Քեզ երբևէ վրդովեցրե՞լ է այն փաստը, որ նա կարողանում է նկատել այլոց բաց կրծքերը, բայց չի նկատում, որ 20 սանտիմետրով կարճացրել ես մազերդ: Կամ մտածե՞լ ես այն մասին, թե արդյոք հավատում է քեզ, երբ ասում ես. «Ոչինչ չի պատահել, ես լավ եմ»: Այս ամենը հետաքրքրում է ոչ միայն քեզ: Այդ պատճառով մենք այցելել ենք թոփ փորձագետների և մի քանի հանրահայտ մարդկանց` ճշմարիտ և ռեալ պատասխաններ ստանալու համար:
Ըստ Ռոբին Հիլմանտելի
1. Արդյո՞ք տղամարդիկ նկատում են, երբ գիրանում ես 2 կամ 5 կիլոգրամով:
Երկու կիլոգրամը՝ ոչ: Հինգն՝ այո:
2. Ինչո՞ւ է նա հանգիստ տանում այն փաստը, որ ես խելքահան եմ լինում Ջասթին Թիմբերլեյքի համար:
Տղամարդիկ ռացիոնալ են. նա գիտի, որ իրականում նրան հանդիպելու քո շանսերը չնչին են, եթե չասենք՝ զրոյի հավասար:
3. Ի՞նչն է տղամարդկանց առավել մտահոգում անկողնում:
Այն, որ դու իրականում օրգազմի չես հասնում։
4. Վա՞տ է, եթե առաջին ժամադրության ժամանակ տղամարդը չի պնդում, որ ինքը վճարի:
Ոչ այնքան. որոշ տղամարդիկ իսկապես բարձր են գնահատում, եթե կինն առաջարկում է կիսել հաշիվը:
5. Երբ ես նրան ասում եմ. «Բան չի պատահել, ամեն ինչ կարգին է», նա իրականում հավատո՞ւմ է ինձ:
Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Տղամարդիկ միշտ չէ, որ գլուխ են հանում զգացմունքներ վերծանելուց, բայց նա գիտի, որ այդ նախադասությունը լավ բան չի խոստանում:
6. Ինչպե՞ս կցանկանար, որ մեղքերս քավեի:
Պարզապես նայիր աչքերին և ասա՝ կներես. տղամարդկանց մեծամասնությանը դրանից ավելին պետք չէ:
7. Ի՞նչ անեմ, որ ընկերս ջերմ վերաբերվի արական սեռի իմ լավագույն ընկերոջը:
Նրանց հրավիրիր որևէ սպորտային իրադարձություն դիտելու, որտեղ նրանց ֆավորիտը նույն թիմն է:
8. Ամուսինս այլևս մտերիմ ընկերներ չունի: Պե՞տք է անհանգստանալ:
Այո՛: Նա կսկսի իրեն մեկուսացած զգալ: Որևէ բան ձեռնարկիր, ասենք՝ երկուսով անդամագրվեք որևէ կազմակերպության, որտեղ նոր մարդկանց կհանդիպեք:
9. Ե՞րբ են տղամարդիկ որևէ փոխհարաբերություն լուրջ համարում:
Այն պահից, երբ գիտակցում են, որ իրենք ուրիշ ոչ մեկի հետ չեն քնում կամ երբ գիտակցում են, որ չեն հանդուրժի քեզ տեսնել մեկ ուրիշի գրկում:
10. Ո՞րն է այն միակ բանը, որ տղամարդիկ ցանկանում են լսել սեքսից հետո:
«Հրաշալի էր»:
11. Փոքր առնանդամ ունեցող տղամարդիկ ընդունո՞ւմ են, որ իրենք փոքր առնանդամ ունեն:
Այո՛, բայց հիմնականում նրանք նախընտրում են օգտագործել «միջին չափ» հասկացությունը:
12. Ինչպե՞ս նրան հասկացնեմ, որ «անդամի» չափն այնքան էլ կարևոր չէ ինձ համար:
Մի՛ հիշատակիր առնանդամի չափը. պարզապես ասա, որ քեզ հաճելի է սեքսով զբաղվել իր հետ:
13. Ինչո՞ւ է նա միշտ փնթփնթում իմ սերիալների վրա, մինչդեռ ես իր հետ հավասար նայում եմ ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը:
