Այն ինչ ամենից շատն է քեզ հուզում, հարցեր քո սեքսուալ առողջության մասին... Հետևիր Cosmo սեքսոլոգի խորհուրդներին:

1. Հարց: Ամեն անգամ օրգազմի պահին դժվարանում եմ պահել մեզս, և այնպես է ստացվում, որ թրջում եմ տակս: Սա շատ է անհանգստացնում ինձ. անհարմար եմ զգում ամուսնուս մոտ և աշխատում եմ թաքցնել այդ երևույթը նրանից: Բայց վերջին անգամ, երբ ես «վերևից» դիրքում էի, ուղղակի չհասցրեցի մեզի հոսքը կանգնեցնել և միզեցի նրա վրա: Այդ օրից մեր հարաբերությունները խիստ լարված են դարձել: Նա սպառնում է, որ եթե չազատվեմ այդ երևույթից, կբաժանվի: Գինեկոլոգն ինձ ասաց, որ վիրահատական միջամտության կարիք է զգացվում: Ես վարանում եմ դիմել վիրահատության, որովհետև երբ ինքնաբավարարմամբ եմ հասնում օրգազմի, մեզի արտահոսք չի լինում: Խնդրում եմ ասացեք՝ դա ինչի՞ց է։

Պատասխան: Հարգելի՛ նամակագիր, օրգազմի պահին արտազատվող հեղուկը, որը դու թյուրիմացաբար «մեզ» ես անվանում, բոլորովին էլ մեզ չէ, այլ ուրիշ հեղուկ: Իր կառուցվածքով այն մոտ է տղամարդու շագանակագեղձի հյութին, և հաճախ այն անվանում են «կանացի սերմնահեղուկ», թեև, ի տարբերություն սերմնահեղուկի, նրա մեջ բացակայում են սերմնաբջիջները: Այսօր գիտական տվյալները փաստում են, որ բոլոր կանանց միզուկից օրգազմի ժամանակ հեղուկ է արտազատվում. ուղղակի դրա քիչ քանակությունը թույլ չի տալիս կնոջը գիտակցել դա:

Երբեմն էլ հեղուկի ժայթքումն օրգազմի պահին ընթանում է հետադարձ ուղղությամբ, այսինքն` դեպի միզապարկ. դա, այսպես կոչված, «ռետրոգրադ էյակուլյացիան» է: Հեղուկի քանակությունը տարբեր կանանց մոտ տարբեր է: Քո դեպքում այն բավական մեծ ծավալ ունի: Դա կախված է այդ հեղուկն արտադրող հյուսվածքի չափից և առանձնահատկություններից: Իսկ այդ հյուսվածքը հայտնի G կետ-ն է, որի յուրաքանչյուր գրգռումը բերում է հեշտոցային օրգազմի և ուղեկցվում է հեղուկի արտազատմամբ: Սա նորմալ սեքսոլոգիական դրսևորում է, և որևէ վիրահատական միջամտության կարիք չկա` շտկելու այն անմիզապահություն սխալ ախտանիշի տակ:

2. Հարց: Ես ամուսնացած չեմ, կույս եմ։ Հաճախակի զբաղվում եմ ինքնաբավարարմամբ: Ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է դա ունենալ իմ հետագա սեռական կյանքի և առողջության համար:

Պատասխան: Ինքնաբավարարումն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական կողմն այն է, որ ինքնաբավարարումը հնարավորություն է տալիս ճանաչելու սեփական մարմնի սեքսուալ զգայությունները. սա կարևոր է հետագայում զուգընկերոջն ուղղորդելու համար: Ինքնաբավարարումը մարզում է m. pubococcygeus-ը. սա այն մկանն է, որը պատասխանատու է օրգազմի համար: Ինչքան մարզված լինի այս մկանը, այնքան հետագայում հեշտ կլինի հարաբերության ժամանակ օրգազմի հասնելը: Ինքնաբավարարումը ժամանակավորապես թեթևացնում է սեքսուալ լարվածությունը, իսկ դա կարող է դրական անդրադառնալ կյանքի մյուս ոլորտների վրա, քանի որ սեքսուալ լարվածությունը երբեմն խանգարում է կենտրոնանալուն: Հիմա նշեմ բացասական կողմերը:

