Երբ տղան սկսում է իրեն հեռացնել քեզանից, նրան hետ բերելու ամենախելամիտ քայլը մի փոքր հեռու մղելն է: Մենք կբացատրենք, թե ինչու... և նաև ինչպես կարող ես կիրառել այս մարտավարությունը՝ նրան ընդմիշտ կողքիդ պահելու համար:

Ըստ Ռոբին Հիլմանթելի

Նա կարծես գոլորշիացել է, չկա... Երկու անգամ հաղորդագրություն ուղարկիր` նրան իրականություն վերադարձնելու համար, բայց հետո չմոռանաս բջջայինդ մի ամբողջ օր տանը թողնել: Երբ վերադառնաս, կգտնես ոչ թե մեկ, այլ մի քանի պատասխան հաղորդագրություն: Սա հենց այն պարզ երևույթն է, որ կոչում ենք էլաստիկ ժապավենի էֆեկտ:

Հիմնական գաղափարը հետևյալն է. պատկերացրու` դու և ընկերդ կապված եք մի հսկա էլաստիկ ժապավենով: Ամեն անգամ, երբ նա հեռու է գնում, հակազդելու լավագույն քայլն այն է, որ ինքդ էլ մի փոքր հետ քաշվես: Նման քայլից այդ երևակայական ժապավենն ավելի կձգվի... ու հանկարծ դիմացինդ կզգա քեզ մոտ վերադառնալու անհրաժեշտություն:

Գուցե սա խորամանկ կամ կեղծավոր քայլ թվա, բայց իրականում այդպես չէ. դու ուղղակի հասկանում և համապատասխան արձագանք ես տալիս քո տղամարդու պահանջին: «Տղամարդկանց համար ռոմանտիկ հետաքրքրությունն իրականում բաժանված լինելիս է ի հայտ գալիս,- ասում է հոգեբան Դենիս Բադըն Փոթսը:

- Եթե անընդհատ մեկի կողքին ես, նրա հանդեպ հետաքրքրությունն ու կիրքը մարում են: Հեռավորությո՞ւն է ուզում (գիտակցաբար կամ ենթագիտակցաբար), ընձեռիր նրան այդ հնարավորությունը։ Դրանից հետո նրա մեջ կրկին հետաքրքրություն կարթնանա:

Էլաստիկ ժապավենի էֆեկտը գործի դնելը հենց հետ քաշվելու մեջ է: Իսկ դա անելու համար պետք է անտեսես հիմնական բնազդդ: «Երբ կինը զգում է, որ տղամարդը քիչ-քիչ հեռանում է, բնազդաբար սկսում է փորփրել` հասկանալու, թե ինչ է կատարվում նրա մտքում, ինչն էլ ավելի է հեռացնում սիրելիին»,- ասում է Բադըն Փոթսը:

Փոխարենը` փորձիր գրկաբաց ընդունել նրա ցանկությունը, ավելին՝ ավելի շատ ժամանակ տուր, քան ինքն է ուզում: «Մեր օրերում մարդիկ բաժանումը դիտում են որպես սպառնալիք հարաբերությունների շարունակմանը,- ասում է հոգեբան, «Սիրո բացահայտված գաղտնիքները» գրքի հեղինակ Ալեն Բերգերը: - Բայց սա ճիշտ չէ: Դա ցանկացած առողջ հարաբերության անհրաժեշտ մասն է»:

Այսպիսով՝ դու կարող ես օգտագործել էլաստիկ ժապավենի էֆեկտը՝ ձեր հարաբերությունների յուրաքանչյուր փուլում նրա մեջ կրակը վառ պահելու համար:

1-ին փուլ. ընդամենը 5 րոպե է, որ ծանոթացել ես նրա հետ

Ենթադրենք` մի խնջույքի ժամանակ հաճելի արտաքինով տղայի ես հանդիպել: Կատակում եք, զրուցում, մեկ էլ հանկարծ նկատում ես, որ պատրաստվում է դուրս գալ պատշգամբ` մի հին ծանոթի ողջունելու: Ա՛յ հիմա հնարավորություն ունես օգտագործելու էլաստիկ ժապավենի էֆեկտը` նրան թակարդդ գցելու...: Մինչ նա կհասցնի ներողություն խնդրել և հեռանալ, ասա. «Մի քանի րոպեով ընկերներիս մոտ գնամ»... և գնա։ Հետո նա արդեն ինքը կգա քո հետևից...

2-րդ փուլ. արդեն մի քանի ամիս է` հանդիպում եք

Ըստ փորձագետների` սա այն փուլն է, երբ էլաստիկ ժապավենի էֆեկտը հատկապես կարող է վճռորոշ լինել: «Հարաբերություններն այնպիսի կետի վրա են, որ հնարավոր է զարգանան կամ դադարեն»,- ասում է Բադըն Փոթսը: Երկուսդ էլ փորձում եք որոշել` արդյո՞ք դիմացինն արժանի զուգընկեր կամ զուգընկերուհի է, կամ պատրաստ եք արդյո՞ք արդեն իսկ նման «պիտակ» կրել: Տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են մոտենում այս ընթացքին:

«Տղամարդիկ ժամանակավոր դադար են ցանկանում՝ հասկանալու` արդյո՞ք ուզում են, որ իրենց կողքին մշտական կին լինի, մինչդեռ կանայք փորձում են որպես զույգ միասին ավելի շատ ժամանակ անցկացնել` հասկանալու, թե արդյո՞ք լավ են զգում տվյալ տղամարդու կողքին»,- ասում է Բադըն Փոթսը:

Մինչ դու պլանավորում ես միասին անցկացնել հանգստյան օրերը, նա, ամենայն հավանականությամբ, ցանկանում է ընկերների հետ որևէ տեղ գնալ: Եթե զրկես նրան այդ հնարավորությունից, իրեն վանդակում կզգա, ինչն արդեն հետդարձ կարող է նշանակել:

«Սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար տղամարդուն ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանա, թե որքան երջանիկ է քեզ նման կնոջ կողքին»,- ասում է մարդկային հարաբերությունների փորձագետ Դանիել Էլենբերգը: Ուրեմն վեր կաց ու ընկերներիդ հետ որևէ տեղ գնա հանգստյան օրերին: Ապա այդ ուրախ պահերից մի նկար ուղարկիր, հետո էլ շեշտիր, որ ընթացքում էլի կուղարկես: Այս քայլով նրան կհասկացնես, որ դեռ հետաքրքրված ես իրենով, բայց նաև քո սեփական կյանքն ունես:

Իսկ եթե ուզում է քո կյանքի մասը դառնալ, պետք է կողքիդ մնա. հակառակ դեպքում` իրեն կթողնես կյանքիդ «նախորդ էջում»: «Իսկ երբ սկսի հետդ համատեղ կյանք վարել, արդեն վստահ կլինես, որ դա ուզում է ոչ թե այն պատճառով, որ պարտավորված է զգում իրեն, այլ այն պատճառով, որ պատրաստ է դրան»,- բացատրում է Էլենբերգը և հավելում. «Այդ զգացողությունը վստահություն է ստեղծում հարաբերություններում` ուղի հարթելով դրանց զարգացման համար»:

3-րդ փուլ. երկար ու ձիգ տարիներ

Մի քանի ամիս կամ տարի միասին լինելուց հետո ձեր կյանքն ընթանում է սովորական հունով: Եվ երբ տղամարդը սկսում է իրեն հեռու պահել (նույնիսկ ոչ ակնհայտորեն, օրինակ` ընթրիքի շուրջ հետդ զրուցելու փոխարեն նախընտրում է հեռուստացույցի դիմաց ծամել), միանգամից սկսում ես անհանգստանալ, որ ինչ-որ բան այն չէ: Բայց դա չի նշանակում, որ սիրելի անձնավորությունն ուզում է ընդմիշտ հրաժարվել քեզ հետ հարաբերություններից:

Իրականում նման պահվածքը նորմալ է, ավելին` շատ բնորոշ է մարդ արարածին: «Նա բնազդաբար դեռ կարիք կունենա արժանանալու քո ուշադրությանը, ինչպես սկզբում էր»,- ասում է էվոլյուցիոն կենսաբան Շարոն Մոալեմը` «Ինչպես է սեքսն օգնում» գրքի հեղինակը: Պարզապես միշտ իր կողքին լինելու պարագայում տղամարդը քեզ սիրահետելու անհրաժեշտություն չի զգում:

Ո՞րն է այս փուլում էլաստիկ ժապավենի էֆեկտի օգտագործման լավագույն ձևը: Հետևիր նրա գործողություններին: Եթե ամեն երեկո աշխատանքի մեջ է խորասուզվում կամ հանգստյան օրերին տարվում է համակարգչային հիմար խաղերով, դու էլ նրա նման ուրիշ, քեզ հարազատ զբաղմունք գտիր, լինի դա որևէ նոր ֆիլմ դիտելը, թե ընկերուհիների հետ շաղակրատելը: «Հենց ուշադրությունդ կենտրոնացնես այլ երևույթների վրա, նա նորից քո սիրտը շահելու հնարավորություն կփնտրի»,- ասում է բժիշկ Մոալեմը:

Ինչպես օգտագործեցի էլաստիկ ժապավենի էֆեկտը

«Նկատել էի, որ տղան, որին հավանում էի, միշտ սպասում էր, որ առաջինը ես իրեն գրեմ: Դրա համար էլ սկսեցի նամակներից ընդամենը մեկին կամ երկուսին պատասխանել, իսկ հետո լուռ մնալ: Հիմա ինքն է պնդում, որ խոսենք, նույնիսկ չաչանակություն անենք, անգամ զանգում է ինձ»:

Նարե, 21 տ.

«Ընկերս գիտեր, որ ուզում եմ նրա հետ քաղաքից դուրս գնալ, բայց ամեն անգամ, երբ խոսք էի բացում, փոխում էր թեման: Հասկացա, որ շատ եմ հրահրում, դրա համար էլ որոշեցի նրան հանգիստ թողնել և միանալ ընկերներիս: Մեկ ամիս անց նա կազմակերպեց փոքրիկ ճամփորդություն ՝ միայն երկուսիս համար:

Լուիզա, 26 տ.

«Իմ ներկայիս ընկերը մի քանի շաբաթ շփվելուց հետո սկսեց խուսափել ժամադրություններից: Որքան էլ փորձեցի պարզել պատճառը, չկարողացա: Ուղղակի հետ քաշվեցի ու սկսեցի այլ հետաքրքրությունների վրա կենտրոնանալ: Մի քանի ամիս անց նա խոստովանեց, որ իրեն անհրաժեշտ էր այդ ժամանակահատվածը` հասկանալու, որ սիրում է ինձ»:

Հասմիկ, 31 տ.

«Ամուսնուս աշխատանքն այնպիսին է, որ անընդհատ տարբեր նախագծերի մեջ է խորասուզված: Սկզբում բողոքում էի, որ անտեսում է ինձ, ինչը նրան հունից հանում էր: Հիմա օգտվում եմ այդ ժամանակից ու սիրած գործերով եմ զբաղվում` յոգայի եմ գնում, գրքիս վրա եմ աշխատում: Մի քանի օրից կխնդրի, որ նորից կողքին լինեմ»:

Մերի, 29 տ.

Լուսանկարները` ըստ HMI