բարձրակրունկ կոշիկը կարող է շատ ավելի հարմար լինել վարելու ընթացքում, քան ցածրակրունկ, սակայն ոտքը լավ չընդգրկող կոշիկը:
Վարելու համար ամենահարմարն են համարվում 3-5 սմ բարձրություն ունեցող փափուկ, բայց ամուր տակերով կոշիկները: Եթե սկսնակ վարորդ ես, որոշ ժամանակ հրաժարվիր բարձրակրունկ «բարեկամիցդ», մինչև որ կկարողանաս «լեզու գտնել» ոտնակների հետ: Բարձրակրունկ կոշիկ կրելու խիստ անհրաժեշտություն կա՞։ Ուղղակի վերցրու այն քեզ հետ և մեքենայից իջնելիս փոխարինիր հարմարավետը ցանկալիով:
8. Հենց նոր ես վերադարձել արևադարձային որևէ էկզոտիկ երկրից և ուղղակի չես կարող չհիանալ ու չհիացնել քո զարմանահրաշ զարդերով։ Բայց հիշիր, որ մեքենա վարելիս մեծ, զնգացող ու չխչխկացող զարդերը կարող են խանգարել քեզ: Մատանիների, ականջօղերի և մանյակների դեպքում կարող ես քեզ թույլ տալ ուզածդ ձևն ու ոճը, բայց ապարանջանների ընտրության հարցում մի փոքր ավելի ուշադիր եղիր, ընտրիր այնպիսիք, որոնք չեն կաշկանդում ձեռքերիդ շարժումները: Մի՛ մոռացիր, որ ձեռքերդ վարելու ընթացքում պետք է ղեկի վրա լինեն, ուստի եթե նույնիսկ զարդերիցդ որևէ մեկն ընկնում է, ոչ մի դեպքում վարելու ընթացքում մի՛ փորձիր այն բարձրացնել:
9. Երկար ճանապարհ գնալիս հագուստ ընտրիր առանձնակի ուշադրությամբ. այս պարագայում հարմարավետությունն առաջին տեղում է` ճանապարհի կեսին հոգնատանջ չլինելու համար: Ոչ համապատասխան հագուստով մեքենա վարելը հանգեցնում է անուշադրության, լարում մարմնի տարբեր մասերը, անհարմարության զգացում առաջացնում: Երկար ճանապարհ գնալիս ոչ մի դեպքում բարձրակրունկ ու անհարմար կոշիկ մի՛ հագիր:
10. Ցեխոտ կոշիկով մեքենա մի՛ նստիր, որպեսզի ոտքդ ոտնակի վրայից քո կամքին հակառակ չսահի: Միշտ մեքենայիդ մեջ թաց անձեռոցիկ ունեցիր: Նման դեպքերում, եթե ձեռքի տակ ուրիշ միջոց չկա, այն քեզ հաստատ կօգնի:
Լուսանկարը ըստ HMI-ի












































