Սերիալ դիտելը նա ընկալում է որպես կանացի զբաղմունք և չի ցանկանում, որ դու կասկածի տակ դնես իր առնականությունը:
14. Ի՞նչն է մատնում անինքնավստահությունն առաջին հանդիպման ժամանակ:
Երբ դու շպարվում ես կամ ստուգում քո արտաքին տեսքը՝ նայելով պատուհանի ապակու կամ հայելու մեջ:
15. Իմ ընկերը միշտ զանգում է ինձ խանութից՝ հարցնելու, թե արդյոք ես որևէ բանի կարիք ունեմ: Ո՞ր պահից կարելի է խնդրել, որ նա հիգիենիկ միջադիրներ գնի:
Եթե նա զանգում է, ուրեմն դու նման խնդրանքի իրավունք արդեն ունես: Բայց արդյո՞ք իսկապես ցանկանում ես նրան դնել այդ վիճակում:
16. Եթե կինը չափից դուրս ակտիվ է անկողնում, արդյո՞ք դա նշանակում է, որ նրա հետ երկարաժամկետ հարաբերություններ չի կարելի հաստատել:
Հնարավոր է նման ելք: Ամբողջովին քեզ ազատություն տալուց առաջ գոնե պետք է հասնել զուգընկերուհու կարգավիճակի:
17. Երբ ընկերս հրավիրում է ինձ իր ընկերների հետ մասնակցել որևէ խնջույքի, ինչպե՞ս պարզեմ՝ նա ուզո՞ւմ է, որ ես գնամ, թե՞ պարզապես քաղաքավարություն է անում:
Եթե նա օգտագործում է այնպիսի ձևակերպում, ինչպես օրինակ՝ «Կարող ես գալ, եթե ուզում ես», ուրեմն պարզապես քաղաքավարություն է անում:
18. Ինչպե՞ս անեմ, որ ամուսինս վերջապես անկողնուց հանի իր լափթոփը:
Ասա, որ միայն «լափթոփազերծ» ննջարանում ես պատրաստ սեքսով զբաղվել:
19. Ինչպե՞ս ասեմ, որ նա չափից դուրս շատ է մազերի գել օգտագործում:
Մի՛ ասա. փոխարենը` այն դեպքում, երբ նա գել չի օգտագործել, ասա, որ հրաշալի տեսք ունի:
20. Արդյոք տղամարդկանց կարծիքով նորմա՞լ է, թե՞ անտաշություն, երբ գղտում ես իրենց ներկայությամբ:
Մեծ մասը մտածում է, որ դա անտաշություն է, նույնիսկ եթե իրենք էլ են նույն կերպ վարվում:
21. Արդյո՞ք տղամարդկանց հետաքրքրությունը մարում է, երբ կինն է անում առաջին քայլը:
Հնարավոր է. քեզ գրավելու նրա ցանկությունը շատ ավելի մեծ կլինի, եթե նա ինքը ստիպված լինի քեզ իրոք «գրավել»:
22. Ինչո՞ւ տղամարդիկ սեքսի ժամանակ երբեք չեն շեղվում ուրիշ որևէ բանով:
Նրանք այնպես են կառուցված, որ կարող են կենտրոնանալ մեկ նպատակի վրա, ուստի չեն կարող մտածել առօրյա խնդիրների մասին և միաժամանակ ճախրել երկնքում:
23. Փոխհարաբերությունների ո՞ր կետում է պետք ասել, որ անցյալում դավաճանել եմ իրեն:
Դա անելը երբևէ անհրաժեշտ չէ և միայն կստիպի նրան մտահոգվել:
24. Ինչո՞ւ տղամարդիկ երբեք չեն նկատում նոր սանրվածքը:
Նրա ուշադրությունը սևեռված է ընդհանուր պատկերի վրա (թե որքան գրավիչ ես ամբողջությամբ), այլ ոչ թե` փոքր դետալների վրա, ինչպիսին քո նոր սանրվածքն է:
25. Այդ դեպքում ինչո՞ւ է նա նկատում, որ կրծկալիս ուսակապն աննշան թեքվել է:
Դա մարմնի այն մասն է, որ միշտ նրա դիտարկման տակ է:
26. Ինչո՞ւ է նա միտումնավոր երկարացնում մազերը, երբ ես խնդրում եմ իրեն կտրել դրանք:
Նա պարզապես ծուլանում է, բայց նաև զվարճալի է համարում քո ասածն անտեսելը և քեզ գրգռելը:
27. Ինչո՞ւ է ժամադրությունների ժամանակ նա գազանի պես ուտում:
Դրա պատճառը կարող են լինել նյարդերը, սակայն հիմնականում տղամարդիկ այնքան են տարվում ուտելով, որ կարող են մոռանալ բարեկիրթ ձևերի մասին:
28. Առաջին սեքսից հետո ի՞նչ է պատմում տղամարդն իր ընկերներին:
Եթե նրա և զուգընկերուհու հարաբերությունները կարճաժամկետ են և ոչ լուրջ, ապա՝ ամբողջը՝ գործողություն առ գործողություն: Եթե կինն իսկապես կարևոր է նրա համար, ապա հազիվ թե որևէ բան պատմի:
29. Իսկ ի՞նչ է պատմում ընկերներին սեքսուալ կյանքի մասին այն դեպքում, երբ որևէ կնոջ հետ որոշ ժամանակ հանդիպելուց հետո բաժանվել է:
Առավելագույնը՝ թեթևակի գլուխ կգովա: Ցանկացած հավելյալ մանրամասն կարող է շարժել նրանց ցանկությունը՝ նույնպես լինել այդ կնոջ հետ:
30. Ինչո՞ւ տղամարդիկ չեն սիրում պճնամոլ ու ցուցամոլ կանանց:
Պարզապես նա չգիտի, թե ինչ պետք է անի այդ ավելորդությունների հետ սեքսով զբաղվելիս:
31. Ես չեմ սիրում տանը ժամանակ անցկացնել, իսկ նա շատ մտերիմ է իր ընտանիքի հետ: Կարո՞ղ եմ ասել «ո՛չ», երբ նա ինձ հրավիրում է իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու:
Ո՛չ, դրանով կվիրավորես նրան: Եվ հետո՝ նրա ընտանիքի անդամները կարող են հաճելի մարդիկ լինել:
32. Ինչո՞ւ նա ինձ չի պաշտպանում, երբ իր ընկերներից որևէ մեկը կոպիտ է խոսում ինձ հետ:
Նա կգերադասի ավելի ուշ քեզ հետ առանձին վիճելու ռիսկը, քան կվիճի իր ընկերոջ հետ՝ ուրիշների աչքի առաջ:
33. Իմ զուգընկերը երբեք ինձ սփոփելու ցանկություն չի ունենում: Արժե՞ մտահոգվել:
Ո՛չ, դա նորմալ է, եթե իհարկե դու այդ մասին չես խնդրել նրան և նա մերժել է, ինչը կնշանակեր, որ նա անտարբեր է քո խնդիրների նկատմամբ:
34. Ի՞նչ է անցնում տղամարդու մտքով, երբ նա առաջին անգամ տեսնում է քեզ մերկ:
Բնականաբար, քեզ տիրելու ցանկություն:
35. Իմ տղամարդուն դուր է գալիս, երբ ես սեքսից հետո տանը քայլում եմ իր վերնաշապիկով: Ինչո՞ւ:
Դա նրա մոտ առաջացնում է զգացողություն, որ դու իսկապես «իր աղջիկն» ես:
36. Ինչո՞ւ է նա ձևացնում, թե ոչինչ չի պատահել, երբ նրա տրամադրությունն իրոք լուրջ փոփոխություն է կրել:
Նա պարզապես երկար խոսելու ցանկություն չունի:
37. Սովորաբար նա շփվող է, բայց իմ աշխատանքային ընկերների մոտ «փակվում» է: Ինչո՞ւ:
Կա՛մ նա քո աշխատանքային ընկերներին չի հավանում, կա՛մ էլ նրանց ներկայությամբ ամաչկոտ է դառնում:
38. Ինչո՞ւ տղամարդիկ չեն հիշում ծննդյան օրերը կամ տարբեր տարեդարձները:
Դե, ուղղակի նրանք դրանց այդքան էլ կարևորություն չեն տալիս:
39. Ես գիտեմ, որ սեքսի ժամանակ տղամարդիկ մտածում են այլ կանանց մասին: Ովքե՞ր են նրանց ֆանտազիաների «հերոսուհիները»:
