Բոլոր աղջիկների նման դու ինքդ էլ հակված ես փորփրելու ու վերլուծելու սիրային հարաբերություններդ մինչև կյանքիդ վերջին օրերը: Այնքան էլ լավ զբաղմունք չէ:

Գուշակություններ անելուց ու ինքնակեղեքումից քեզ փրկելու համար փորձագետներին խնդրեցինք ուղիղ, իսկապես ուղիղ պատասխանել կին-տղամարդ հարաբերություններին առնչվող ամենատարածված հարցերին:

Ըստ Մինա Ազոդիի

1. Ժամադրությունից 4 օր է անցել, իսկ նա դեռ չի զանգել ինձ: Մի՞թե նա հետաքրքրված չէ ինձնով: Գուցե: Էլ-նամակ ուղարկիր նրան և ասա, որ հրաշալի ժամանակ անցկացրիր: Եթե այդ «խայծը» կուլ չտա, մտովի պատրաստվիր մոռանալ նրան և առաջ շարժվել:

2. Ի՞նչ անեմ, որ ամուսնուս փոքրիկ տարօրինակությունները չնյարդայնացնեն ինձ: Կենտրոնացիր մեդալի հակառակ կողմի վրա: Օրինակ՝ եթե նա ցրված է, ուրախ եղիր, որ պասիվ է և ագրեսիվ չէ քո նկատմամբ:

3. Ինչո՞ւ ամեն անգամ, երբ ես հաղորդագրություն եմ թողնում նրա հեռախոսին, նա ինձ միշտ պատասխանում է ընդամենը SMS-ով: Տղամարդիկ ձգտում են ամեն ինչ «արագ» անել, և հետևաբար, նրանց կարծիքով՝ դա քեզ հետ հաղորդակցվելու լավագույն տարբերակն է:

4. Ե՞րբ կարող եմ սկսել իմ իրերից որոշ բաներ թողնել նրա բնակարանում: Երբ մի քանի գիշեր շարունակ մնում ես նրա մոտ: Սկսիր փոքրիկ իրերից... օրինակ՝ ատամի խոզանակից:

5. Ինձ թվում է, որ ընկերները վատ ազդեցություն ունեն նրա վրա: Ի՞նչ կարող եմ անել: Ոչ մի բան: Տղամարդիկ լոյալ են իրենց ընկերների հանդեպ: Կարևորը՝ նրա վարքը չփոխվի նրանց ներկայությամբ:

6. Կարևո՞ր է, որ ես լավ հարաբերություններ ունենամ սկեսրոջս հետ: Դա կենսական կարևորություն ունի: Բայց մի՛ փորձիր դառնալ նրա ամենամտերիմ ընկերուհին. պարզապես սիրալիր և հարգալից լինելը բավական է:

7. Նա երբեք ոչինչ չի պլանավորում: Ինչպե՞ս ստիպեմ նրան ինչ-որ բան ձեռնարկել: Հրավիրիր նրան մի այնպիսի ժամադրության, որը նրա սրտով կլինի, օրինակ՝ որևէ սպորտային իրադարձության: Այնուհետև առաջարկիր, որ երեկոները դրսում անցկացնելը կազմակերպեք հերթով:

8. Արդեն հինգ տարի է, ինչ հանդիպում ենք, և նա դեռևս առաջարկություն չի արել ինձ: Սա վա՞տ նշան է: Ոչ միշտ: Քանի դեռ չես հասկացրել, թե երբ ես ակնկալում այդ մատանին, նա կենթադրի, որ ստատուս քվոն քեզ համար նորմալ և ընդունելի է:

9. Նա շարունակում է ժամանակ առ ժամանակ տեսնվել իր նախկինի հետ: Արժե՞ անհանգստանալ: Ո՛չ, քանի դեռ այդ հանդիպումներին նա քեզ էլ է տանում իր հետ:

10. Արդյո՞ք պետք է ձևացնեմ, թե «անմատչելի» եմ, եթե մենք արդեն մի քանի տարի է՝ հանդիպում ենք: Երբեմն: Դա պահպանում է խորհրդավորության զգացումը, և դու շարունակում ես ցանկալի մնալ նրա համար:

11. Նա երբեք չի ընդունում իր սխալը: Ինչպե՞ս կարող եմ փոխել դա: Կատակի տալով՝ գրազ արի նրա հետ. օրինակ՝ ճիշտ պատասխան տալու դեպքում պատրաստ ես մերսել նրա պարանոցը: Այդպես նա ստիպված կլինի խոստովանել:

12. Երբ նրա կարծիքն եմ հարցնում հարսանիքի ծրագրերի մասին, պատասխանում է՝ կարևոր չէ: Ինչո՞ւ: Նրա համար այդ պատմական օրը կարևոր է. պարզապես նա չի սևեռվում այնպիսի դետալների վրա, ինչպիսին, ասենք, տարոսիկի դիզայնն է:

13. Ինչպե՞ս սկսեմ տղայի հետ ծանոթությունը: «Ողջույն, իմ անունը ..... է»: Այնուհետև որևէ հաճոյախոսություն արա նրա հասցեին. օրինակ՝ գովիր նրա հագած վերնաշապիկի գույնը:

14. Մայրիկս նրան չի հավանում: Արդյո՞ք ես պետք է հետևեմ մորս խորհրդին: Եթե մայրիկիդ կարծիքը համընկնում է քո լավագույն ընկերուհու, եղբոր կամ գործընկերոջ տեսակետին, ուրեմն՝ այո՛:

15. Մեր աշխատանքային գրաֆիկները հակասության մեջ են: Արդյո՞ք մենք դատապարտված ենք: Ո՛չ: Եթե առավելագույնս օգտագործեք միասին անցկացվող ժամանակը, դա բավական է՝ միմյանց ցույց տալու, թե որքան եք նվիրված մեկդ մյուսին:

16. Ես համալսարան եմ ավարտել, իսկ նա՝ ոչ: Հույս կա՞, որ մեզ մոտ մի բան կստացվի: Եթե հիանում ես նրա խելքով և եռանդով, ապա դիպլոմ կամ գիտական կոչում չունենալը ոչ մի նշանակություն չունի:

17. Ինչպե՞ս դուրս գամ «սեքսուալ երաշտի» վիճակից: Խնդրիր քո մտերիմ ընկերներին քեզ ծանոթացնել որևէ երիտասարդի հետ:

18. Նա ուզում է, որ մենք ամուսնանանք, իսկ ես չեմ շտապում: Սակայն ես նրան սիրում եմ: Ի՞նչ անեմ: Ներկայացրու նրան այն ժամանակացույցը, որը քեզ համար ցանկալի է, որպեսզի սիրելիդ իմանա, որ ապագայի հետ կապված քո ծրագրերը լուրջ են:

19. Իմ կարծիքով՝ նա չափազանց հաճախ է մասնակցում խնջույքների: Շարունակե՞մ նրա կողքին մնալ, թե՞ լքեմ: Ասա նրան, որ քեզ ավելի շատ դուր են գալիս երեկոներն անցկացնելու պակաս աղմկոտ և ավելի զուսպ ձևերը: Եթե նա չընտրի ավելի հանգիստ կենսակերպ, ուրեմն սխալ տղա ես ընտրել:

20. Արդյո՞ք վերջնագրերը կարող են ազդեցություն ունենալ: Կարող են: Բայց վերջնագիր ներկայացրու միայն այն դեպքում, եթե համոզված ես, որ հետ չես կանգնելու ու մինչև վերջ գնալու ես:

21. Միշտ ստուգում եմ ամուսնուս Facebook-ի էջը: Դա նորմա՞լ է: Ո՛չ: Դու ապրում ես այդ մարդու հետ. արդյո՞ք իսկապես կարիք ունես մշտապես կարդալու նրա «ստատուսները»:

22. Նորմա՞լ է, եթե հարցեր տամ նրա նախկին ընկերուհու մասին: Այո՛, բայց միայն տարրական բաներ. օրինակ՝ որքա՞ն է տևել նրանց կապը:

23. Արդյո՞ք տղաները ձևացնում են, թե «անմատչելի» են: Ոչ այնքան: Երբ տղամարդն իրեն պահում է այնպես, ասես հետաքրքրված չէ, սովորաբար դա այդպես էլ կա:

24. Արդյո՞ք կարող է ապագա ունենալ միայն սեռական հարաբերությունների վրա հիմնված կապը: Այո՛, բայց երբ տվյալ անձի մոտ զգացմունքներ առաջանան, իսկ սովորաբար այդպես էլ լինում է: Դու պետք է կա՛մ սկսես ընկերություն անել նրա հետ, կա՛մ խզես ձեր կապը:

25. Ինչպե՞ս հասկանամ՝ ինձ ավելի շատ նրա հետ սեքսն է դուր գալիս, թե՞ նա ինքը: Եթե դու նրան SMS ես ուղարկում միայն կեսգիշերից մինչև վաղ առավոտ ընկած ժամանակահատվածում, ուրեմն առաջին տարբերակն է:

26. Նա երեխաներ չի ուզում, իսկ ես ուզում եմ: Պետք է բաժանվե՞լ: Եթե վերջերս եք սկսել հանդիպել, ապա՝ ո՛չ: Իսկ եթե դու մտածում ես ամուսնության մասին, և այդ հարցը վճռորոշ է, ապա՝ այո՛:

27. Ո՞րն է նրա ընկերների վրա տպավորություն գործելու երաշխավորված ճանապարհը: Երբ նրանք տղաներով հավաքույթի են, զանգիր այդ գարեջրատուն և բարմենին ասա, որ խմիչքի առաջին շրջանը «քեզ վրա» է:

28. Ո՞րն է տղայից բաժանվելու ամենաճիշտ ձևը: Սկսիր հաճոյախոսությամբ. «Դու հրաշալի անձնավորություն ես, բայց չեմ կարծում, թե մենք միմյանց հարմար ենք»:

29. Ես նրան ասացի՝ սիրում եմ քեզ, իսկ նա նույն կերպ չպատասխանեց: Սա վա՞տ նշան է: Ո՛չ, եթե նա շարունակում է քեզ հետ ապագայի պլաններ կազմել: Հակառակ դեպքում նրա մոտ զգացմունքներ չկան:

30. Նա մռայլ տեսք ունի, սակայն ինձ չի ասում, թե ինչ է պատահել: Ինչպե՞ս «բացեմ» նրան: Ասա. «Դու մտահոգ տեսք ունես: Ես պատրաստ եմ լսել քեզ»: Նա կսկսի խոսել:

31. Այնպիսի զգացում ունեմ, որ մեր հարաբերություններում էլ կայծ չկա: Արդյո՞ք ճիշտը բաժանվելն է: Երբեմն դուք պարզապես անկման փուլ եք ապրում: Արկածային ժամադրություններ կազմակերպեք, նոր բաներ փորձեք անկողնում, և մեկ ամիս անց կրկին գնահատիր ձեր հարաբերությունները:

32. Ո՞րն է իրարից հեռու գտնվելու դեպքում հարաբերությունների պահպանման գաղտնիքը: Ամենօրյա հաղորդակցությունը, նույնիսկ եթե դա մի կարճ e-mail-ի տեսքով է:

33. Ինչպե՞ս կարող ենք ուշքի գալ իրար հետ կռվելուց հետո: Դիմադրիր անցած դեպքերը վերստին թարմացնելու գայթակղությանը և հպվիր նրան: Մի հասարակ պատասխան հպումը ցույց կտա, որ ձեր կապը դեռ ամուր է:

34. Ես գրավում եմ տղաների, որոնք ի վերջո պարզվում է, որ ստահակներ են: Ինչո՞ւ չեմ կարողանում գտնել նորմալ մեկին: Դու ես ընտրում նրանց, այսինքն՝ չես կարողանում նկատել «կարմիր ազդանշանները»: Փորձիր հաշվի առնել մտերիմ մարդկանց կարծիքը:

35. Որքա՞ն ժամանակ պետք է հանդիպենք, մինչև միասին ապրելը: Առնվազն մեկ տարի:

36. Ճի՞շտ է, արդյոք, որ մեկ անգամ դավաճանողը միշտ էլ դավաճանելու է: Որպես կանոն՝ այո՛: Եթե նա մանրամասն չի բացատրում, թե ինչու է այդպես վարվել և իսկապես չի զղջում, զգույշ եղիր:

37. Արդյո՞ք հետևելը, «քիթը նրա գործերի մեջ խոթելը» կարող է նորմալ համարվել: Ո՛չ: Դա նշանակում է, որ էական մի բան պակասում է, օրինակ՝ անմիջական շփումը:

38. Արդեն որոշ ժամանակ է, ինչ հանդիպում ենք, բայց նա ինձ դեռ չի ծանոթացրել իր ընկերների հետ: Ո՞րն է պատճառը: Երևի նա երկարաժամկետ պլաններ չի կառուցում: Տղամարդկանց մեծամասնության համար կարևոր է նախքան հարաբերությունները լրջացնելը ստանալ ընկերների հավանությունը:

39. Ո՞րն է նախկին զուգընկերոջը մոռանալու լավագույն ճանապարհը: Ժամանակը և ... քո բջջայինի մեջ նրա համարի փոխարեն մտերիմ ընկերուհուդ համարը գրանցելը, որ եթե երբևէ զանգահարես, հեռախոսը «վերցնի» ընկերուհիդ:

40. Նրա ընկերների զուգընկերուհիներն արդեն կայացած և փակ խմբավորում են: Ինչպե՞ս ներթափանցեմ այդ շրջան: Հրավիրիր նրանց աղջկական խնջույքի: Միասին զվարճանալը կմտերմացնի ձեզ:

41. Այդ տղայի հետ մենք պարզապես լավ ընկերներ ենք, իսկ ես համակրում եմ նրան: Ինչպե՞ս մերձենալուն ուղղված քայլ անեմ՝ առանց նրան վանելու: Աստիճանաբար ավելի ֆլիրտային եղիր նրա հետ, օրինակ՝ դիպչիր նրա ոտքին, երբ զրուցում եք: Ապա գնահատիր նրա ռեակցիան:

42. Արդյո՞ք տղաները սիրում են խոսել իրենց սիրային կապերի մասին: Տղամարդիկ միասին ժամանակ անցկացնելիս ոչ թե խոսում են, այլ զբաղվում ինչ-որ բանով: Այսպիսով՝ քո սեռական կյանքը չի դառնում մանրամասն քննարկման առարկա:

43. Ես դավաճանել եմ նրան, բայց ուզում եմ, որ մեր միությունը պահպանվի: Խոստովանե՞մ արածս: Ո՛չ: Ինքդ քեզ համար պարզիր, թե ինչու ես դիմել այդ քայլին, ապա ջանքեր գործադրիր, որ ձեր հարաբերություններում առկա տվյալ խնդիրը լուծես:

44. Մի տարի է՝ հանդիպում ենք: Արժե՞ խոսք բացել ամուսնության մասին: Իհարկե: Հարցդ ձևակերպիր ճնշում չգործադրող, տեսական ձևով. «Ի՞նչ ես կարծում, ո՞վ է լինելու քո խաչեղբայրը»:

45. Իմ ամուսինը «ցերեկային» մարդ («ճնճղուկ») է, իսկ ես՝ ոչ: Ինչպե՞ս լուծենք այս խնդիրը: Ամեն շաբաթ փորձիր անկողին մտնել 10 րոպե ավելի վաղ և այնպես արա, որ նա արթուն մնա 10 րոպե ավելի:

46. Նրա մոտ մազաթափություն է սկսվել: Ճիշտ կլինի՞ այդ մասին խոսել նրա հետ: Ո՛չ: Քեզ դուր կգա՞, որ նա էլ քեզ ասի, թե քո կուրծքը սկսել է կախ ընկնել:

47. Նա 25 տարեկան չկա, իսկ ես 30-ն անց եմ: Արդյո՞ք հեռանկար կա: Այո՛, եթե դուք ունեք միանման նպատակներ:

48. Ինչո՞ւ է նրան թվում, թե նորմալ է, երբ նա ծաղրում է իմ ընկերուհիներին: Տղամարդիկ հարաբերվում են՝ միմյանց «կծելով», այսինքն՝ բնազդաբար նա հենց նույն կերպ էլ կապ է հաստատում ընկերուհիներիդ հետ:

49. Իրականում ի՞նչ է նշանակում նրա հետևյալ արտահայտությունը. «Ես որոշակի ազատության կարիք ունեմ»: «Ես այլևս չեմ ուզում հանդիպել քեզ հետ, բայց չափազանց թուլակամ եմ՝ այդ մասին քեզ ասելու համար»:

50. Ես ամեն օր նրան ասում եմ. «Սիրում եմ քեզ», իսկ նա` ոչ: Ինչո՞ւ: Տղամարդիկ չեն բարձրաձայնում իրենց զգացմունքները. նրանք ցույց են տալիս: Եվ քանի դեռ նա իր զգացմունքներն ապացուցում է արարքներով, անհանգստանալու կարիք չկա:

Աղբյուրները՝ դոկտոր Ջեֆրի Բերնսթայն («Why Can't You Read My Mind?»), դոկտոր Քրիստի Հարթմեն («It's Not Him, It's You» ), դոկտոր Դեյվիդ Վեքսլեր, Միջանձնային հարաբերությունների ինստիտուտի հիմնադիր

Լուսանկարները ըստ Shutterstock-ի