«Նորից ուշ ես գալիս տուն», «չեմ սիրում քո աշխատակիցներին, նրանք կարծես հիմար թութակներ լինեն» կամ «սա լուրջ գործ չէ, որով դու ես զբաղվում»... Աշխատանքդ ամեն անգամ դառնում է մի նոր վեճի առիթ. դու չես ուզում զիջել, իսկ նա գնալով ավելի համառ է դառնում  Ի՞նչ անել նման դեպքում, ինչպե՞ս գտնել ոսկե միջինն ու խուսափել լարված և նյարդային վիճակից:

Պատրաստեց Գայանե Գալստյանը

Խորհուրդները՝ Cosmo-հոգեբան Վերգինե Եսայանի

Զիջել, միայն եթե վտանգի տակ չէ քո իսկ անհատականությունը

Հարաբերություններ կառուցելիս զոհաբերություններն անխուսափելի են: Եթե նա կարևոր է քեզ համար, չես կարող հաշվի չառնել նրա կարծիքը: Խնդիրը նրանում է, թե որքան ես դու պատրաստ զիջել, որտեղ է անցնում քո անձի համար կարևորի սահմանը: Թույլ տալով ներխուժել այդ սահմանից ներս և փոփոխություններ պարտադրել քեզ՝ վտանգի տակ ես դնում քո անձի ամբողջականությունը:

Դուր չի գալի՞ս, իսկ կոնկրետ ի՞նչը...

Զիջելուց, զոհաբերության գնալուց առաջ նախ պարզիր՝ կոնկրետ ինչը դուր չի գալիս նրան՝ մասնագիտությո՞ւնդ, աշխատանքիդ վա՞յրը, զբաղվածությանդ չա՞փը, գործընկերնե՞րդ: Թույլ չտաս նա ընդհանրական պատասխաններ տա ու մի կողմ քաշվի: Առանց ագրեսիվ ու նյարդային պահվածքի փորձիր կանացի քո հմտություններով, հատկապես քնքշանքով և բարեկամաբար զրուցել նրա հետ ու հասկանալ՝ ինչումն է խնդիրը: Եթե կարող ես ինչ-ինչ հարցերում մասնակի զիջումների գնալ, օրինակ՝ տնօրենիդ խնդրել քեզ կես ժամ շուտ թողնել կամ երեկոյան ժամերին չանհանգստացել, ապա արա դա: Միգուցե մասնակի փոփոխությունները կգոհացնեն նրան:

Բանակցիր

Որքանո՞վ են հիմնավորված նրա պահանջները, որքանո՞վ են դրանք տրամաբանական. այս հարցերի շուրջ պետք է փորձել բանակցել: Բացատրիր, որ չես կարող փոխել կամ առավել ևս թողնել աշխատանքդ, քանի որ դրանով նախ` գումար ես վաստակում, և հետո` քո անհատականության կարևոր մի մասն է քո մասնագիտությունը: Եթե դժվար³ÝáõÙ »ù միանգամից լուծում գտնել, հետաձգեք այն որոշ ժամանակով կամ փորձեք միջանկյալ տարբերակներ գտնել:

Դուր չի՞ գալիս, ինձ էլ դուր չի գալիս, որ ...

Կտրուկ քայլերին գնալուց առաջ փորձիր փոխզիջման այս տարբերակը, որը շատ լավ է աշխատում: Նրան դուր չի՞ գալիս, որ քո աշխատանքը հստակ գրաֆիկ չունի, և քեզ կարող են գրասենյակ կանչել նույնիսկ երեկոյան ժամերին. շատ լավ, իսկ քեզ դուր չի գալիս այն, որ նա ընկերների հետ միասին մինչև ուշ գիշեր լինում է ակումբներում: Ահա այսպես կարող ես գտնել ոսկե միջինը: Եթե նա ևս զիջի քեզ ինչ-որ հարցում, ապա դու քեզ ոտնահարված չես զգա ու չես լինի մշտական զիջողի դերում:

P.S. Եթե նա անդրդվելի է ու չի ցանկանում ոչինչ լսել՝ պահանջելով, որ թողնես աշխատանքդ, ապա լրջորեն մտածիր՝ արժե՞ լինել մեկի կողքին, ով միայն պահանջում է, իսկ փոխարենը ոչինչ չի ուզում տալ: Փոփոխությունները պետք է լինեն երկու կողմից. առողջ հարաբերություններ հնարավոր է կառուցել միայն փոխզիջումների պայմաններում՝ սիրով ու համբերատար:

Լուսանկարները` ըստ HMI-ի