Գոյություն ունի ռիսկ, որ ինքնաբավարարումը կդառնա սեքսուալ լարվածությունից ազատվելու հիմնական և միակ ուղին. այն չի պահանջում լրացուցիչ ժամանակի և էներգիայի ներդրում, շատ հասանելի է բոլոր տեսանկյուններից: Ուստի զուգընկեր/ուհի փնտրելու մոտիվացիան թուլանում է. պե՞տք է, արդյոք, ունենալ զուգընկեր/ուհի, եթե նույն հաճույքը կարելի է ստանալ ինքնուրույն՝ զերծ մնալով զուգընկերոջ/ուհու հետ կապված բազում «անհարմարություններից» (ֆինանս, տեղ, ժամանակի սղություն): Ինքնաբավարարման մյուս բացասական կողմն այն է, որ, ամրապնդվելով իբրև սեքսուալ ռեֆլեքս, հետագայում այն կարող է նյարդային համակարգում ռեֆլեքսային դիսոնանս առաջ բերել և ամենատարբեր սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ:

Ի վերջո, գերմարզելով օրգազմի մկանը, դու ներքին կանացի օրգանների հիվանդություններ ձեռք բերելու ռիսկին ես դիմում (սկսած հորմոնալ բնույթի հիվանդություններից մինչև ուռուցքային հիվանդությունները), քանի որ սաստիկ լարված մկաններն, անոթային հարաբերական անբավարարություն առաջացնելով, բերում են հյուսվածքների սնուցման խանգարման և նյութափոխանակության վնասակար արգասիքների առաջացման: Խորհուրդ եմ տալիս ինքնաբավարարումը չափի մեջ պահել և դրան դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

3. Հարց: 8 տարի է՝ ապրում եմ սեռական կյանքով։ Ունեցել եմ մի քանի զուգընկեր, սակայն սեռական կյանքի հենց սկզբից հարաբերության ժամանակ օրգազմի չեմ հասնում, ի տարբերություն ինքնաբավարարման, երբ շատ հեշտությամբ 1-2 րոպեի ընթացքում վերջացնում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ, որպեսզի օրգազմ ապրեմ նաև հարաբերության ժամանակ:

Պատասխան: Գոյություն ունի օրգազմի մի քանի տեսակ։ Դրանք իրարից տարբերվում են իրենց առաջացման աղբյուրով, ուժգնությամբ, տևողությամբ, ընդհանուր սուբյեկտիվ ընկալմամբ: Դու ապրում ես մի տեսակի օրգազմ, ենթադրաբար` ծլիկային։ Հնարավոր է, որ այն առաջանա նաև սեռական հարաբերության ժամանակ, եթե ճշգրտորեն կրկնվեն ծլիկային գրգռման բոլոր մանրամասները: Սակայն հեշտոցային օրգազմի համար գոյություն ունի այլ էրոգեն գոտի. դա G կետն է: Իհարկե, եթե դու ունես որևէ հիվանդություն, ներանձնային խնդիրներ, կամ առկա են միջանձնային խնդիրներ, G կետի ոչ մի տեսակի գրգռումն էլ օրգազմի չի բերի:

Օրինակ՝ եթե դու ունես էստրոգենային անբավարարություն, անոթային հիվանդություններ, G կետն ընդգրկող հետծննդաբերական սպիներ կամ ամեն ինչ վերահսկողության տակ պահելու հոգեբանական պահանջ, ապա այս դեպքում միայն բժիշկ-սեքսոլոգի պրոֆեսիոնալ օգնությունը կարող է հարցին լուծում տալ:

4. Հարց: 5 տարուց ավել է՝ ամուսնացած եմ։ Ամուսնացել եմ սիրով, ունեմ 4,5 տարեկան որդի: Նախքան որդուս ծնվելը իմ և ամուսնուս հարաբերությունները շատ լավ էին։ Դրաից հետո ամեն ինչ փոխվեց. սեռական ակտն ինձ համար դարձել է զզվելի: Երբ պիտի սիրով զբաղվենք, թվում է՝ ամեն ինչ նորմալ է, սակայն հենց սկսվում է սեռական ակտը, ես ահավոր տհաճ զգացողություն եմ ունենում, չեմ ուզում: Հիմա ես առանձին եմ ինքնաբավարարմամբ զբաղվում, ամուսինս՝ առանձին: Ի՞նչ անել։

Պատասխան: Նկարագրում ես բավական լայն տարածում ունեցող սեռական խանգարում` սեռական ցանկության ընտրողական կորուստ, կարելի է անգամ ասել՝ սեքսուալ ավերսիա: Քանի որ շարունակում ես ինքնաբավարարմամբ զբաղվել, ապա սեռական ցանկության իսպառ անհետացում չի կարելի ախտորոշել: Նույն պատճառով կարելի է ենթադրել, որ խնդիրը հիմնականում օրգանական բնույթի չէ: Հնարավոր է ՝ այստեղ մեծ դեր են խաղում միջանձնային պրոբլեմատիկ հարաբերությունները։

Կարելի է ենթադրել, որ այս վիճակին նպաստել են քո` սեռականության մասին անբավարար գիտելիքները, անգամ՝ սխալ պատկերացումներն ու սեքսուալ լեգենդները: Այս վիճակից դուրս գալու համար դու բժիշկ-սեքսոլոգի օգնության կարիքն ունես, քանի որ ինքնուրույն ոչ միայն արդյունքի չես հասնի, այլև կխորացնես նևրոտիզացիայի աստիճանը` ամրապնդելով և բարդացնելով խնդիրդ:

5. Հարց: Սեռական հարաբերությունը մեզ մոտ շատ կարճ է տևում։ Փորձել ենք հարաբերությունը երկարացնող պահպանակ. չի օգնում: Չի օգնում նաև հայտնի stop-start մեթոդը: Ի՞նչ խորհուրդ կտաք անել: Ես 27 տարեկան եմ։ Այդպես եղել է իմ ամբողջ կյանքի ընթացքում:

Պատասխան: Նախ պետք է պարզել՝ արդյոք քեզ մոտ վաղաժամ սերմնաժայթքում է, թե խնդիրն էրեկցիայի պահպանման մեջ է, ինչը կորցնելու վախից դու այնքան ուժգնորեն ես գրգռում անդամդ, որ ակամայից արագ ես սերմնաժայթքում: Հնարավոր է նաև, որ խնդիրը զուգընկերուհուդ օրգազմի ուշացումն է: Խորհուրդ եմ տալիս դիմել բժիշկ-սեքսոլոգի պրոֆեսիոնալ օգնությանը: Այս խանգարումը բավական արդյունավետ է բուժվում:

6. Հարց: Ընկերոջս անդամի երկարությունը գրգռված վիճակում 8 սմ է: Արդյո՞ք դա բավարար է ինձ հաճույք պարգևելու համար։ Ասեմ, որ մինչ օրս չեմ բավարարվել:

Պատասխան: Այո՛, դա բավարար է հաճույք զգալու համար, ավելին՝ այդ չափը նույնիսկ առավելություն ունի. այն հասնում է ճիշտ G կետին։ Ուստի, եթե հարաբերման համար ճիշտ դիրք գտնեք, օրգազմի հասնելու հավանականությունը շատ մեծ կլինի:

7. Հարց: Անալ սեքսի ժամանակ հնարավո՞ր է վարակվել սեռավարակներով։ Ի՞նչ այլ վտանգներ կարող են լինել։

Պատասխան: Այո՛, հավանական է: Այլ բարդություններից է հետանցքի պատռվածքը (երբ բավարար քսուք չի օգտագործվում), որը վարակի դեպքում կարող է ուղեկցվել թարախային խուղակով: Այս դեպքում բուժման համար վիրահատական միջամտություն կպահանջվի:

Լուսանկարները ըստ HMI-ի