Դա կարող է լինել ցանկացած մեկը, բայց հաճախ՝ հանրահայտ որևէ «աստղ» կամ նախկին կանանցից մեկը:

40. Երբ տղամարդն արդեն հասել է օրգազմի, իսկ նրա զուգընկերուհին՝ ոչ, ինչո՞ւ նա չի օգնում ընկերուհուն նույնպես օրգազմի հասնել:
Հուսախաբ անելու ռիսկ կա. գուցե նա չկարողանա կնոջն օրգազմի հասցնել:
41. Ինչո՞ւ է տղամարդկանց համար ավելի հեշտ քնել մեկի հետ՝ առանց զգացմունքային կապվածություն հաստատելու, քան կանանց:
Պատճառը կենսաբանական է: Օրգազմի ժամանակ կանանց օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին, ինչը մեծացնում է զգացմունքային կապվածություն զգալու հավանականությունը:
42. Տղամարդիկ կարծես թե շատ ավելի հաճախ են զգում «մենակ գիշերների» կարիք, քան կանայք: Ինչո՞ւ:
Քանի որ նրանք սովորաբար հակված չեն պարտավորվածության, դրանք օգնում են, որ տղամարդիկ իրենց ազատ զգան:
43. Ինչո՞ւ տղամարդիկ չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը մեծ կուրծք տեսնելիս:
Նրանք գերադասում են մի լավ տնտղել ու բռնվել այդ «գործի վրա», քան նրբանկատ լինել ու ոչինչ չտեսնել:
44. Տղամարդիկ ո՞ւմ են դիմում խորհրդի, երբ կնոջ հետ հարաբերություններում որևէ բան իրենց սրտով չի լինում:
Սովորաբար՝ ոչ ոքի: Իսկ եթե նրանք իսկապես կոտրված են, ապա կդիմեն իրենց ընկերոջ օգնությանը:
45. Ինչո՞ւ տղամարդիկ չեն տարբերում սեքսուալ հագուստը «թեթևաբարո» հագուստից:
Նրանք չափազանց զբաղված են քո կուրծքը, հետույքն ու ոտքերն ուսումնասիրելով, որպեսզի մտածեն այդ տարբերության մասին:
46. Իմ տղա ընկերներից մեկը վերջերս սկսեց ապրել իր զուգընկերուհու հետ, սակայն ասում է, որ չի պատկերացնում իրենց ամուսնացած: Ինչո՞ւ է նա այդպես վարվում:
Բազմաթիվ պատճառներով. գուցե աղջիկն է պնդել, որ միասին ապրեն, կամ էլ նա ցանկանում է նսեմացնել իր այդ կապը, քանի որ քեզնով է տարված:
47. Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ տղամարդը հաղթահարել է ծանր բաժանումը:
Եթե նա արդեն ի վիճակի է այդ մասին բաց խոսելու:
48. Նա ինձ այլևս ժամադրության չի հրավիրում: Ինչպե՞ս վերականգնեմ այդ սովորույթը:
Ինքդ հրավիրիր նրան ժամադրության. ասա, որ դիմավորի քեզ մի որևէ ռոմանտիկ վայրում:
49. Ի՞նչ կարող եմ ասել` նրա խանդը մեղմելու համար, երբ այլ տղամարդկանց միջավայրում ենք:
«Արի գնանք այստեղից. չեմ ուզում լինել այլ մարդկանց միջավայրում»:
50. Իմ սիրելին ասում է, որ ես պարզապես խանդում եմ, երբ ասում եմ, որ իր աղջիկ ընկերներից մեկը տարված է իրենով: Արդյո՞ք տղամարդիկ չեն կարող տարբերել անամոթ ֆլիրտը:
Նա նկատում է այդ ամենը, բայց հերքելով` ցանկանում է ազատվել քո ճնշումից, որովհետև ֆլիրտը շոյում է նրա ինքնասիրությունը:
