Ամուսնությունից հետո սեքսը մեր կյանքում զգալիորեն պակասել է: Ամուսինս վերադառնում է աշխատանքից, համբուրում ինձ, ձեռքով մեղմ շոյում մեջքիս հատվածը և հարցնում, թե ի՞նչ է լինելու ընթրիքին: Իսկ ընթրիքին տապակած կարտոֆիլ է' սնկով, համեղ կարկանդակներով ու տնական լիմոնադով. ինչպես նա սիրում է:

Ըստ` Մարինե Ադամյանի

Ընթրիքից հետո նա խաղում է երեխայի հետ, քնելուց առաջ հեքիաթ կարդում նրան: Այնուհետև նորոգում է լոգարանի ծորակը, և ընթացքում հիշում, որ ինձ համար համակարգչային մուկ է գնել` նոր, անատոմիական, որպեսզի դաստակս չցավի: Հետո երեկոյան լուրերն է նայում: Ես տեղավորվում եմ նրա կողքին, հպվում կրծքովս, համբուրում ուսը, իսկ նա շարունակում է ուշադիր հեռուստացույց դիտել: Ես ձեռքս մտցնում եմ նրա տաբատից ներս: Ամուսինս ընդհատվում է ու հարցնում. «Ուզու՞մ ես»: Ես շփոթված պատասխանում եմ, որ պարզապես կարոտել եմ նրան, չէ՞ որ նա այնքան շատ է աշխատում: Նա ժպտում է, շոյում մազերս ու պատասխանում. «Սիրելիս, մի քիչ համբերիր, լուրերը շուտով կավարտվեն»: Լուրերն ավարտվում են և նա լոգանք է ընդունում` շատ երկար: Ես լսում եմ, թե ինչպես է նա երգում ցնցուղի տակ և ժպտում եմ. ամուսինս շատ լավ ձայն ունի:

Ամբողջ խնդիրն այն է, որ ես սիրում եմ իմ ամուսնուն. նա աշխարհի ամենահամակրելի, խելացի, հոգատար ու սեքսուալ տղամարդն է ինձ համար: Չեմ կարող հանգիստ գտնվել նրա կողքին, դեռահաս աղջկա պես հուզվում եմ նրա ներկայությունից: Նա դուրս է գալիս լոգարանից, ընկնում մահճակալի վրա, մոտենում ինձ ու խնդրում, որ մերսեմ մեջքը: Ես գիտեմ, թե ինչով է դա ավարտվելու, բայց ամեն անգամ հույս ունեմ, որ այլ կերպ կլինի: Հարմար դիրք եմ ընդունում ու սկսում մերսել նրան մկանները: Նա գեղեցիկ մարմին ունի, լայն թիկունք: Ես գրգռվում եմ, հպվում նրան, սկսում համբուրել և, ինչպես միշտ, պարզում, որ նա վաղուց քնած է: Եվ այդպես` ամեն անգամ:

Հանում եմ գրավիչ մետաքսե ներքնազգեստս, հագնում լայն ու հարմարավետ գիշերային զգեստը, պառկում կողքին: Ամուսինս փաթաթվում է ինձ իր ամուր ձեռքերով, պինդ գրկում ու անվրդով խռռացնում: Իսկ ես անքուն պառկած եմ: Նա «ամենա ամենա»-ն է, ես սիրահարված եմ նրան ասես աղջնակ, իսկ նա այսքան մոտիկ է ու այնքան հեռու: Ուզում եմ սրտնեղությունից գոռալ, հարվածել նրան, զայրույթից լաց լինել, սակայն շատ լուռ եմ ու համարյա չեմ շնչում. նա օրվա ընթացքում շատ է հոգնում, իսկ առավոտյան պետք է վաղ արթնանա:

Վաղն ամեն ինչ կրկնվում է նույն ձևով, մյուս օրը` նույնպես: Մինչև շաբաթվա վերջ ես հասցնում եմ համոզել ինքս ինձ, որ այդպես ապրել այլևս հնարավոր չէ, որ եթե մեր միջև արդեն չկա երբեմնի ներդաշնակությունը, ապա ես պետք է հեռանամ, որպեսզի նա գտնի այն միակ կնոջը, ում կսիրի և ամենակարևորը` կցանկանա: Իսկ շաբաթ երեկոյան ամուսինս, ըստ սովորության, մեղմ շոյում է գլուխս, հետո նրա մատները կանգ են առնում վզիս մոտ, նա սկսում է համարյա աննկատ շոյել մաշկս, իջնում է ներքև, հանում բլուզս ու շրթունքներով հպվում պտուկներիս: Իսկ հետո, երբ ամեն ինչ ավարտվում է, ես գրկում եմ նրան, նայում ուղիղ աչքերի մեջ և հարցնում. «Ինչու՞ ենք մենք այսքան հազվադեպ սա անում. չէ՞ որ, այս ամենը հիասքանչ է»: Նա խորը հոգոց է հանում ու սկսում արդարանալ. «Փոքրիկս, այս շաբաթը շատ ծանր էր, բայց երկուշաբթի օրվանից խոստանում եմ... Ազնի՜վ խոսք»:

Եվ այդպես ամեն շաբաթ...

Հ.Գ. Գրիր ինձ, կիսվիր թե ինչ ես մտածում այս մասին, լա՞վ: Ես իրոք չգիտեմ ինչ անել:

(Հեղինակի իրական անունը փոխված է` անձնական կյանքի գաղտնիության պահպանման նկատառումներով)

Լուսանկարը` ըստ HMI-ի