Կասկածներս հաստատվում են. Լիլին իսկապես տարված է ինձնով: Վաղուց էի դա նկատում, բայց չէի ուզում կարծես ինքս ինձ համար բարձրաձայնել: Նա վառվռուն աչքեր ունի, կանացի յուրահատուկ հմայք, բայց ոչ ավելին:
Ըստ` Լևոն Ահարոնյանի
Նման կանայքն ինձ այլևս մի քանի րոպեից ավելի չեն գրավում: Խոստովանում եմ, որ նա ուշադրությանս կենտրոնում էր մեր հանդիպման առաջին 15-20 րոպեների ընթացքում, անգամ ընկերներիցս մեկի հետ հեռախոսազրույցում ասացի.
«Մեկը կա, դուրս գալիս է, տեսնենք` ինչ կստացվի»: Սակայն արդեն կեսգիշերին այդ նույն ընկերոջս ասացի, որ Լիլին լավ աղջիկ է, բայց դատարկ է: Սակայն նա նույնը չէր մտածում իմ մասին կամ էլ` այդքան չի խորացել իմ անհատական որակների մեջ: Նրա հետ անգամ մեկ գիշեր տևող հարաբերություն ունենալու ցանկությունս սահմանափակվում է նաև այն հանգամանքով, որ ինձ մտերիմ տղաներից մեկը շատ է տարված Լիլիիով: Անընդհատ շուրջն է պտտվում, բայց ես տեսնում եմ, որ նրա հայացքը դեպի ինձ է ուղղված:
«Շատ ինքնավստահ ես, անգամ ինքնահավան. կանայք քեզ երես են տվել, դա փչացրել է քեզ- ասաց սեքսոլոգը, երբ առաջին և դեռևս վերջին անգամ հանդիպեցի նրան»:
Նա լավ մասնագետ էր, ես էլ` ավելի քան ազնիվ. ամեն ինչ անկեղծորեն պատմեցի նրան. փորձեց հասկանալ, թե որտեղից են գալիս խնդիրներս և եզրակացրեց, որ ես ավելին եմ ուզում, քան ֆիզիկական կոնտակտը, դրա համար էլ եղել են դեպքեր, որ անգամ ցանկահարույց զուգընկերուհու հետ ամենապատասխանատու պահին «չի կանգնել» ...
«Հրաշալի սեքսի» համար պետք է սիրե՞լ
Այն կնոջ հետ, ում մի քանի տարի սիրել եմ, երբևէ նման խնդիր չեմ ունեցել: Այստեղից էլ եզրակացրեցի, որ եթե «հրաշալի սեքս» եմ ուզում, պետք է սիրեմ զուգընկերուհուս: Այլապես հիմա, երբ այդքան հեշտ է գտնել մեկին, ով պատրաստակամ է անմիջապես ծնկել քո առջև, սեքսը կարող է վերածվել զուգարանում բնական կարիքները հոգալու պես մի բանի:
Չգիտեմ` այս մտահոգությունն է պատճառը, թե այն, որ ես կայուն ու հասուն հարաբերություններ եմ ուզում, բայց արդյունքն այն եղավ, որ Լիլիի նման կանանցով այլևս չեմ հետաքրքրվում, իսկ այ Արմինե~ն...
Նա մեր ընդհանուր ընկերախմբից է. ես, Լիլին և նա գրեթե բոլոր հանդիպումներին միասին ենք եղել: Լիլին ավելի ակտիվորեն է փորձում գրավել ուշադրությունս, սակայն զսպված ու հավասարակշռված Արմինեի մոտ դա ավելի լավ է ստացվում: Նա 7 տարով մեծ է ինձանից, բայց դա նրան չի խանգարում ինձ վրա ուշադրություն դարձնելու համար:
«Եթե կինը քեզ ուշադրություն է դարձնում, դա դեռ չի նշանակում, թե նա ուզում է քեզ,- լուրջ դեմքով ասում էր սեքսոլոգը,- գուցե նա ընդամենը ուսումնասիրում է քեզ»:
Թող ուսումնասիրի, ես դեմ չեմ, մանավանդ, որ այդ ուսումնասիրության գործընթացը հաճելի է ինձ: Գուցե այլ հանգամանքներում կամ ընդամենը մեկ ամիս անց անգամ չնկատեի Արմինեի նման կանանց. արտաքինից նրան ոչ «գեղեցկուհի», ոչ էլ «sexy» բառերով չես բնութագրի, բայց մի ջերմ էներգիա է նրանից հոսում դեպի ինձ, որը ստիպում է մտածել նրա մասին:
Մինչ այս ես հիմնականում հարաբերվել եմ մի քիչ թեթևամիտ, հեշտասեր կանանց հետ, որոնց հետ չափազանց հաճելի է եղել: Բայց նրանք ինձ այլևս չեն բավարարում: Կա մի կետ, մի «սահման», որ դա հատելուց հետո այլևս անկարող ես հետ դառնալ: Ինձ համար դեպի հեշտասեր և ինձ միայն որպես որձ ընկալող կանանց ուղին առհավետ փակված կարող եմ համարել: Այսօր առավոտյան մեծ ցավով հրաժեշտ տվեցի նրանցից ինձ համար ամենասիրելիին:
Ոչ միայն սեր, այլև հարգանք
Նա քնած էր, երբ զարթուցիչս զնգաց: Ծանր գիշեր էինք ունեցել, որի ընթացքում ինչ ասես ապրեցինք` հաճույք, հիասթափություն, վախ, ագրեսիա, անտարբերություն:
Լացս գալիս էր հեռանալիս, ինձ թվում էր` նրան այլևս չեմ տեսնելու: Մոտեցա, որ ճակատը համբուրեմ, արթնացավ, ամուր գրկեց ոտքս ու ասաց. «Մի գնա»: Տեսնես զգո՞ւմ էր, որ այլևս չեմ վերադառնալու:
Բայց դա արդեն կարևոր էլ չէ: Ես հիմա հստակ գիտեմ, թե ինչպիսի հարաբերություններ եմ ուզում և ինչ տեսակի կնոջ հետ: Ինձ այլևս պետք չեն «sexy» , բայց ինձ միայն որպես որձ ընկալող հեշտասերները:
Արմինեն թեև դեռ շատ ցանկալի չէ ինձ համար, բայց միտքս, մի քիչ էլ սիրտս հուշում են, որ նրա հետ կարող եմ ստանալ այն հարաբերությունները, որոնք փնտրում եմ: Ես ուզում եմ, որ զուգընկերուհիս ինձ հարգի ոչ միայն որպես տղամարդ, այլև որպես մարդ, գնահատի իմ արժեքն իր և հասարակական կյանքում: Փոխարենը պատրաստ եմ որոշ «զիջումներ» անել նրա կանացի «ես»-ը մշտապես շոյված պահելու և ուշադրության պակաս չզգացնելու համար:
Արմինեի հետ երկու անգամ հանդիպել եմ. ամեն ինչ դեռ հաջող է ընթանում, ճիշտ է, գործը համբույրից այն կողմ չանցավ, բայց ես չեմ շտապում:
Լուսանկարները` ըստ HMI-ի














































































