Սկզբում նրանք երկար թռչում էին ինքնաթիռով, հետո սպասում էին լիցքավորմանը, հետո նորից թռչում: Երկու տարբեր օդանավակայաններում կանգառ անելուց հետո նրանք՝ հոգնած և ուժասպառ, վերջապես մուտք գործեցին «ամառ»:
Անկեղծ ասած, դժվարությունները սկսվեցին արդեն աշնանը, երբ Բուբլիկովը դեռ միայն պլանավորում էր ամանորյա հանգիստը: Ինչպես միշտ, պարզվեց, որ իր և Մ.-ի արձակուրդներն այնքան էլ չեն համընկնում, որ Ասիայի տարբերակը բացառվում է, և ավելի լավ կլինի մեկնել Եվրոպա, օրինակ` Իտալիա: Իսկ վերջում պարզվեց, որ առհասարակ ոչ մի տեղ մեկնել պետք չէ, քանի որ կատուն մենակ է...
Մոտ մեկ ամիս տևած անդադար քննարկումներից ու տարաձայնություններից հետո Բուբլիկովը մենակ գնաց և գնեց տոմսերը: Մ.-ն, ավանդույթին հետևելով, մի քիչ դժգոհեց, փքվեց, սակայն ավելի շուտ շնորհակալ էր, քան զայրացած: Հետո նա անցավ հյուրանոց փնտրելուն, իհարկե, ոչ թե պատվիրելու, այլ պարզապես մի փոքր էլ անհանգստանալու ու մտահոգվելու համար: Եվս մեկ ամիս վիճելուց հետո Բուբլիկովը լուռումունջ հյուրանոց ընտրեց ու համար պատվիրեց:
Իսկ հիմա նրանք արդեն հյուրանոցում են: Անցել էր ընդամենը երեք օր, սակայն տունը թվում է այնքան հեռու ու անպետք. փոխարենը՝ լողափ, հրաշք ծով ու հորիզոնի հետևում թաքնվող կարմիր արև, կախարդական տեսարան... Ի վերջո, ամեն մարդ վաղ թե ուշ գալիս է եզրակացության, որ այն ամենը, ինչ մինչ այդ կարևոր էր, իրականում նշանակություն չունի: Բուբլիկովն ընկավ մտորումների գիրկը. ո՞րն էր նրա գոյության իմաստը` կարիե՞րա, նոր նվաճումնե՞ր. չէ՞ որ մարդու համար ամենից թանկն ընտանիքն ու ընկերներն են: Հյուրանոցի վերելակում Բուբլիկովը հետաքրքիր բան էր նկատել. պատին` աչքի բարձրության վրա, տեղադրված էր հեռուստացույց, իսկ էկրանից նայում էր գեղեցկատես մի աղջիկ, որն իբրև թե գտնվում էր նույն վերելակում: «Երևի մտածել են միայնակ հաճախորդներին զբաղեցնելու մասին, որ չձանձրանան»,- եզրակացրել էր նա:
Իսկ Բուբլիկովն ամենևին չէր ուզում դառնալ այդպիսի միայնակ հաճախորդ:
Ինչ խոսք, Մ.-ի հետ համատեղ կյանքը մինչ այդ էլ վատը չէր. սակայն այն կարող էր երջանիկ ու լուսավոր կյանքի սկիզբ դառնալ: Այդ պահին Բուբլիկովին կրկին պատեց արդեն սովորական դարձած խուճապի զգացումը, որն առաջանում էր ամեն անգամ ամուսնության մասին մտածելիս: Սակայն նա չնահանջեց: Ա՛յ, օրինակ, ավազի հատիկն ընկնում է կակղամորթի մեջ և դառնում մարգարիտ: Դե իհարկե, ցանկալի է, որ իր և Մ.-ի համատեղ «մարգարիտը» հանկարծ աղջիկ չլինի: Որովհետև տգեղ աղջիկը վատ է, իսկ գեղեցիկ աղջիկն էլ ավելի վատ է. կհանդիպի մի ապուշի, հետո հղիություն, թոռներ և` վերջ, թակարդը փակվեց: Մյուս կողմից, եթե տղա լինի... խուլիգան, ծույլիկ, որն ի վերջո կտապալի ընդունելության քննությունները, իսկ հետո` բանակ, ամուսնություն, հղիություն, թոռներ և նորից` փակուղի:
Միևնույն է, անգամ այդ հեռանկարն ավելի ցանկալի էր, քան վերելակով միայնակ իջնելը: Եվ հետո, եթե ժամանակին ինչ-որ ամբիցիոզ սպերմատոզոիդից ստացվել էր Բուբլիկովի պես «հրաշք», ապա, ով գիտե, գուցե դա մեկ անգամ էլ կրկնվի՞:
Թերևս իր կյանքում առաջին անգամ Բուբլիկովը զգաց, որ պետք է որոշում կայացնի և իր վրա պատասխանատվություն վերցնի. պարզապես հասկացավ, որ այս կյանքում իրեն ինչ-որ բան պակասում է և ասաց.
-Արի՛ ամուսնանանք:
Այդ պահին նա պառկած էր փորի վրա և հենց խոսեց, բերանն անմիջապես լցվեց ավազահատիկներով: Նա սկսեց դուրս թքել ավազը և մի քանի վայրկյան անց հասկացավ, որ մինչ պայքարում էր «ապագա մարգարիտների» դեմ, Մ.-ն արդեն լողում էր ծովում:
Բուբլիկովը հետևում էր, թե ինչպես է արևն իջնում դեպի հորիզոնը, իսկ երկինքը նմանվում լոլիկով ձվածեղի: Նա խաղաղ էր ու տխուր, ասես՝ սերիալի հերոս լիներ. ֆիլմն արդեն ավարտվել էր, իսկ առջևում անորոշ, սակայն միանշանակորեն պայծառ ու լուսավոր ապագան էր: «Մնաս բարո՜վ, պատանեկությո՛ւն: Բարև՛, նո՛ր կյանք»,- շշնջաց ինքն իրեն արդեն պատկառելի տարիքի տղամարդը: Իսկ հետո դեռ երկար նայում էր ծովում լողացող Մ.-ին և պատկերացնում, թե որքան շատ փաստարկներ ու առարկություններ կունենա նա:
«Դե ի՛նչ արած,- մտածեց Բուբլիկովը,- այս ամիս մի կերպ կդիմանամ: Իսկ հետո մի բան կանենք»:
Լուսանկարը` ըստ HMI-ի












































































