Իհարկե, կարելի է առաջնորդվել այն սկզբունքով, որ սերն օրենքների կարիք չունի: Մինչդեռ իրականում սիրո մեջ օրենքներն ու սահմանափակումներն ավելի շատ են, քան անգամ ֆուտբոլում:

Ֆուտբոլում գոնե օրենքները գիտես հենց խաղի սկզբից, իսկ սիրո մեջ, որպես կանոն, դրանց գոյության մասին տեղեկանում ես միայն այդ օրենքները խախտելուց հետո: Օրինակ՝ գիշերվա կեսին մտնում ես անկողին` զգույշ ու կամացուկ, որպեսզի հանկարծ չխանգարես սիրելիիդ, և պատրաստվում ես քնելուց առաջ բերանդ քաղցրացնել շոկոլադով, երբ հանկարծ պարզում ես, որ գոյություն ունի ուշ գիշերով մահճակալում կոնֆետի թղթով աղմուկ հանելու դեմ օրենք: Իսկ երբ, օրինակ, Բուբլիկովը չինարեն էր սովորում, հայտնաբերեց, որ չի կարելի գիշերներն աուդիո-ուսուցչի հետևից կրկնել չինարեն բառերը: Այդ օրենքները հնարավոր չէ հասկանալ ինքնուրույն: Դա չինարենի պես բան է. կա՛մ գիտես, կա՛մ չգիտես:

Նույն կերպ սեփական փորձով համոզվում ես, որ այլ կանանց պետք է նայել միայն հեգնանքով ու տհաճությամբ, իսկ եթե ունես կամքի մեծ ուժ` առհասարակ չնայել: Եթե սիրած աղջիկը նոր սանրվածքով է, պետք է դա նկատել, եթե նա հոգնել է, օգնություն առաջարկել և, ի վերջո, ժամանակ առ ժամանակ ծաղիկներ նվիրել: Ծաղիկների պահը Բուբլիկովին առավել դժվար տրվեց: Նա սկզբունքորեն դեմ չէր այդ գաղափարին, սակայն կոնկրետ առիթով ծաղիկ նվիրելը համարում էր ծեծված ու անհետաքրքիր, իսկ առանց առիթի նվիրելու մասին, չգիտես ինչու, մոռանում էր:

Շատ կարևոր է նաև «բզեզի» օրենքը. երբ քեզ վրա «բռնանում են» անսպասելի ու վտանգավոր հարցով, պետք է անպատճառ «սատկած» ձևանալ: Օրինակ.

-Ես գիրացե՞լ եմ:

Լռություն...

-Այս զգեստն ինձ սազում է, այնպես չէ՞:

Լռություն...

-Ո՞ր լաքը քսեմ մատներիս` մանուշակագո՞ւյնը, թե՞... մանուշակագույնը:
Նման պահերին Բուբլիկովը «բզեզի պես» ընկնում է մեջքի վրա ու ձգում ոտքերը:

-Բոլոր համադասարանցիներս գիրացել ու տարիների հետ փոխվել են դեպի վատը, բացի ինձնից, չէ՞: Եթե քնելուց առաջ մի տուփ շոկոլադ ուտեմ, ոչ մի վատ բան չի պատահի, չէ՞: Էս մեր հարևանի երեխան շատ անդաստիարակ է, չէ՞: Կարո՞ղ ես կյանքումդ գոն մեկ անգամ ինձ չընդհատել:

«Ես ծառի ճյուղ եմ,- ինքն իրեն ծրագրավորում է նման պահերին Բուբլիկովը,- աննկատ ճյուղ»:

Մի շարք հարցերի նա սովորել է պատասխանել բացառապես «Այո՛, իհարկե» և «Իհարկե ո՛չ» արտահայտություններով` ընտրելով այնպիսի ելևէջներ, որ հնարավոր չլինի զգալ սարկազմի նշույլ անգամ: Այո՛, այո՛, անգամ «ճյուղիկը» կարող է սեփական կարծիք ունենալ:
-Ես գիրացե՞լ եմ:

-Իհարկե ո՛չ,- պատասխանում է Բուբլիկովն իր «մշակված» ձայնով:
-Այսինքն գիրացե՞լ եմ,- կրկնում է Մ.-ն:

Այստեղ Բուբլիկովը հասկանում է, որ սարկազմը թաքցնելու պահը դեռ այնքան էլ լավ չի ստացվում:

-Դե իհարկե ո՛չ,- կրկնում է նա ուրիշ` շատ ավելի համոզիչ տոնով:

Սակայն արդեն ուշ է. նույն հաջողությամբ Հիտլերը կարող էր ներողություն խնդրել հրեաներից պատերազմից հետո: «Ճյուղիկի» անհոգ օրերը մի վայրկյանում անհետանում են` տեղը զիջելով դառն իրականությանը:

-Ի՞նչ նկատի ունես,- հարցնում է Մ.-ն:

-Տե՛ս, ինչ տգեղ ու անհրապույր աղջիկ է անցնում փողոցով,- փորձում է զրույցի թեման փոխել Բուբլիկովը: «Տգեղ» աղջիկը մոդելի կազմվածքով շիկահեր է, սակայն անելանելի պահերին ընտրությունը մեծ չէ:

-Կարո՞ղ ես կյանքումդ գոնե մեկ անգամ ինձ չընդհատել,- վրդովվում է Մ.-ն:

-Այո՛, իհարկե,- Բուբլիկովը ազատվում է սարկազմի վերջին նշույլներից:

-Հանկարծ չկարծես, թե ես կմոռանամ, որ դու ինձ գեր անվանեցիր,- խիստ տոնով ասում է Մ.-ն:

Այստեղ Բուբլիկովը մտաբերում է ամենակարևոր օրենքը. կանայք ոչինչ չեն մոռանում, առավել ևս՝ այն, ինչ իրականում չի էլ եղել:

Լուսանկարը` ըստ HMI-ի