51. Տղամարդիկ ասում են, որ իրենց դուր է գալիս, երբ շպարով չես, իսկ հետո, երբ շպարված ես լինում, հայտնում են իրենց հիացմունքը: Ինչպե՞ս հասկանալ:
Տղամարդկանց դուր է գալիս բնական make-up-ը. պարզապես նրանք չգիտեն, թե դա ինչպես բացատրեն:
52. Վերջերս ես իմ սիրած տղային շապիկ նվիրեցի, սակայն նա տարօրինակ կերպով արձագանքեց : Ինչո՞ւ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մեծամասնությունը ոչ թե շնորհակալ, այլ պարտավորված լինելու զգացում է ունենում, երբ դու նրան որևէ բան ես նվիրում:
53. Ինչո՞ւ են տղամարդիկ սովորաբար դժկամությամբ մասնակցում հարսանիքների, նույնիսկ եթե այնտեղ լավ ժամանակ են անցկացնում:
Նրանք չեն ցանկանում, որ քեզ մոտ որևէ նմանատիպ գաղափար ծնվի:
54. Ինչո՞ւ է իմ զուգընկերն ամեն անգամ «սառում», երբ ես փորձում եմ լուրջ խոսակցություն ունենալ նրա հետ:
Նա ենթադրում է, որ բոլոր լուրջ խոսակցություններն ի վերջո հանգեցնելու են դրամայի:
55. Եթե ես «յոլա» չեմ գնում իմ սիրելիի ընկերների հետ, արդյո՞ք նա կսկսի մտածել, որ մեր հարաբերություններն ապագա չունեն:
Ամեն դեպքում, դա լավ նշան չէ:
56. Երբ ես անկողնում նոր դիրք եմ փորձում, ինչպե՞ս կարող եմ հասկանալ՝ դա նրան դուր է գալիս, թե ոչ:
Եթե նա որսում է ռիթմը, ուրեմն դա նրա սրտով է, իսկ եթե դանդաղեցնում է տեմպը, ուրեմն չի հավանել:
57. Նա իմ ներկայությամբ լաց է լինում, երբ իսկապես հուսահատ է: Ի՞ նչ ռեակցիա է նա ակնկալում:
Որ կգրկես իրեն ու կլսես:
58. Ինչո՞ւ է տղամարդը ցանկանում շրջանցել սիրախաղը` միանգամից անցնելով բուն գործողությանը:
Նա սիրախաղի կարիք չունի՝ սեքսից հաճույք ստանալու համար և չի հասկացել (կամ էլ հոգը չէ), որ դո՛ւ դրա կարիքն ունես:
59. Ինչպե՞ս կարող եմ գրավել տղամարդու ուշադրությունն՝ առանց նրան ուղղակիորեն դիմելու:
Որսա նրա հայացքը և քո հայացքն էլ մի՛ փախցրու, ինչպես կանեիր անծանոթի դեպքում: Տղամարդկանց համար դա «կանաչ լույս» է նշանակում:
60. Իմ ամուսինը հրաժարվում է նոր ածելի գնել, սակայն ուրախանում է, երբ ես եմ գնում: Ինչո՞ւ նա ի՛նքը չի հոգում իր կարիքները:
Հավանաբար նա «մամայի բալա» է եղել և սիրում է, երբ իր մասին հոգ են տանում:
61. Ինչո՞ւ նա երբեք գիշերները վերմակի կարիք չի զգում, մինչդեռ ես ամբողջովին «փայտանում» եմ:
Չնայած տղամարդիկ և կանայք ունեն մարմնի միևնույն ջերմաստիճանը, սակայն կանայք ունեն մաշկի մակերեսի ավելի ցածր ջերմաստիճան, այդ պատճառով էլ նրանք ավելի շատ են մրսում:
62. Երբ նրա սիրելի թիմը պարտվում է, դա ողբերգություն է: Ինչպե՞ս մխիթարեմ:
Ասա ամեն ինչ, բայց չհամարձակվես ասել. «Մի՛ մտածիր, դա ընդամենը խաղ է». այս նախադասությունը կարող է նրան էլ ավելի զայրացնել:
63. Ինչո՞ւ է զուգընկերս ցանկանում զրուցել ինձ հետ, երբ ասելու ոչինչ չունի:
Նրան թվում է, թե դու իրենից նման բան ես ակնկալում, և չի ցանկանում հիասթափեցնել քեզ:
