Ամենապատասխանատու պահին շուռ եկած սեղան, պատռված տաբատ, անսարք մեքենա... Երբեմն լինում են իրավիճակներ, երբ կարող է փրկել միայն լավատեսությունը:
Համեցե՜ք...
Ես ունեմ դասական սկեսուր. երբ մտնում է մեր բնակարան, առաջին հերթին ստուգում է պահարանում բաժակների դասավորությունը կամ սառնարանի պարունակությունը: Մի անգամ զանգահարեց և ասաց, որ գալիս է մեզ հյուր` թոռնիկին տեսության: Ես անմիջապես գործի անցա. կարգի բերեցի տունը, համեղ ուտեստներ պատրաստեցի, սեղան գցեցի ու գնացի խոհանոց` բաժակների հետևից: Հանկարծ սենյակից աղմուկ լսվեց: Ներս մտա ու... կորցրեցի խոսելուս ընդունակությունը. աղջիկս քաշել էր սփռոցն ու սեղանի ողջ պարունակությունը շուռ տվել հատակին: Կանգնած էի ապակեղենի փշուրների ու ընթրիքի մնացորդների մեջ և չգիտեի` ինչ անել: Դե իսկ սկեսրոջս համար այդ երեկո իսկական տոն էր:
Նանա, 27 տ.
Դեպի ծո՜վ...
Հարսնացուիս հետ պատրաստվում էինք իմ մեքենայով մեկնել ծով: Արձակուրդից առաջ մեքենաս շարքից դուրս եկավ. ինչ-որ բան այն չէր փոխանցման տուփի հետ: Ապահովության համար տարա ստուգման: Վարպետը վստահեցրեց, որ մեկ շաբաթ հետո ամեն ինչ կարգին կլինի, և կարող եմ մեկնել՝ ուր կամենամ: Մեքենան ստացա ոչ թե մեկ, այլ երկու շաբաթ անց։ Նոր էի ղեկին նստել, ծակվեց անիվը: Սկզբում շատ զայրացա, հետո որոշեցի, որ գուցե սա նախախնամության նշան է, և գնացքի տոմսեր գնեցի:
Ալեն, 28 տ.
Չստացված ժամադրություն
Դեռ ուսանողական տարիներից թաքուն սիրահարված էի մեր կուրսի Արմանին: Նա ինձ վրա երբեք ուշադրություն չէր դարձրել, իսկ վերջերս նորից հանդիպեցինք ինչ-որ միջոցառման ժամանակ, և նա ինձ ժամադրեց: Այդ հանդիպմանը պատրաստվեցի ամենայն մանրամասնությամբ. նոր զգեստ գնեցի, գեղեցիկ դիմահարդարում և սանրվածք արեցի: Շատ գոհ էի ինքս ինձնից և ամենակարևորը` հաղթական էի տրամադրված: Արդեն պատրաստվում էի տնից դուրս գալ, երբ հանկարծ զանգահարեց ղեկավարս և հանդիմանող տոնով պահանջեց ներկայանալ կարևոր գործնական հանդիպմանը, որի մասին հուզմունքի պատճառով բոլորովին մոռացել էի: Ստիպված էի զանգահարել Արմանին և հետաձգել մեր հանդիպումը: Նա ինձ այլևս չզանգահարեց: Իսկ այ սանրվածքի ու զգեստի շնորհիվ ես հիասքանչ տեսք ունեի գործնական ընթրիքի ժամանակ:
Ալինա, 25 տ.
Անհույս դեպք
Ես մշտապես ուշանում եմ: Երկար պայքարել եմ այդ վատ սովորության դեմ, սակայն` ապարդյուն: Վերջերս արթնացա սովորականից ավելի շուտ և նախաճաշեցի շատ արագ: Նայեցի ձեռքիս ժամացույցին ու հասկացա, որ կարողացել եմ ավելի կարճ ժամանակահատվածում պատրաստվել: Երբ հասա գրասենյակ, միջանցքներում մարդ չկար: Որոշեցի, որ այս անգամ ոչ միայն չեմ ուշացել, այլև տեղ եմ հասել ժամանակից շուտ: Ուրախացած նայեցի ժամացույցիս, որը, ի զարմանս ինձ, էլի նույն ժամն էր ցույց տալիս, որովհետև պարզապես կանգնել էր: Իսկ միջանցքներում դատարկություն էր, քանի որ բոլորը տնօրենի մոտ խորհրդակցության էին: Կարճ ասած՝ մարդիկ չեն փոխվում:
Արթուր, 26 տ.
Անախորժություն
Տղամարդիկ նույնպես ունենում են շոփինգային երազանքներ և բոլորովին պարտադիր չէ, որ դրանք կապված լինեն ավտոմեքենաների ու ժամանակակից գաջեթների հետ: Ինձ համար այդպիսի մի երազանք էր թանկ տաբատ գնելը: Այդ շրջանում ֆինանսական խնդիրներ ունեի, սակայն երբ աշխատավարձի հետ պարգևատրում էլ ստացա, որոշեցի վերջապես իրականացնել երազանքս: Գնացի խանութ, փորձեցի: Պարզվեց՝ իմ չափսը չկար. խանութում մնացել էր ընդամենը մեկ տաբատ` ավելի փոքր չափսի: Այնուամենայնիվ գնեցի, հենց տեղում կտրեցի պիտակը, հագա ու դուրս եկա խանութից: Երջանիկ քայլում էի փողոցով ու հիանում ինքս ինձնով, թեև ծախսել էի գրեթե ողջ պարգևատրումս: Հանկարծ մայթին մանրադրամ տեսա։ Մեքենայորեն կռացա` վերցնելու, ու... տաբատս հետևի մասից պատռվեց: Ստիպված եղա անմիջապես իմ նոր գնումը տանել դերձակի մոտ: Այդ դեպքից հետո աշխատում եմ անտարբեր մնալ փողոցում ընկած մանրադրամների հանդեպ:
Ալեքս, 24 տ.
Խոսում են կանայք
Նման վարքն առավել բնորոշ է աղջիկներին. գնել անհամապատասխան չափսի որևէ հագուստ կամ կոշիկ, իսկ հետո հպարտ քայլել` բոլորին ցուցադրելով այդ ձեռքբերումը: Պետք է խոստովանեմ, որ ինքս էլ բազմիցս հայտնվել եմ նմանատիպ իրավիճակներում:
Իրինա, 22 տ.
Լուսանկարը` ըստ HMI-ի













































































