Տղամարդուն ուշադրությունն, անկասկած‚ անհրաժեշտ է, սակայն կան ուշադրության որոշակի դրսևորումներ, որոնք մեր սիրելիներին հասցնում են կատաղության: Նման «մեղա» իրավիճակներից հեռու մնալու համար առաջարկում ենք այն sms-ների շարքը, որոնք ոչ մի դեպքում չարժե գրել:
1. Տնօրենի մոտ խորհրդակցության եմ, երբ հանկարծ հեռախոսիս ձայնային ազդանշանը հուշում է հերթական հաղորդագրության մասին. "Inch es anum?": Սա լավագույն տարբերակն է. չէ՞ որ մի օր կարող եմ գտնվել ոչ թե տնօրենի մոտ, այլ, ասենք‚ մեկ այլ վայրում (ամեն մարդ էլ բնական կարիքներ ունենում է, չէ՞):
Արմեն, 28 տ.
2. Ինձ թվում է`բավական ճկուն միտք ունեմ, բայց երբ հեռախոսիս էկրանին կարդում եմ «Urish?» կամ նույն շարքի «Ba heto?» հաղորդագրությունը, շվարում եմ. չգիտեմ` ինչ պատասխանել, ասենք՝ կյանքի ունայնությա՞ն, թե՞ Երկիր մոլորակին օրեցօր մոտեցող երկնաքարի մասին :)
Գարիկ, 25 տ.
3. Ինձ սարսափելի նյարդայնացնում է «Օk» արտահայտությունը:
Կարեն, 20 տ.
4. Չեմ սիրում "Ur es?" հարցը: Սակայն սա դեռ ամենը չէ. երբ մեքենան վարելուն զուգահեռ ոչ այնքան հեշտությամբ պատասխանում եմ այս հարցին, 5 րոպե հետո հետևում է պատասխան «հարվածը»` "Ur hasar?": Դե‚ ակնկալվող պատասխանը թերևս հետևյալը պիտի լինի. «Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում՝ կարմիր լույսի տակ‚ 3-րդ շարքում‚ խցանման մեջ‚ անորոշ ժամանակով կանգնած եմ»։
Հրաչ, 27 տ.
5. "Erb es verjacnelu?" . հանգամանորեն գրում եմ` երբ եմ վերջացնելու, ինչու է այդպես ստացվել... Եվ, կրկին sms. "De chushanas!"
Արմեն, 30 տ.
6. "Ba um het es? Menak es, te...?" Ախր էդ իրեն հետաքրքրող «թե»-ն եթե լինի էլ, դժվար թե որևէ տղամարդ ասի այդ մասին:
Արթուր, 22 տ.
7. "Xentanum em, erb shurters hpvum en qez, isk dzerqers - zgum marmind... O, im... garejur"... ես էլ եմ խենթանում, բայց արդեն՝ զայրույթից:
Վահե, 24 տ.
8. Ինձ դուր չի գալիս "Inch ka-chka dzer koxmerum?" գլոբալ հարցադրումը. վատագույն դեպքում ինձ պատասխանատու եմ համարում խոսել Կովկասյան տարածաշրջանի, լավագույն դեպքում` Նոր Նորքի 3-րդ զանգվածի բոլոր զարգացումներից:
Զավեն, 19 տ.
9. "Mayisi 15-y DzIAH-ic mahacatsneri hishataki orn e. DzIAH-n aveli hesht e kankhel, qan buzhel. Imaceq avelin MIAV/DzIAH-i masin ev egheq pashtpanvac". եթե որևէ կազմակերպությունից նմանատիպ հաղորդագրություն ես ստացել, բոլորովին անհրաժեշտություն չկա այն ընկերոջդ ուղարկելու...
Հրանտ, 29 տ.
10. "Verjin sms-d inch er nshanakum?". ակամա ցանկություն է առաջանում պատասխանել. "karda, parz klini":
Սերգեյ, 21 տ.
Լուսանկարը ըստ Matthew Rodgers-ի













































