64. Ո՞րն է տղամարդու տրամադրությունը բարձրացնելու ամենալավ ուղին:
Գուցե նա չի ցանկանում, որ իր տրամադրությունը բարձրացնեն: Հարցրու, թե ինչ է կատարվում, ու եթե նա «չբացվի», մի՛ «խորացիր»:
65. Ինչպե՞ս հասկացնեմ նրան, որ կարող է քայլ անել:
Մտիր նուրբ ֆիզիկական կոնտակտի մեջ, օրինակ` դիպչիր արմունկով կամ հպվիր ոտքով:
66. Ինչո՞ւ նույնիսկ լուրջ տրամադրված տղաներն աղջիկ «կապելիս» օգտագործում են կոպիտ արտահայտություններ:
Դրանք երբեմն արդյունավետ են: Եվ հետո, եթե դու նրանց մերժես, կստացվի` դու «մերժում» ես այդ կոպիտ արտահայտությունը, այլ ոչ թե` իրենց:
67. Նա հեռու չէ ռոմանտիզմից, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է հոնքերը վեր բարձրացնում, երբ նույնը տեսնում է հեռուստատեսությամբ:
Դա նրան ստիպում է մտածել, որ այն, ինչ անում է, քիչ է, և դու իրենից կպահանջես ավելին:
68. Ի՞նչ են տղամարդիկ փնտրում, երբ «քրքրում» են Facebook-ի քո էջը:
Պարզապես ցանկանում են հավաստիանալ, որ քո կյանքում չկա ուրիշ մեկը... թեկուզ և վիրտուալ տարբերակով:
69. Ինչո՞ւ են տղամարդիկ մեզնից անընդհատ մերկ լուսանկարներ պահանջում: Մի՞թե պոռնոն դրա՛ համար չէ:
Այո՛, բայց երբ նկարում դո՛ւ ես, դա նույնն է, ասես նա մի անմեղ կնոջ կարողացել է իր անձնական պոռնո աստղը դարձնել:
70. Ինչպե՞ս բացատրել այն, որ նա ասում է, թե չի կարող երեկոյան ինձ հետ տեղ գնալ, բայց ամբողջ գիշեր sms-ներ է ուղարկում ինձ:
Նա երեկոն միասին անցկացնելու տրամադրություն չունի, բայց միևնույն ժամանակ ցանկանում է քեզ պահել իր հսկողության տակ:
71. Ինչո՞ւ է նա գերադասում ինձ 25 sms ուղարկել, այլ ոչ թե` երկու րոպե խոսել:
Որովհետև խոսելն ավելի մեծ ջանք է պահանջում, իսկ դու թույլ ես տալիս, որ նա միայն տեքստերով գլուխն ազատի: Մյուս անգամ պատասխանիր. «Զանգիր ինձ»:
72. Ի՞նչն է պատճառը, որ տղամարդիկ չեն սիրում երկարաժամկետ ծրագրեր կազմել (օրինակ՝ որտեղ անցկացնել արձակուրդը կամ ինչպես նշել տարեդարձը):
Նրանք պարզապես ցանկանում են ապահովագրել իրենց «Բայց դու ասել էիր, որ մենք կանենք այսինչը» նախադասությունը հետագայում լսելուց:
73. Ինչո՞ւ են տղամարդիկ վերածվում կատարյալ երեխաների, երբ հիվանդանում են, նույնիսկ եթե դա ընդամենն, ասենք, մրսածություն է:
Վերջերս անցկացված մի հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ երբեմն չափազանցնում են իրենց ախտանիշերը, որպեսզի ավելի մեծ կարեկցանքի արժանանան:
74. Ինչո՞ւ է տղամարդը գերադասում մնալ տանը և ղեկավարել իր ինտերնետային ֆուտբոլային թիմը՝ փոխանակ ժամադրության գնալու:
Նախ` դա ավելի էժան է, և հետո՝ որևէ մեկի հետ զրուցելու կարիք չկա:















































































